Բլդուղ կամ օրենքներ գավառական գերագույնի հագով

Արթուր Հայրապետյան Փետրվար 15, 2021

Բլդուղ կամ օրենքներ գավառական գերագույնի հագով


Ս.թ. փետրվարի 4-ին ԿԳՄՍ նախարարը մի փաստ արձանագրեց. «Այն աղմուկը, որ կար, հիմա չկա»: Անշուշտ, արդեն համոզվել ենք, որ պ. Դումանյանը մեր անկեղծ պաշտոնյաներից մեկն է, եթե չասենք՝ ամենաանկեղծն է:

Ուրեմն կառավարությունում հաստատեցին կրթության աղմկահարույց չափորոշիչները անաղմուկ պայմաններում: Իսկ ինչո՞ւ աղմուկ չկա, ինչո՞ւ են հիմա մեկը մյուսի հետևից օրենքներ և որոշումներ ընդունում, որոնք, համոզված ենք, նախապատերազմական շրջանում մեր հանրության ակտիվ հատվածի արձագանքից զերծ չէին մնա: Պատասխանն ակնհայտ է. աղմուկ չկա, որովհետև ազգակործան պատերազմից հետո հասարակությունն ուշքի չի գալիս, չի տեսնում ստեղծված վիճակից դուրս գալու ելքը, իսկ քաղաքական ուժերին հետաքրքրում է իշխանության խնդիրը, այն էլ՝ ինքնանպատակ, որովհետև քաղաքական աղմկող ուժերից ոչ մեկը պետականությունը փրկելու իրատեսական լուծումներ չունի: Բնական է, որ մարդկանց մի փոքր հատվածի կարող են հուզել այնպիսի մանր-մունր խնդիրներ, ինչպիսիք են արդարադատությունը, կրթությունը և խոսքի ազատությունը: 

Եվ ահա այս պայմաններում արդարադատությանը, կրթությանը և խոսքի ազատությանը հարված է հասցնում այն իշխանությունը, որի գործունեության կամ անգործության պատճառով զոհվել, հաշմանդամ են դարձել հազարավոր երիտասարդներ, կորցրել ենք տարածքներ, զիջում ենք պետության ինքնիշխանությունը: Կարծում ենք՝ մտածող որևէ անհատ չի կասկածում, որ ԱԺ մեծամասնությունը հիմա մտահոգված է միայն սեփական ճակատագրով: Խորհրդարանական ընդդիմությունը այս օրենքների դեմն առնելու ո՛չ մտավոր, ո՛ չ ֆիզիկական ներուժ չունի, հետևաբար դրանք ընդունվելու են: Ըստ Սահմանադրության՝ իմքայլականների բռնապետական հակումներին կարող է դիմադրել հանրապետության նախագահը, բայց արդյո՞ք կընդդիմանա, թե՞ սուսուփուս կստորագրի ապագա բռնապետի իշանությունն ամրապնդող օրենքները: 

 

Իսկ հիմա պարզաբանենք, թե արդարադատությանը, կրթությանը և խոսքի ազատությանը վերաբերող օրենքներն ինչով են նպաստելու այս կամ այն առաջնորդի բռնապետական հակումներին:

1. Սկսենք արդարադատությունից: Հիշո՞ւմ եք՝ 2018 թ. իշխնափոխությունից հետո ինչպես էր փոխվում արդարադատության մեր համակարգը: Դանդաղ, վախվորած քայլեր էին, որոնք ուղեկցվում էին անասելի աղմուկով: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ խնդիրը ոչ թե արդարադատությունն էր, այլ իշխանության ամբողջական յուրացումը: Եվ հիմա, օգտագործելով կոռուպցիայի դեմ պայքարելու գաղափարը, կառավարությունը, ԱԺ-ն լծվել են հակակոռուպցիոն դատարանի ստեղծման գործին, որպեսզի ունենան սեփական դատավորների շարասյուն: Ի դեպ, հակակոռուպցիոն այսպիսի դատարանը գործիք է դառնալու իշխանության առաջին դեմքի ձեռքին, ով էլ նա լինի: Հայաստանի տիպի երկրներում այդ գործիքն աշխատելու է անցանկալի բիզնեսմենների դեմ: Կարծում ենք, որ արդարություն հաստատելու ամբոխահաճ կարգախոսների ներքո տեղի է ունենալու ունեցվածքի վերաբաշխում:

2. Բարձրագույն կրթությանը վերաբերող օրենքի շուրջ դեռ 2019-ին մեծ աղմուկ բարձրացավ: Բողոքում էին հատկապես հայագետները, որովհետև օրենքից հանվում էր հայոց պատմության, հայ գրականության և հայոց լեզվի պարտադիր ուսուցման կետը: Սակայն կրթության մասնագետների, բուհական դասախոսների աչքից չէին վրիպել նաև այն կետերը, որոնցով սահմանափակվում էր բուհական ինքնավարությունը: Իսկ հիմա՝ պատերազմից հետո, աղմուկ չկա: Հանգիստ կարելի է ընդունել իրավականորեն խնդրահարույց օրենքը և ունենալ բուհերի ձեռնասուն ղեկավարներ: Ընդգծենք, որ իշխանությանը հլու-հնազանդ համալսարանները ձեռնտու են միայն բռնապետությանը:

3. Զրպարտության համար խստացվող պատիժները վերաբերում են մամուլին, այսինքն՝ խոսքի ազատությանը: Անշուշտ, այստեղ բազում խնդիրներ կան, սակայն ԱԺ բերված օրենքի նախագծի միակ նպատակը իշխանությունը լրատվամիջոցներից փրկելն է: 

Բնականաբար, հասարակության անտարբերության պայմաններում մեր ԱԺ-ն կարող էր օրենք ընդունել նաև ցմահ մահապատժի մասին (Աբսուրդի հեղինակային իրավունքը Գալուստ Սահակյանինն է:)

Երևում է՝ այս իշխանությունը կա՛մ որոշել է հավերժացնել իր գոյությունը՝ հաստատելով Ն. Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ չի պատկերացնում, թե ինչ զենք է տալիս հաջորդ իշխանությանը՝ առաջին հերթին հենց իր դեմ:

Զարուհի Գաբրիելյան

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024