Ծանրագույն տարի է լինելու

Արթուր Հայրապետյան Փետրվար 07, 2021

ԱՂԵՏԻ ԳՈՏԻ

Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը 2021 թվականին, հնարավո՞ր է երկնիշ տնտեսական աճ, արդյոք ներդրումներ կլինե՞ն:

Այս և այլ հարցերի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

 

- Պարոն Մարգարյան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ այս տարի երկնիշ տնտեսական աճն իր թիրախում է: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է երկնիշ տնտեսական աճ ունենանք:

- Ինչպես ասում են՝ նախարարը պետք է լավատես լինի, այն իր կարգավիճակից է բխում: Նման հայտարարությունները նորմալ են, կարող է ասել՝ եռանիշ աճ: Բայց, չէ՞ որ այս տարվա համար կա բյուջետային կանխատեսում՝ 3,2 տոկոս: Կամ այս կանխատեսումը պետք է փոխել, կամ՝ նախարարին: Բյուջեի բոլոր կանխատեսումները՝ եկամտային ծախսերը, հիմնված են շատ համեստ ցուցանիշի վրա: Եվ նման հայտարարություն անելը պետք է հիմնավորված լինի: Իսկ այդ հիմնավորումներն առաջին հերթին ստեղծված են բյուջետային կանխատեսումների և արձանագրված թվերի վրա: Հետևաբար, այդպիսի հայտարարություն անելը քաղաքական միավոր հավաքելու տիրույթից է, միամիտների համար է: Իսկ մասնագետների համար նման հայտարարություններն ուղղակի ժպիտ են առաջացնում:

- Իսկ ի՞նչ է այս տարի սպասվում Հայաստանի տնտեսությանը:

- Հարկավոր է իրատես լինել: Ի՞նչ է տեղի ունեցել. տեղի է ունեցել աղետ՝ փլուզում: Դա նույնիսկ չի կարելի ճգնաժամ անվանել: Եղել է պատերազմ, դրան համահավասար եղել է նաև ցնցում՝ համավարակի տեսքով: Տեղի է ունեցել ահռելի մարդկային, նյութական, ֆինանսական մեծագույն կարուստ: Երկրի պետական պարտքն աճել է: Մենք տեսնում ենք, որ ով փող է տալիս, կառավարությունն այն վերցնում է: Եթե դու պարտք ես վերցրել և դրանով ես ապրում, պարտատերերը հետևում են քեզ և ստիպում են, որ դու մնաս այդ պարտքի և նրանց սպասարկման տրամաբանության մեջ: Եթե դու բանկից պարտք ես վերցրել, և, եթե մեկ օր էլ ուշացնում ես, այդ պարտքին ավելանում է տույժ ու տուգանք: Այսինքն՝ այս իրողությունն անտեսել և նման հայտարարություններ անել, ուղղակի ոչ սթափ տրամաբանության դաշտից է:

Հետևաբար, տարին բոլոր առումներով լինելու է ծանրագույն: Նախ, անհրաժեշտ է անվտանգության պաշտպանության համար ձևավորել ռազմատեխնիկական բազա՝ նկատի ունեմ պաշտպանական կոմունիկացիաները, սահմանային նոր ձևավորված շղթաների պաշտպանությունը: Սրանք ահռելի ծախսեր են: Ի՞նչ գին ունեն: Երբ հաստատվում էր այս տարվա բյուջեն, այս մասին նույնիսկ չի էլ խոսվել: Հարկավոր էր սեղմել արգելակները, վերանայել պետական բյուջեն՝ հաշվի առնելով ֆորսմաժորային իրավիճակները: Սակայն, ոչինչ չի արվել: Կառավարության համար կարծես ոչինչ չի էլ եղել: Սակայն գոյություն ունի իրականություն: Մենք տեսնում ենք, թե մարդիկ ինչ վիճակում են հարավային սահմանագոտում: Պարզ չէ նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանային իրավիճակը: Եվ այն տեխնիկական համակարգերը, որոնք պատերազմի ընթացքում կորսվել են, այդ թվում՝ բանակի սպառազինության զինանոցները, պետք է համալրվեն: Սա ևս երկրորդ հարցն է: Այդ ծախսերը պետք է կատարվեն պետական բյուջեից: Կառավարությունը պետք է գնահատի կորուստները և դրանց փոխհատուցման աղբյուրներ ստեղծի: Ընթացիկ ծախսերը սոցիալական են, որոնք հավելյալ բեռ են դառնալու:

Այստեղ էլ, ինչպես ասում են, ողջամիտ գնահատականներ չենք տեսնում: Խոսքը վերաբերում է փախստականներին, նրանց համար կացարաններ և ապրելու բնականոն պայմաններ ստեղծելու խնդիրներին: Ինչպե՞ս են լուծվելու այս խնդիրները: Սա ոչ միայն տնտեսական, այլև սոցիալ-քաղաքական հարց է: Հադրութի, Շուշիի և մյուս շրջաններից Հայաստան գաղթած բնակիչների այլընտրանքը երկրից արտագաղթելն է: Իսկ դա կարող է արդեն ծանր, սոցիալ-ժողովրդագրական հետևանք ունենալ: Ես մի քանի հենասյուն նշեցի, որոնք երկնիշ աճի հիմք չեն տալիս: Շատ բարդ իրավիճակ է և պետք է իրատես լինել:

- Ներքաղաքական անկայուն և հետպատերազմական նման իրավիճակում ներդրումներ կարո՞ղ ենք սպասել:

- Ընդհանրապես, մենք շատ պարզագույն պատկերացումներ ունենք ներդրումների մասին: Հարցը քաղաքականության և քաղաքական մեկնաբանությունների դաշտից այն կողմ չի անցնում: Մեզ թվում է՝ ինչ-որ բարի քեռի փողի պարկ պետք է բերի և այստեղ ներդրումներ արվեն՝ աշխատատեղեր ստեղծվեն, տնտեսությունների եկամուտներն ավելանան, բյուջեն լցվի: Բայց այդպես չի լինում: Դու պետք է նաև վստահության հիմք ստեղծող ռազմավարական ծրագիր ունենաս: Այսինքն՝ ցածր ռիսկերի միջավայր պետք է ստեղծել:

Ներդրումների գլխավոր գործոնը ռիսկերն են՝ ռազմաքաղաքական, տարածաշրջանային և ներքաղաքական: Արդյոք այդ ռիսկերը ցածր մակարդակի վրա՞ են: Իհարկե՝ ոչ: Մենք տեսնում ենք, որ կառավարության պահվածքն ուղղակի համարժեք չէ: Հանրային գերբարձր մակարդակի պահանջ կա՝ վերանայելու քաղաքական պատասխանատվության համակարգը և անցկացնել արտահերթ ընտրություն՝ ձևավորելով նաև կառավարություն: Թիվ մեկ հարցն է: Ներդրողները նայում են դրան: Եվ ռիսկեր պարունակող միջավայրում ներդրումներ կատարելը ուղղակի միամտության դաշտից է: Մենք կարող ենք թղթի վրա նկարել ինչ-որ նախագծեր և քայլեր անել:

Ներդրումների համար երկրորդ գործոնը մակրոտնտեսական ռիսկերն են: Բյուջեի պակասուրդն արդեն անցել է կայունության սահմանները: Կայունության սահմանը 3 տոկոս է: Պատերազմի և համավարակի պատճառով կարմիր գիծը հատել է: Այն, որ վերջին 2,5 տարվա ընթացքում պետական պարտքն ավելացել է մոտ 1 մլրդ 800 մլն դոլարով, խոսում է հենց այս հանգամանքի մասին: Մյուս ռիսկը պանդեմիան է: Ինչի վրա էլ հիմնված է այդ լավատեսությունը: Հիշում եք՝ ժամանակին օղիով և «պինցետով» վիրուսի դեմ պայքարելու անեկդոտային մտայնություններն ինչ եղան: Մեծ կորուստներ ունեցանք:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզը, նշել է, որ պետք է տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք և լուծենք: Մի փոքր բացենք փակագծերը: Ձեր կարծիքով՝ տնտեսական նոր խնդիրները որո՞նք պետք է լինեն:

- Գլխավոր խնդիրը վարչապետն արդեն ձևակերպել է: Հարկավոր է այդ խնդիրները լուծել և հաշվետվություն ներկայացնել: Հիշում եք՝ խոսում էր տասնյակ միլիարդավոր թալանված ակտիվների վերադարձի մասին՝ նշելով, որ կոպեկ առ կոպեկ, հետ է վերցնելու: Լուծե՞լ է այդ խնդիրը: Չի լուծել: Բարի լինի, այդ խնդիրը գոնե 15-20 տոկոսով լուծել: Բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ նաև ես, ասել ենք, թե ինչպես պետք է այն լուծել: Բռնել-բաց թողնելով չէ, այլ պետք է համաներումների փորձ կիրառել: Նրանց ունեցվածքի մոտ 20-30 տոկոսը հայտարարել որպես ապօրինի ակտիվ: Նրանց սեփականատերերին առաջարկել վերադարձնել պետությանը, իսկ մնացածը համաներել՝ թույլ տալով կապիտալն աշխատեցնել ի շահ երկրի տնտեսության: Այն մարդիկ, որոնք տասնամյակների ընթացքում կուտակել են տարատեսակ անօրինական միջոցներ, պետք է այդ ակտիվները համարձակորեն օգտագործեին և ներդնեին տնտեսության մեջ՝ ստեղծելով աշխատատեղեր: Դա չի արվել: Երկրորդ խնդիրը պետք է տնտեսական քաղաքականության համար գործիքակազմ ստեղծվեր և տնտեսությունը դնեին բարձր տեխնոլոգիական հիմքի վրա, դա ևս չի արվել: Այս և նախորդ կառավարությունները չհասկացան, որ պետք է հայտարարվեր SOS ռեժիմ և ամբողջ համակարգերը վերակարգավորել: Վարչապետը լավ կլինի խնդիրների վերացական ձևակերպման փոխարեն խոսի հասցեական: Եթե դու բարենպաստ միջավայր և գործիքակազմ ստեղծես, այդ ժամանակ ներդրողները և տնտեսություններն իրենց խնդիրը կձևակերպեն: Այդ օրակարգը պետք է անել ռազմավարական ծրագրերով, ոչ թե հիպոթետիկ հայտարարություններով:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021


 

Կիսվել