Չես էլ ամաչում, ամաչելու համար էլ ես պուճուր

Արթուր Հայրապետյան Օգոստոս 06, 2021

Ասում է` սիրում եմ, ու՞մն ես սիրում, ինչի՞ համար ես սիրում: Քեզ ամեն օր մի-մի խեղճություն անել են սովորեցնում, դու էլ, թե խեղճություն չի, հպարտություն է: Անունն ինչ ուզում ես դիր, էն, որ ծառայում ես քեզ կես բաժակ ջուր տվողին, ով քեզ ամեն օր էն կիսատ բաժակ ջրով թունավորում է, դու էլ ազատության քողի տակ մորթվում, գլուխդ դեմ տալիս, թե մորթեք, խղճացող չի լինելու, չեն խղճալու: Ընտրությունը քոնն է` խեղճություն... Էն, որ ամեն օր քեզ ասում են կռացիր, ինչի՞ համար ես լռում, անբան, անգործունյա, քեզ բերող, մարդ դարձնող մարդու աչքերի մեջ նայելուց չես ամաչում: Քաղաքի փողոցները չափչփելով, գետնին թքելով, մարդկանց մի-մի տուկի թել բաժանելով, հետն էլ, թե ձեզ տուկի թելերից կախ տվեք` մեռեք... գլխակե'ր... էդ է՞ քո մարդասիրությունը, թե էն, որ խարույկի մեջ առած տերևները վառելու փոխարեն մարդ ես խորովում, ուտում, անունն էլ, թե մադասեր եմ: Ես ի՞նչ կարող եմ անել, ոչ Աստված եմ, ոչ էլ գալու եմ ձեզ փրկելու: Խեղճության դեմ, ոչ մեկ, ոչինչ չի ստացել, ավելին` սպանել են, տարել մի անկյունում գցել են, հող էլ չի գտնվել, որ մարմինը ծածկի, ողորմի տվող էլ չի եղել: Ծախել ու անարգել ես, կեղծել, սուտ խոսել, տեսնողը` տեսել է, ասել է մարդ եղի'ր, նայել ես մարդու աչքերին ու կրկին ստել, թե ես մարդ եմ, դո՞ւ, դու ո՞վ ես: Թշվառական ես անունը դրել նրա, ով իր անունն ու պատիվ ձեռքի մեջ ամուր բռնել ու ճամփա է կտրել, խեղճ չի եղել, հալածվել է ազնվության պատճառով, իսկ էն, որ դու գիշերը ցերեկ, ցերեկը գիշեր ողնաշարդ ծռել ու խնդրել ես, քեզ, քո ձեռքի ափի մեջ, մի ոսկոր են դեմ տվել ասել են` կրծի... կրծել ես: Հիմա դու սիրո՞ւմ ես, հող ե՞ս սիրում... հողը տակից ծախում, բայց հողի համար կռիվ չես տալիս ու ասում ես հավատա, ես իմ հայրենիքի համար եմ անում, ինչ-որ անում եմ: Երկնքի կապույտն էլ, ինչպես մարդու աչքերը խոսքի խեղճությունից վառվում, մոխիր է դառնում: Ես ի՞նչ կարող եմ անել, դու մի գիտնական ու մի տեր ես քեզ զգում: Չես էլ ամաչում, ամաչելու համար էլ ես պուճուր: Եվ ո՞վ ես դու, ի վերջո: Մարդ չես, փոքր ես... մարդ լինեիր, հետն էլ լավը, հիմա վաղուց մեռել էի: Լավերը աշխարհի վրա քիչ են ապրում, որ տարիները նրանց չփչացնեն, ինչպես լույսն ու ստվերը, կամ կա, կամ չկա...

 

Արթուր Հայրապետյան (հատված Սարդոստայն գրքից)

Կիսվել