«Ճգնաժամն այն է, որ սահմանին կանգնած զինվորը պաշտպանված չէ, ճգնաժամը երկրի տոտալ անկառավարելի վիճակն է». Ս. Հովսեփյան

Արթուր Հայրապետյան Հունիս 24, 2021

«Ճգնաժամն այն է, որ սահմանին կանգնած զինվորը պաշտպանված չէ, ճգնաժամը երկրի տոտալ անկառավարելի վիճակն է». Ս. Հովսեփյան

 

«Որակապես ինչպիսի խորհրդարան կունենանք՝ կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն: Կարող եմ գնահատել այն հանգամանքը, որ կային պատգամավորներ, ովքեր չգործեցին 2-2,5 տարիների ընթացքում, և որքանո՞վ էր ճիշտ, որ քաղաքացին նորից տվեց իր վստահության քվեն: Ամեն մարդ իր քվեն տվել է, թող տեր կանգնի իր քվեին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

 

 

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում կողմերն իրար դավաճան, հանցագործ, անմեղսունակ, թալանչի և տարբեր այլ պիտակավորումներ էին տալիս: Հասարակությունը չլսեց ծրագրերի մասին, լսեց միայն սպառնալիք ու հայհոյանք:

 

Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ քաղաքացին կողմնորոշված է և կողմնորոշված էլ որոշեց, որ պետք է հայհոյանքն ընտրի, և իր ընտրությամբ իրականացրեց իր այդ որոշումը:

 

«Երբ հավաքված ժողովուրդը հայհոյանքին ծափ է տալիս, ի՞նչ պիտի ակնկալել. գոնե ինձ համար զարմանալի չէր, որ մենք ունենալու էինք այս վերջնարդյունքը:

 

Ես կարծում եմ, որ պետք է սպասել և տեսնել, թե որքանով իր հայհոյանքի ընտրությունը ունեցավ իրենց սպասելի արդյունքը: Միգուցե շատերս թյուր կարծիք ունենք, որ քաղաքացին այսպես, քաղաքացին այնպես, բայց ինքն ավելի լավ գիտի, թե իրեն ինչ է պետք: Եթե նա ընտրել է, որ իրեն դա է պետք, ուրեմն թող վայելի իր ընտրությունը: Հաճախ մեզ թվում է, թե մենք գիտենք՝ մեր շրջապատն ինչ է ուզում, բայց արդյունքում մեր շրջապատի ցանկությունը լրիվ այլ է: Դրա համար չեմ ուզենա ժամանակից շուտ վերաբերմունք արտահայտել»,- նշեց Հովսեփյանը:

 

 

ԱԺ 7-րդ գումարման պատգամավորը, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված է, հայտարարեց.

 

«Ճգնաժամն առաջացել էր տոտալ անգործությունից և ոչ թե քաղաքական դաշտի խնդիրներից: Ճգնաժամը տոտալ անգործության հետևանք էր, և ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ ցույցերի փոխարեն գործ անեն: Ճգնաժամն այն է, որ այսօր սահմանին կանգնած զինվորը պաշտպանված չէ: Ինձ համար ճգնաժամը երկրի տոտալ անկառավարելի վիճակն է, որը դեռ այս պահին չի հաղթահարվել:

 

Տեսնելով ընդհանուր տրամադրվածությունը՝ չեմ կարծում, որ բախումներ կլինեն, բայց ոչ էլ զարմանում եմ, որ այս վիճակը պիտի լիներ»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

 

«Այնքան էին հասարակությանը կերակրել այն թեզով, թե ընտրությունը երկբևեռ է, որ այն քաղաքական ուժերը, ովքեր մտել էին պայքարի մեջ, իրենք էլ էին կերակրվել և արդեն երկրորդային էին համարում պատշաճ ներկայանալը, քաղաքացիների հետ ծանոթանալը, արդյունքում անիմաստ ձայներ փոշիացրին:

 

Կարող էր 4 կուսակցությունների ներկայացվածություն լիներ և ավելի հետաքրքիր Ազգային ժողով գումարվել»:

 

Երբ հայտնի է, թե որ ուժերն են անցնելու խորհրդարան, ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ 8-րդ գումարման խորհրդարանից:

 

Հարցին ի պատասխան՝ Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց.

 

«Ես աշխատել եմ իշխանության հետ, առանձնապես շատ մեծ ակնկալիք չունեմ, բայց հույս ունեմ, որ գործընկերներս միայն մեծ-մեծ խոսելով չեն զբաղվի, այլ չեն մոռանա, որ նաև գործ անելն է իրենց պարտականությունը:

 

Երբ մտնեն խորհրդարան, պիտի հասկանան, որ ամեն մեկը պարտավոր է ծառայել, և դա պարտավոր են անել և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը:

 

Անահիտ Չալիկյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024