«Չի՛ կարելի գնալ տուն ու քեզնից անձնագիր ուզեն»․ Արթուր Գրիգորյանն՝ Արցախ այցի ու երեքօրյա համերգների մասին

Արթուր Հայրապետյան Հուլիս 28, 2021

«Չի՛ կարելի գնալ տուն ու քեզնից անձնագիր ուզեն»․ Արթուր Գրիգորյանն՝ Արցախ այցի ու երեքօրյա համերգների մասին. 

 

Արցախ մեկնելու ճանապարհին եմ։ Մտքումս մի երգ էր պտտվում՝ «Իմ Արցախ»։ Ու հատկապես այս տողերը՝ «Մոտ ենք իրար, չենք զատվի երբեք, հավերժ չի խախտվի կապը մեր։ Արցախ, Արցախ, լույս ես ինձ համար»։

 

Ամիսներ առաջ, երբ զրուցում էի երգի հեղինակ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ, ասաց՝ դեռ չի կարողանում գնալ, բայց պետք է գնա։ Ու արդեն Արցախում տեղեկացա, որ Երգի պետական թատրոնն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ Արցախում է։

 

 

Համերգներ կազմակերպելու գաղափարը ծնվել էր երկու ամիս առաջ։ Գաղափարն Արցախի Սարուշեն գյուղում ապրող Վաչե Վարդանյանինն ու Մանե Գրիգորյանինն է։

 

   

 

«Երկու ամիս առաջ Մանեի հետ քննարկում էինք՝ ինչ անել մեր զորքի տղեքի համար, ու համերգի գաղափար առաջացավ։ Գրիգորիչն առանց մեկ րոպե վարանելու համաձայնեց, հավաքեց իր փոքր, բայց գերհզոր մարմնում կուտակած ողջ ցավն ու ժամանեց Արցախ»,- BRAVO.am-ին պատմեց Վաչեն:

 

Մանեն էլ հավելեց, որ համերգները կազմակերպել են հենց զորամասում. «Այնտեղ ծառայություն են անցնում 9-րդ պաշտպանականի տղաները՝ հրաշքով փրկված զինվորները: «Վալլեքս» ընկերության հետ էլ իրականացրինք հիշատակի երեկո։ Իրականում ես էլ ամիսներ շարունակ չէի կարողանում գալ Արցախ, ինձ նախապատրաստում էի տեսնել Շուշին այդքան մոտ, բայց այդքան հեռու...»:

 

Պատերազմից հետո Արցախում միջոցառումներ գրեթե չեն կազմակերպվել ու պետք էր այդ սառույցը կոտրել, ինչը շատ դժվար էր։

   

 

Անիտա Հախվերդյանը, որը 3 օրում վարեց 4 համերգ, ասում է՝ այս համերգներին վիրաբույժի ճշգրտությամբ պետք է բառերը հավաքես, հանկարծ որեւէ մեկի նուրբ լարին չկպնես:

 

«Ամեն մեկն ունի իր ցավոտ կետը, բայց եւ ոչ մի կերպ չես կարող խաբել ու ասել` օ՜, ինչ լավ է։ Չէ՛, դու պիտի ասես, որ մենք կարող ենք, մենք փորձելու ենք։ Իմ ծանոթները, ընկերները չէին խոսում անգամ, իրար աչքերի մեջ չէին կարողանում նայել, բայց այս համերգների ընթացքում, անընդհատ ցավոտ կետին խփելով, թե՛ երաժշտության միջոցով, եւ թե՛ խոսքերով զրույցի էինք հրավիրում բոլորին։ Ու ասում էինք՝ եկեք լաց լինենք, բայց նայենք իրար աչքերի մեջ ու մեջքներս ուղղենք։ Իսկ այս համերգները ցույց տվեցին, թե որքան անհրաժեշտ են նման հանդիպումները, առանց պաթոսի, սրտից բխած խոսքերը»,-նշեց Անիտան:

 

   

 

«Հիշատակի երեկո»՝ այսպես էին անվանել համերգային ծրագիրը։ Հիմնականում հնչում էին Արթուր Գրիգորյանի երգերը։ Բեմում Երգի թատրոնի սաներն էին ու արդեն մեծ ճանաչում ունեցող արտիստներ։ Երգիչ Արսեն Սաֆարյանը հենց բեմում խոստովանեց, որ խրամատում երգելն ավելի հեշտ է եղել, քան հիմա եւ հատկապես այն հանդիսատեսի առաջ, որոնց վերքերը թարմ են եւ ականջներում պատերազմի արկերի ձայները լսելի։ Հետո արդեն BRAVO.am-ին պատմեց, որ աննկարագրելի զգացողություններով է Արցախ եկել.

 

«Ինչքան մոտենում էինք Արցախին, ինչ-որ մի բան սկսում էր սեղմել, ճնշել։ Ես սովոր եմ միշտ հաղթանակած Արցախ տեսնելու։ Ամենաաննորմալն, իհարկե, Շուշիի սկիզբն էր։ Դրոշները, իրենց ներկայությունը. որտեղ մեկ հոգի կարող էր կանգնած լինել, բայց մի քանի հոգի էին։ Իսկ Ստեփանակերտում մի տեսակ ուրիշ էր։ Ունենք այն, ինչ ունենք»։  

 

 

 

Ռուսլան Էլյազյանն էլ նշեց, որ այս համերգները քննության պես էին.«Շատ դժվար էր: Երգում էի ու մտածում, որ պետք է պարզապես ուժ գտնել։ Իսկ Արցախ մտնելիս առավել քան զգացինք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» բառերի իմաստը: Զգացինք, որ հիմա մտել ենք ոչ ազատ Արցախ։ Բայց Արցախ պետք է գալ ու այն էլ շատ»։  

 

   

 

Գրիգոր Կյոկչյանը խոստովանեց, որ այցի առաջին օրը հիշողությունները հանգիստ չէին տալիս.«Մեր կրտսեր ընկերներն ընդհանրապես Շուշիում չէին եղել։ Հիշում էի, որ նախկինում, երբ գալիս էինք Արցախ, այդ օրը վայելում էինք Ստեփանակերտը, իսկ արդեն հաջորդ օրն ուղեւորվում Շուշի։ Գիշերն արդեն Շուշվա ձորերում, աստղերի լույսերի ներքո վայելում էինք գինի ու երգում։ Իսկ հիմա․․․ Բայց պետք է գալ Արցախ։ Իսկ նմանատիպ համերգները կարեւոր են, կարելի է ասել՝ շոկից դուրս գալու թերապիա էր։ Իրականում Ստեփանակերտում մարդիկ ժպտում են, բայց ներքին տխրություն կա։ Պետք է պարզապես ընդունել մեր բացթողումը, սխալները ու մեջքներս ուղղել, հասկանանք, թե ինչ քայլեր պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք»։

 

Տաթեւ Ասատրյանն առաջին անգամ էր Արցախում.«Պատկերացնում եմ՝ եթե նախկինում լինեի, շատ ավելի ծանր կտանեի: Շատ պատասխանատու էր երգել Արցախում, այն էլ պատերազմից հետո։ Ես չեմ կարող բացատրել, թե ինչ եմ տանում Արցախից. այդ ամենն իմ ներսում է»։

 

Հաջորդ օրն արտիստները պետք է ելույթ ունենային զորամասերից մեկում։ Այս համերգը պարզապես համերգ չէր, այլ երախտիքի ու շնորհակալական խոսք այն տղաներին, որոնք անցել էին մահվան տեսիլներով ու փրկվել։ Նրանք 9-րդ պաշտպանականի տղաներն էին։

 

 

   

 

Արսեն Սաֆարյանը, որը դեռ 1996-ից համերգներով հանդես է եկել Հայաստանի ու Արցախի զորամասերում, ասաց՝ այս համերգային շրջագայությունն այլ էր․«Ճնշվեցի: Դիմացդ հերոս տղերք են կանգնած, կռվի ճանապարհ անցած տղերք են, բայց ոգեւորություն, որ ժամանակին կար, հիմա չկա։ Իհարկե, հասկանալի է. այն ժամանակ մենք հաղթած երկրի բանակի ներկայացուցիչ էինք ու ինչքան հպարտ։ Ցավոք, այսօր կան մարդիկ, որ Արցախն իրենցը չեն համարում, գուցե այդ մարդկանց համար Արցախը մեծ հոգս է եղել, չգիտեմ։ Իսկ Արցախ պետք է գան ու միշտ»։

 

   

 

Զորամասում ամեն զգացմունք կար՝ հույս, հույզ, կարոտ, ափսոսանք ու անվերադարձ կորուստ։ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը, որ անթիվ-անհամար համերգային ծրագրերով եղել է զորամասերում, սակայն, երբեք չի երգել, այստեղ չէր կարող չերգել, այն էլ՝ «Կյանք ու կռիվ»։ Այս տղաները հենց անցել էին կյանք ու կռվի միջով։

 

 

 

«Եկա, բայց ինչպե՞ս։ Ոնց որ փոքր երեխայից գողանաս ամենասիրելի խաղալիքը։ Տես, քո հետ խոսում եմ ու աչքս Շուշիի կողմն է, որ չեմ կարողանում գնալ։ Գալուց էլ ձեռքով փակել եմ աչքերս, որ չտեսնեմ։ Բայց մարդը մի արարած է, որ ամեն ինչի սովորում է։ Գուցե աբսուրդ թվա ասածս, բայց մեղավորության զգացում ունեմ, որ ապրում եմ ու տեսնում եմ այդ ապրող երեխաների արտասուքը։ Ինքս իմ մեջ անծանոթ պայքարների մեջ եմ։ Այդ անցակետերն էին ազդում վրաս. չի՛ կարելի գնալ տուն, ու քեզնից անձնագիր ուզեն, որ ինչու ես գնում տուն։ Ընդունում եմ, ամեն ինչ հասկանում եմ, բայց ինձ համար չի։ Դժվարությունները տանում եմ հոգուս մեջ։ Հոգին պետք է խելքի հետ աշխատի, բայց հիմա հոգին ավելի շատ է սկսել աշխատել, ինչը ճիշտ չէ։ Հիմա պետք է միացնես իրար ու ասես՝ էս ա, պիտի հարմարվես»,–հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասաց Արթուր Գրիգորիչը։

 

Հ․Գ. Արցախից ես միշտ վերադառնում եմ ֆիզիկապես։ Հոգիս այնտեղ է։ Այնտեղ անվտանգ է։ Ու ինչպես Մանեն ասաց՝ ի հեճուկս թշնամու՝ մենք միշտ պետք է գանք Արցախ։

 

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի

Լուսանկարները՝ Վաչե Վարդանյանի

BRAVO.am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024