Դիպուկահարը կրակում է սրտին, էդպես կանգնած է մնում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 18, 2020

Դիպուկահարը կրակում է սրտին, էդպես կանգնած է մնում։ Ընկերները գոռում են` Թունյան խփի, Թունյան խփի, իսկ դիպուկահարը եւս 2 գնդակ է ուղղում գլխին եւ Հայկն անմահանում է։ «Հայկը բարի էր, օգնող ու անվախ։ Բոլորի կողմից շատ սիրված էր, հանգիստ: Վատ պահվածք չուներ: Ուսումնարանում դասղեկն ասում էր՝ ուրիշ տղաների գրպաններից ծխախոտ եւ այլ բաներ կարող ես գտնել, բայց Հայկը կարգապահ էր։ Խոսքի տերն էր։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ էսպիսի հանգիստ ու լուռ բնավորությամբ Հայկի մեջ միաժամանակ պայքարող առյուծ կա։ Ի դեպ, հենց իր այդ տեսակով էլ կռիվ տվեց եւ զոհվեց»,-իրար հերթ չտալով եղբորը՝ Հայկին նկարագրում են քույրերը: Արցախյան վերջին պատերազմում Հայկն էլ հազարավոր հայորդիների պես անմահացավ: «Առավոտի» հետ զրույցում Հայկի քույրերը՝ Լիլիա եւ Հասմիկ Թունյանները հպարտությամբ հիշում են եղբորն ու ասում, որ նա իրենց համար հենարան էր, նրա կողքին քույրերն ապահով էին եւ պաշտպանված: Հիմա էլ համոզված են՝ եղբայրն իրենց վերեւից է պաշտպանում ու հպարտ են, որ նրա քույրերն են։ Լիլիայի խոսքով, փոքր ժամանակ Հայկը շատ չարաճճի էր, աշխույժ ու գլխին փորձանք բերող. «Բոլորից գաղտնի վազում էր փողոց։ Անվախ լինելը փոքրուց է եկել, անգամ մթությունից չէր վախենում։ Չնայած նրան, որ շատ էինք կռվում` իմ հանդեպ շատ ուշադիր է եղել, օրինակ` սիրտս ինչ-որ բան ուզեր՝ 10 րոպեում կգտներ՝ կբերեր ու էդպես էր բոլորիս հանդեպ էր»: Հասմիկ Թունյանը պատմում է, որ փոքր ժամանակ տնից դուրս էր եկել ու կորել. «Մոտ 3 տարեկան կլիներ։ Գտել էին մի քանի տուն վերեւ՝ դեպի իր հայրիկի աշխատանքի վայր տանող ճանապարհին։ Հարցրել են` ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես առանց զգուշացնելու տնից դուրս եկել, ասել է` գնում եմ պապային, օգնեմ։ Ու երբ մեծացավ, իրոք գնաց հորն օգնելու։ Մանուկ հասակում շատ է ընկել, որի պատճառով ճակատին սպի կար»։ Հայկը զոհվել է հոկտեմբերի 31-ին, բայց հարազատները լուրն իմացել են նոյեմբերի 7-ին: Քույրն ասում է հենց այդ օրը, մինչ գույժն իմանալը` իրեն շատ վատ է զգացել, տագնապի մեջ եղել, անընդհատ լացել, լռել եւ ոչ ոքի հետ չի խոսել։ Ու երբ զոհվելու մասին լուրն իմացել է` հասկացել է, որ կանխազգացել է եղբոր հետ կատարվածը. «Վերջին զանգը հոկտեմբերի 29-ի առավոտյան եղավ, ասում էր` ամեն օր զանգելու եմ, բայց վերջինը հենց դա եղավ։ «ՊԿ»-իստ էր, երբեք չէր ասում որտեղ է, ինչ վիճակում, միշտ ասում էր, որ ապահով տեղում են, դիրքերում չեն։ Միշտ մեզ հանգստացրել է, բայց մինչեւ չէր զանգում` չէինք հանգստանում, հատկապես՝ մայրս։ Շատ անհանգիստ էինք, ամեն օր հեռուստացույցի առաջ մի նորության էինք սպասում, սպասում էինք, որ կասեն` ավարտվել է պատերազմը, հաղթել ենք, բայց ավա՜ղ…»։ Պատմում են, որ Հայկի պապիկը չի դիմացել ցավին ու թոռան զոհվելու լուրն իմանալուց մի քանի օր անց մահացել է. «Զոհերի ցուցակն ընթերցելիս` մայրս ամեն անգամ յուրաքանչյուր զոհված զինվորի համար ասում էր` ձեր մայրը կուրանար, չտեսներ սա, բայց նա այդ մայրերից մեկը դարձավ։ Երբ օր էր լինում Հայկից զանգ չէինք ստանում, մամային ասում էի` մամ, հանգստացի, քեզանից վատ վիճակում գտնվող մայրեր կան ու ինչ եղավ…»,-ասում է Լիլիան։ Պատմում է, որ եղբայրը դիպուկահարի 3 կրակոցից է զոհվել։ Նահանջ հրամանին առաջ է գնացել ու հրամանատարական կազմի հետ մնացել դիրքը պահելու եւ «ՊԿ»-ով հակառակորդի երկու տասնյակ զորք ոչնչացրել։ «Հայկն իմ մտերիմ ընկերուհու հարազատ եղբայրն է, մեզնից մեծ էր մոտ մեկ տարի ու ավագ եղբայր էր նաեւ ինձ համար։ Աշխույժ էր ու ժպտերես, առաջ անսահման երջանիկ էինք, սակայն հիմա, այլ է։ Առաջին անգամ հանդիպեցինք Լիլիայի` Հայկի քրոջ ծննդյան օրը, մի կերպ էինք համոզել գալ, ասում էր` աղջիկների մեջ ի՞նչ պետք է անեմ ու ամբողջ ընթացքում սուս ու փուս մի անկյունում նստած մնաց։ Ի տարբերություն Հայկի` Լիլիան շատ ակտիվ է, ես միշտ ասում էի, որ հակառակ են ծնվել»,-ասում է Ռուզաննան ու նեղսրտում, որ այդ ամենն արդեն լոկ հիշողություն է։ Հայկի մայրն էլ պատմում է, որ որդին հաճախ էր դասից փախչում, որ գնար հորն օգնելու: «Հայկին զինակոչեցին բանակ հուլիսի 8-ին, ընկավ Մարտունի 2, ընտանիքն ուրախ ճանապարհեց ծառայության։ Հպարտ էին, որ առողջ տղա ունեն, որը պետք է իր պարտքը տար հայրենիքին, Հայկն էլ պատրաստ ու հպարտ գնում էր։ Ընտանիքի միակ արու զավակին էին ճանապարհում։ Ծառայության ուղարկելուց հետո տնեցիները նրան չտեսան զինվորական համազգեստով, միայն մեկ անգամ նկարով, քանի որ կառանտին էր եւ չէին կարող այցելել իրենց որդուն։ Հպարտ եմ, որ ճանաչել եմ` թե Հայկին, թե Հայկի ընտանիքին։ Իսկ հետո եկավ այդ չարաբաստիկ օրը` պատերազմը սկսվեց։ Թե իմ եղբայրն էր մարտի դաշտում, թե Լիլիայի։ Երբ լուր էի ունենում Լիլիային էի գրում, Լիլիան էլ ինձ։ Էդպես գրեթե մեկ ամիս, մինչեւ մի օր Լիլիան ասաց` Ռուզ, Հայկը 4 օր չի զանգել, ես էլ զարմացա ու ասացի՝ կփորձեմ մի բան անել, քանի որ մարտի դաշտում ծանոթ ունեինք, որը կոչումով բարձր էր ու հույս ունեինք մի լավ լուրի։ Տվյալները տալուց հետո, ինձ զանգում ու ասում են, որ իրենց մոտ թեժ պայքար է եղել եւ փախուստ հրաման տրվել, զոհ չունեն, տղաները փախուստի են դիմել, սպասում են կապի դուրս գալուն։ Ես էլ շուտափույթ տեղեկացրի Լիլիային ու փորձեցի հանգստացնել»,-ասում է Ռուզաննան: Ամեն օր սպասման մեջ են եղել, հուսացել մի լավ լուրի կամ գոնե զանգի, բայց զանգ այդպես էլ չի եղել։ Որոշ ժամանակ անց Ռուզաննային նամակ է եկել, որ Հայկը զոհվել է։ Ասում է` երանի երբեք չբացեր այդ նամակը. «Ամբողջ գիշեր խելագարի պես տան մեջ ման եմ եկել ու չեմ հավատացել, որ իրական է, լույսն էլ չէր բացվում։ Բացվելուն պես վազեցի Լիլիայենց տուն։ Հետո պարզվեց, որ Հայկը եղել է 4-րդ գծում, երբ հրատապ հրաման է եկել, որ առաջնագծում 50 հոգի կռվող է անհրաժեշտ, հրամանատարը հարցրել է` ո՞վ է պատրաստ կռվելու ու 25 քաջ զինվորներ առաջ են եկել, որոնցից մեկը Հայկն էր։ «ՊԿ» զենքն է օգտագործել։ Թեեւ 4 ամսվա զինծառայող էր, բայց հիանալի հասցրել էր տիրապետել իր զենքին, 25 քաջերի մեջ միակ «ՊԿ»-իստն էր։ Կռվի թեժ ժամանակ հրամանատարը հրաման է տվել նահանջի ու, երբ տղաները փորձել են հետ գնալ, Հայկը տեսնելով ինչպես է ընկնում հրամանատարը, շտապում է օգնության՝ փորձելով փրկել, բայց, քանի որ տիրապետում էր բավականին հզոր զենքի`այդ ընթացքում թշնամու դիպուկահարը նշանառության տակ է վերցնում Հայկին, Հայկն էլ փորձում է կրակելով հասնել հրամանատարին։ Ու այդ ժամանակ դիպուկահարը կրակում է նրա սրտին, էդպես կանգնած մնում է։ Ընկերները գոռում են` Թունյան խփի, Թունյան խփի… իսկ դիպուկահարը եւս 2 գնդակ է ուղղում Հայկի գլխին ու Հայկը անմահանում է… իսկ նրա մարմինը մնում է թշնամու տարածքում, միայն պատերազմի ավարտից մոտ տասն օր անց կարողացանք հողարկավորել։ Նա շատ անվախ էր, իր կյանքը տվեց իր հայրենիքին ու ժողովրդին, չնայած որ կարող էր փախչել։ Հպարտ եմ իրենով` մեր հերոս Հայկով»,-ասում է Ռուզաննան:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ «Առավոտ»

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024