«Դպրոցի բացումն արեցինք, մի քանի օր էլ չվայելեցինք»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 15, 2020

«Դպրոցի բացումն արեցինք, մի քանի օր էլ չվայելեցինք».

Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրեն 1995թ.-ի ամռանը՝ զինադադարի հաջորդ տարին, 29-ամյա Ալբերտ Տոնոյանը գնում է Ստեփանակերտ՝ ընկերոջը տեսության։ Վերադառնալիս կանգնում է Լաչինը տեսնելու։ Ծանոթանում է վարչակազմի ղեկավարի հետ, երբ վերջինս իմանում է՝ Ալբերտը մանկավարժ է, առաջարկում է մնալ Քաշաթաղում ու դառնալ Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրենը։ Պայմանները բավականին գրավիչ էին, եթե Արմավիրի մարզի հայրենի Դալարիկ ու Լեռնագոգ գյուղերում ինքն ու կինը այն ժամանակ ստանում էին 3 հազար դրամ, ապա Քաշաթաղում իրենց 40 հազար դրամ Էին առաջարկում։ «Օգոստոսի 13-ին տեղափոխվեցինք, սեպտեմբերի 13-ին յոթ աշակերտով դպրոցի բացումն արեցինք։ Ծայրահեղ վատ կադրերով էինք աշխատում, մինչև մեր աշակերտներին ուղարկեցինք սովորելու ու հետո իրենցով համալրեցինք ուսուցչական կազմը»,- պատմում է Ալբերտ Տոնոյանը։ Նա և կինը՝ Արմինե Բարեյանը, դասավանդել են մաթեմատիկա, տիկին Արմինեն՝ նաև ֆիզիկա։ Մասնագետների բացակայության պատճառով համատեղությամբ աշխատել են և՛ Գողթանիկում, և՛ հարակից Ղազարապատ գյուղում, եղել դպրոցների տնօրեններ։ Գողթանիկում տարեցտարի աշակերտների թիվն աճում էր, յուրաքանչյուր տարի միջինում 30-35 աշակերտ էր լինում, 2000-2006 թթ.՝ նույնիսկ մինչև վաթսուն։ Գյուղում 22 ընտանիք է ապրել, ինչը Քաշաթաղի հյուսիսային թևի համար վատ ցուցանիշ չէր։ «Սկզբի տարիներին գյուղում հեշտ չէր ապրելը, մարդիկ համարյա ոչինչ չունեին, եթե մեկը գնում էր շրջկենտրոն առևտրի, ամբողջ գյուղի համար էր առևտուր անում, հետո ըստ ցուցակների բաժանում ապրանքը։ Եթե չօգնեինք իրար, չէինք կարողանա ապրել»,- ասում է տիկին Արմինեն։ Ի սկզբանե դպրոցը գույք չի ունեցել, Ալբերտ Տոնոյանը ինքն է որոշել արտադրամաս բացել ու դպրոցի համար սեղան, աթոռ, գրատախտակ պատրաստել։ Գորիսից հումք է բերել, պատրաստել անհրաժեշտ գույքը ու տրամադրել իրենց և հարակից գյուղերի դպրոցներին։ Գողթանիկի դպրոցը 12 դասասենյակ ուներ, միջոցառումների և ֆիզկուլտուրայի դահլիճներ։ Պատուհանները հին էին, տևական ժամանակ փորձելուց հետո, ի վերջո, այս տարի հաջողվել էր նորերը տեղադրել։ Պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերի 15-ին, վերանորոգված դպրոցի բացումն է եղել. նոր պատուհանները միայն մի քանի օր են ուրախացրել։ Բարերարների օգնությամբ գյուղում նաև խաղահրապարակ էր կառուցվել։ «Հատկապես վերջին շրջանում մեր համայնքի գործերը շատ հաջող էին ընթանում»,- ասում է դպրոցի տնօրենը։ Ալբերտ Տոնոյանը պատմում է, որ վերաբնակեցման 25 տարիների ընթացքում գյուղը կանոնավոր կերպով զարգացել է։ Բնակիչների 90 տոկոսը իրենց անձնական մեքենաներն ունեին, զբաղվում էին անասնապահությամբ, էնպես որ գյուղը լքելու ժամանակ 100 հոգանոց համայնքից կես գնով 200 մլն դրամի անասուններ են գնել։ Գողթանիկում բոլորը բոլորին ճանաչում էին, տեղահանվելիս էլ խստորեն հետևում էին, որ հանկարծ հարևանների տներից ոչինչ չպակասի։ Հիմա թեև ընտանիքներից տարբեր բնակավայրերում են հանգրվանել, բայց միմյանցից լավ տեղեկացված են, գիտեն՝ ով որտեղ է և ում տանը։ «Գյուղը վերջնականապես լքելուց հետո ծանոթիս ասել էի, որ գնա, իրեն ինչ պետք է մեր տնից վերցնի։ Գնացել էր, գյուղացիները չէին թողել, որ մոտենա տանը, չէին հավատացել, որ ես եմ ուղարկել»,- պատմում է Ալբերտ Տոնոյանը։ Տան մասին խոսելիս տիկին Արմինեն ամենաշատը ափսոսում է թողած ծաղկանոցը, որ վաղ գարնանից մինչև աշուն կանաչ ու խնամված էր։ Հիմա ծաղիկները միայն հեռախոսի մեջ կարելի է գտնել։ Տիկին Արմինեն նայում է նկարները, հիշում, թե որը երբ էր ծաղկում, հետո ինձ ցույց տալիս, էկրանը մոտեցնում դեմքին, ու թվում է՝ բույրը հասավ քթին։ Տնից որոշ բաներ իրենց հետ վերցրել են, որոշները՝ ոչ, իսկ տունը թողել են ճիշտ էնպիսին, ինչպիսին կար՝ բերքատու ծառերով ու այգով։ «Սկզբից որոշել էի վառել տունը, բայց չկարողացա, մեր քրտինքն էր, ո՞նց վառեի, մեր երիտասարդ, ամենալավ տարիներին էինք կառուցել, ուրախացել։ Եվ հետո այն ժամանակ, որ մենք եկել էինք, թուրքը, համենայնդեպս, չէր վառել։ Անգամ իրեր տեղափոխողը մի ծառ պոկեց, որ տանի, մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս»,- ասում է Գողթանիկի 25 տարվա բնակիչը։ Ամուսինները, ինչպես և ողջ գյուղը ոչ մի դեպքում նման ելքի չէին սպասում, մտածում էին՝ երբ էլ ավարտվի, հետ են գնալու իրենց տները։ Պատերազմի ողջ ընթացքում Ալբերտ Տոնոյանը գիշերները հերթապահել է, ցերեկները զբաղվել տան ու այգու աշխատանքեներով։ Մինչև վերջին օրը տան ջրագիծն է փորել, հողով ծածկել, որ ձմռանը չսառչի, վերջին օրը, երբ ավարտել է, տարածքները հանձնելու բոթն է հասել։ Ընկերների օգնությամբ բեռնատարներ են գտել ու դպրոցի գույքը տարհանել։ Առաջնահերթ վերցրել են հերոսների նկարները կրող ստենդը, որպեսզի հանկարծ չպղծեն։ Շատ բան չեն կարողացել տեղափոխել, նոր պատուհանները մնացել են, վարդի հսկա մագլցող ծառը մնացել է։ Տիկին Արմինեն աշխատասենյակից բերել է սեղանի վրայի դրոշը ու էլ ոչինչ։ Հարցնում եմ՝ զղջու՞մ են, որ երբևէ գնացել են Արցախ բնակվելու, տիկին Արմինեն պատասխանում է, որ էսպիսի ելքի դեպքում, այո, զղջում է, բայց անմիջապես հիշում է իր աշակերտներին ու գլուխը տարուբերում։ «Մեզ ասում են՝ դուք գոնե ձեր իրերը հասցրիք հանել, ախր իրերն ի՞նչ ենք անում, մենք մեր տունը, մեր երիտասարդ տարիների եռանդը ու շենացրած գյուղը թողեցինք։ Սա մեր անձնական դարդը չի, պարզապես երկիրը կորցրինք ու վերջ»,- եզրափակում է տիկին Արմինեն։

Ռիմա Գրիգորյան, Հետք Մեդիա Գործարան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024