Էդուարդը նռնակով պայթեցրել է իրեն, որ ընկերները կարողանան արագ նահանջել

Արթուր Հայրապետյան Փետրվար 22, 2021

Էդուարդը նռնակով պայթեցրել է իրեն, որ ընկերները կարողանան արագ նահանջել

Ռուսաստանի Դաշնությունից 2018 թ.-ին Հայաստան մշտական բնակության տեղափոխված Էդուարդ Գասպարյանը պայմանագրային հիմունքներով ծառայության էր անցել զինված ուժերում։ Արցախում սկսված պատերազմի առաջին օրերից ծառայակիցների հետ գտնվել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Ծառայակիցների հետ վերջին շփումը եղել է հոկտեմբերի 4-ին, երբ Էդուարդը վիրավորվել է։ Էդուարդ Գասպարյանի քաղաքացիական ընկերները նրա զոհվելու մասին իմացել են պատերազմից հետո, մարտերին մասնակցած զինծառայողներից։ Հոկտեմբերի 4-ին իր զինակիցների հետ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ Ջրականում մոտ տարածության վրա մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Ստացած խնդիրը կատարելու ժամանակ իրավիճակն այլ ընթացք է ստացել, հակառակորդը թևանցում է կատարել, ճակատային երկու գրոհ ձեռնարկել, որը տղաները հետ են մղել՝ տալով երկու վիրավոր։ Նույն օրը երեկոյան, վատ տեսանելիության պայմաններում հակառակորդը կրկին հարձակվել է, նրանց նկատել են մոտ 50 մետրից և մարտի բռնվել։ Մեր տղաներին հրահանգվել է ընդհանուր նահանջ կատարել։ Նկատել են, որ Էդուարդը վիրավոր է, տղաներից մեկի օգնությամբ փորձել են 6 հոգանոց խմբով նահանջել։

Տեղանքին քիչ թե շատ ծանոթ հրամանատարը արագ բացատրել է նահանջի ուղղությունը, որպեսզի իր հնարավոր զոհվելու պարագայում նրանք կարողանան ճիշտ ուղղությամբ գնան և շրջափակման մեջ չընկնեն։ Վիրավոր վիճակում գտնվող Էդուարդին նստեցրել են մի թփի տակ, ապա որոշակի տարածություն առաջանալով՝ դիտարկել նահանջի ուղղությունը։ Էդուարդը տղաներին ասել է՝ մոտ չգաք, նռնակի օղակը քաշել եմ ձեռքումս։ Կարճ ժամանակ անց լսել են պայթյունի ձայնը։ Էդուարդն այդ քայլին է գնացել, որպեսզի ընկերներն ավելի արագ նահանջեն, քանի որ նահանջելուց վիրավոր տեղափոխելն ավելի կդանդաղեցներ ընթացքը։

Նահանջած զինծառայողները հաջորդ օրը առաջադրանք են ստացել նույն դիրքի մոտակայքում գործողություններ իրականացնելու։ Փորձել են մոտենալ Էդուարդի գտնվելու վայրին, սակայն պարզվել է՝ դիրքում հակառակորդն է, որից հետո հրետանային հարվածներ են տեղացել հարակից ձորում։

 

https://hetq.am/hy/article/127720

Կիսվել