Էլեկտրաէներգիան կթանկանա

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

Որքան կբարձրանա էլեկտրաէներգիայի արժեքը

Փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա:

Անցյալ տարվա վերջին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության ընթացքում էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացել է ֆինանսական ճեղքվածք։

 

Այդ պատճառով սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով:

Էներգետիկայի հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում բացատրեց, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը մի քանի հանգամանքով է պայմանավորված. մի կողմից գազի սակագինն է բարձրացել, մյուս կողմից էլ այս տարի շուրջ 140 օր չաշխատող ատոմակայանի պատճառով էլեկտրաէներգիայի ոլորտում գնային փոփոխություններ կլինեն:

Հիմնական մտահոգությունն այն է, որ պակասուրդը, որն առաջանալու է դրա հետևանքով, պետք է փոխարինվի ջերմակայանների միջոցով, իսկ ՋԷԿ-երի էլեկտրաէներգիան բավականին թանկ է, շատ ավելի թանկ, քան հիդրոկայաններինը, առավել ևս՝ ատոմակայանինը:

«Երբ փակում ես ատոմակայանը, ստիպված ես գործի դնելու ՋԷԿ-երը, նշանակում է, որ ավելի շատ ես սկսում գազ ծախսել և դրա հաշվին էլեկտրաէներգիա ստանալ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մեր կախվածությունը ռուսական գազից մեծապես ավելանում է. ստիպված ենք ավելի շատ գազ ներմուծել, որպեսզի ջերմակայաններն աշխատեն: Եթե նախկինում կարող էինք ՋԷԿ-երի արտադրած թանկ էլեկտրաէներգիան փոխարինել ատոմակայանի արտադրած էժանով, հիմա այդ հնարավորությունից զրկվում ենք»,- նկատեց փորձագետը:

Նախնական հաշվարկներով՝ սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների՝ շուրջ 90%-ի համար գործող սակագներն անփոփոխ է մնալու, իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամով:

Դիվերսիոն քաղաքականություն՝ էներգետիկ ոլորտում

Արմեն Մանվելյանի պարզաբանմամբ՝ էլեկտրաէներգիայի գինը բարձրանալու է հիմնականում խոշոր ձեռնարկությունների, արտադրողների համար, ինչը լուրջ տնտեսական հետևանքներ է առաջացնելու: Կթանկանան արտադրած ապրանքների, ծառայությունների արժեքները:

«Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հետևանքով շղթայական ռեակցիա է տեղի ունենալու: Օրինակ, հացը, որն արտադրվում է մեծ մասամբ հոսանքի միջոցով, ուստի էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ կվճարեն: Դա նշանակում է, որ հացամթերքի գնաճն անխուսափելի կլինի: Այլ ապրանքներ ևս կթանկանան»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Մասնագետի կարծիքով՝ սկզբունքորեն հնարավոր էր ձերբազատվել հոսանքի թանկացումից, եթե ունենայինք էներգետիկ քաղաքականություն, չլուծարվեր այդ հարցերով զբաղվող էներգետիկայի նախարարությունը:

«Ես չգիտեմ՝ ում հանճարեղ միտքն էր, որ փակեցին էներգետիկայի նախարարությունը: Եթե նախարարություն լիներ, գոնե էներգետիկ ռազմավարություն կմշակեր: Եթե հասկանային՝ ինչ է էներգետիկ քաղաքականությունը և իրավիճակը «կրախի» չհասցնեին, այս խնդրի առաջ հիմա չէինք կանգնի: Տապալեցին ատոմակայանի վերականգնման գործընթացը. ռուսների հետ վարկային ծրագիր ունեինք ռեակտորի աշխատանքն իրականացնելու համար, սակայն այն կյանքի չկոչվեց: Եթե այս ամենն արվեր, հնարավոր էր՝ հիմա նման խնդիր չառաջանար: Այն տպավորությունն է, որ հատուկ քայլեր են արվում, որպեսզի այդ համակարգը ոչնչանա, և գազը կամ էլեկտրաէներգիան թանկանա: Մտածված դիվերսիոն քաղաքականություն է տարվում, որ համակարգը քանդեն»,- տեսակետ հայտնեց Մանվելյանը:

Փորձագետն էլեկտրաէներգիայի թանկացման հերթական ալիքն է կանխատեսում նաև ամռանը: Սա իր հերթին պայմանավորված է արտարժույթի շուկայի փոփոխություններով:

«Դոլարի փոխարժեքը բարձրացել է, իսկ գազը մենք գնում ենք դոլարով: Սա էլ լրացուցիչ թանկացումների է հանգեցնելու, քանի որ հոսանք արտադրող ջերմակայանների աշխատանքի համար գազ է անհրաժեշտ: Ջերմակայանները վաղ թե ուշ այս խնդիրը բարձրացնելու են և կրկին էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարց է դրվելու»,- նշեց նա:

Ատոմակայանը փակման վտանգի առաջ է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նախորդ տարվա ավարտին հայտարարել էր, որ ատոմակայանը 2021 թվականին աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ սովորական 45 օրվա փոխարեն։ Ուստի, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի, բարդ տարի է սպասվում: Մասնագետը բացատրություններ չունի, թե ինչու են ատոմակայանն այդքան երկար ժամանակով կանգնեցնում։ Իսկ ատոմակայանն ապահովում է ՀՀ-ի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը:

Արմեն Մանվելյանի համար մի բան հստակ է, որ գումար չկա ատոմակայանի վերագործարկման համար, հետևաբար, աշխատանքը երկար ժամանակով կանգնեցնում են:

«Հայկական կողմը պատճառաբանեց, որ իր ներքին ռեսուրսներով հարցը կլուծի: Հայաստանն ատոմակայանը վերագործարկելու համար նախատեսվող ռուսական վարկից հրաժարվել է: Ասացին՝ պարտատոմսերի հաշվին դա կարվի: Սակայն, այդպես էլ չարվեց: Բացի դա, ի տարբերություն ռուսական վարկի, պարտատոմսերի սպասարկումն ավելի թանկ է»,- շեշտեց նա:

Էներգետիկ հարցերով փորձագետի դիտարկմամբ՝ այս ամենի նպատակն ատոմակայանի վերջնական փակումն է:
«Ատոմակայանի վերազինումը՝ ռեակտորի կյանքի երկարացումը, կարող է անել միայն «Ռոսատոմը», որովհետև այն ռուսական համակարգ է և այդ տեխնոլոգիաներն ուրիշները չունեն: Չես կարող գնալ և ուրիշների հետ պայմանավորվել ատոմակայանի վերագործարկման համար: Այստեղ անհասկանալի գործընթացներ էին տեղի ունենում և արդեն հետևանքը տեսանելի է»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն»

Կիսվել