Ընտանիքում բռնության գործերի առանձնահատկությունն արագ արձագանքման մեջ է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 26, 2021

Ընտանիքում բռնության գործերի առանձնահատկությունն արագ արձագանքման մեջ է․ Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշում է ներկայացրել ՍԴ

➖➖➖➖➖➖

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ կարծիք (amicus brief) Վարչական դատարանի դիմումով վարույթ ընդունված գործով։ 

Մասնավորապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Վարչական դատարանը դիմումով բարձրացրել է վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարց՝ նշելով, որ առանց բացառության անհապաղության պահանջը հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի պատշաճ վարչարարության իրավունքի սահմանափակման։ 

 

Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է անձի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի, ընտանիքում բռնության երևույթի առանձնահատկությունների կոնտեքստում՝ նշելով, որ առաջնահերթություն տալով պատշաճ վարչարարության իրավունքի ապահովմանը չպետք է խախտվեն վերոնշյալ իրավունքները։  

 

Հարցը պետք է դիտարկել նաև անհետաձգելի միջամտության որոշման նպատակի և էության առաջնահերթ հաշվառմամբ։ Ընտանեկան բռնության դեպքերում առաջնահերթ է իրավապահ մարմինների կողմից արագ և արդյունավետ արձագանքը, ինչը շատ կարևոր է կանխարգելիչ նպատակներով։ Օրենսդրական նման կարգավորման նպատակն է արագ իրականացնել իրավունքների անհապաղ պաշտպանություն, ինչպես նաև հնարավոր վտանգների կանխարգելում։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշմամբ ընդգծել է, որ դիմումում բարձրացված խնդիրներն առավելապես գործնական, իրավունքների պաշտպանության և դրանց իրականացման երաշխավորման գործընթացում իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության և կարողությունների հարց է, ինչը պետք է լուծել դրանց զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով, այլ ոչ թե որոշման կայացման անհապաղության երաշխիքից բացառություն սահմանող օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ:

 

Անհետաձգելի միջամտության որոշումների կայացման անհապաղությունից բացառություն սահմանելով՝ այդ որոշման կայացումը գործնականում կարող էր իմաստազուրկ դառնալ՝ ելնելով դրա պաշտպանական էությունից ու նպատակից։ 

2021 թվականին ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին։

 

Դատարանը հայտնել է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում:

 

Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշմամբ վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ իրավական դիրքորոշման անհրաժեշտություն չկա և Վարչական դատարանի բարձրացրած հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում:

 

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորել է Սահմանադրական դատարանի որոշումներում տեղ գտած դիրքորոշումները, որոնք անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և օրենսդրության կատարելագործման կարևոր երաշխիքներ են:

 

Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կարևոր երաշխիքներից է:

 

✔ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ (amicus curiae) ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկան ամբողջությամբ բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային երկրի իրավական համակարգի առավել համապատասխանեցմանն ուղղված սուբսիդիարության սկզբունքից: 

 

Պաշտպանի հատուկ կարծիքներն ամփոփում են ինչպես իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները՝ սահմանադրական պահանջների, միջազգային սկզբունքների ու չափանիշների համատեքստում, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված անհատական բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքները:

 

Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան շարունակական է:

Կիսվել