Ընտրություններում հաղթելը Նիկոլի համար կենաց – մահու խնդիր է, քանի որ նա շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի կունենա իր ու իր թիմի հետ պարտության դեպքում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 27, 2021

Փաշինյանի հրաժարականը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական հարթությունում չէ, ո՛չ էլ հաղթանակ է, քանի որ, ցավոք, մենք բավարար կամք ու վճռականություն չունեցանք, որ նա նոյեմբերի 10-ին, 11-ին, թեկուզ 25-ին այլևս չհանդիսանար ՀՀ վարչապետ, ավելին՝ նստած լիներ մեղադրյալի աթոռին, կամ իր համար լավագույն դեպքում լքած լիներ երկիրը։

Ցավալի է, որ մենք ընտրեցինք այս ճանապարհը, որ պատերազմում կապիտուլացվածը նորից մասնակցի ընտրություններին՝ հույս փայփայելով կեղծիքով, ստով, մանիպուլյացիաներով, ընտրախախտումներով նորից զավթել իշխանությունը։ Նիկոլի հրաժարականը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իշխանությունը ժողովրդին պատկանելու և այդ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իր իսկ հնչեցրած թեզերի հետ։ Դրանք հերթական լոլոներն են, որոնք վարչապետի աթոռին սոսնձված մարդը թանկով վաճառում է հայ ժողովրդի վրա։ Միշտ է այդպես արել՝ երբ նեղն է ընկել, հիշել է ժողովրդին, միշտ ժողովրդի անվան տակ արել այն, ինչ ուզել է, սակայն երբ ձախողել է, մեղքը բարդել է կա՛մ ժողովրդի, կա՛մ նախկինների, կա՛մ բանակի վրա։ Ու ընդհանրապես, իրենից բացի, բոլորի վրա…

 

Այդուհանդերձ, Նիկոլը Հայաստանի միակ ղեկավարն է, որը թողնում է պաշտոնը առանց որևէ դրական ցուցանիշի: Ավելին՝ միակ ղեկավարն է, որն իր հետևից թողնում է ավերակներ, տասնյակ հազարավոր գերեզմաններ, խեղված ճակատագրեր ու խորտակված հույսեր։ Ու նա այս ամենի ֆոնին գնում է ընտրությունների նախ՝ հույսով, որ, այնուամենայնիվ, կհաջողվի իրեն նորից զավթել իշխանությունը, և երկրորդ, որն ավելի իրատեսական է, ցույց տալու, որ երկրում կան x քանակությամբ մարդիկ, ովքեր պատրաստ են իր հետ կիսելու այս 3 տարիների բոլոր ձախողումներն ու պարտությունները։ Նա չի ուզում լինել միակ ատելին ու մերժվածը, նա ուզում է հասարակության մի մասին դարձնել իր մեղսակիցը։ Սակայն, ինչ էլ լինի, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և ամենաամոթալի էջերից մեկի խորհրդանիշն ու մարմնավորողը։ Ամփոփենք. Ռոբերտ Աբաջյանի պապիկ կեղծողը, 44 օր պատերազմ կեղծողը փորձելու է կեղծել նաև ընտրությունները։ Կհաջողվի դա նրան, թե ոչ, կախված է այն գործիքակազմից, որը կկիրառի ընդդիմությունը։

 

Ասել եմ քանիցս, նորից կրկնեմ՝ ընտրություններում հաղթելը Նիկոլի համար կենաց – մահու խնդիր է, քանի որ նա շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի կունենա իր ու իր թիմի հետ պարտության դեպքում։ Եվ երկրորդ՝ չեմ զլանում կրկնել, քանի որ ճշմարտությունից չենք կարող փախչել։ Նիկոլն ու Հայաստանն անհամատեղելի են։ Պետք է լինի կա՛մ ինքը, կա՛մ Հայաստանը։ Եվ, այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, կունենան, սակայն այդ ապագայում ապագա չի կարող ունենալ հայ ազգի ապագան մազից կախած քաղաքական այս խմբակը։

ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել