Եռաբլուրում ամեն օր ծննդյան տարեդարձեր են նշվում, բայց դրանք ոչ մի կապ չունեն զուգահեռ իրականության՝ Հայաստանի իշխանությունը նվաճածների միակ «նվաճման» «Եռաբլուրի օկուպացիայի» հետ

Արթուր Հայրապետյան Մայիս 09, 2021

Պատերազմից հետո կյանք կա՞: Կա:  

Մոլորակի պատմության մեջ կյանքն ու մահն այս աստիճան սերտաճած, ընդելուզված չեն եղել, որքան հայ իրականության մեջ՝ Եռաբլուրում: 

  Եռաբլուրում տղերքի տարեդարձերն են նշում: Ամեն օր՝ տասնյակ տարեդարձեր:

  Ես տեսել եմ որդու շիրմի մոտ նստած, որդու հետ հան•իստ զրուցող, իր մտքերն ու կարծիքը որդու հետ կիսող հոր կերպարանքը, տեսել եմ եղբոր շիրմը ծաղիկներով զարդարող, աղոթք մրմնջացող քրոջ՝ արցունքից խամրած աչքերը, տեսել եմ կոնֆետի մի հատիկն իր բերանը գցող, մյուսը հոր շիրմին դնող երեխայի անմեղ ժպիտը, տեսել եմ ձեռքի ափը որդու շիրմաքարի սուր անկյանը քսող ու ձեռքից արյուն քամող մոր հեծեծանքը, բայց ցավի զգացողությունը, ողբը, սուգը հետզհետե այլ փուլ է թեւակոխում: Դա համակերպվելու, կատարվածի հետ հաշտ ապրելու, մեղավորին ներելու փուլ չէ. այդ փուլը երբեք չի գալու: 

Դա դպրոցական նստարանից պատերազմ գնացած, մանկությանը դեռ հրաժեշտ չտված, իր ներսի չարաճճի մանկանը մի ակնթարթում սպանած ու թուրք վարձկանի դեմ առնական զինվոր դարձած, կյանքի համը դեռ չզգացած, աղջկա ձեռք դեռ չբռնած, մի կարգին շոր ու կոշիկ չմաշեցրած սերնդի չապրածը, չտեսածն ու չզգացածը լրացնելու մեծ ցանկությունն է, որ ցավն ընդգծում է աննկարագրելի դրամատիզմով ու տրագեդիայով: 

Եռաբլուրում զոհված հերոսի 20-ամյակն են նշում: Քույրը եղբոր նկարներով շապիկներ ու կրծքանշաններ է պատվիրել բոլորի համար: Մինչեւ բանակ գնալը, եղբայրն իր ծննդյան օրերն իսկական տոնի էր վերածում. քույրը ամեն դետալ կարեւորելով՝ պատկերացրել է, թե եղբայրն ինչպես կուզենար նշել իր 20 ամյակը եւ ամեն ինչ արել է այնպես, որ եղբոր ճաշակով, նրա սրտով լինիէ մեծ տորթ՝ տանկի պատկերով, որովհետեւ եղբայրը տանկի նշանառու էր, ու հենց տանկի վրա էլ զոհվել է. նրա սիրած վարդերը, կոնֆետները, նվերները: Վերջում եղբոր դասընկերները դեպի երկինք են բաց թողնում աղավնիներ, որ ճերմակ թռչուններն իրենց շնորհավորանքներն ու մաղթանքները տեղ հասցնեն: Հարազատներն արցունքների ու հոգու մղկտոցների միջից իրենց զավակի ծննդյան տարեդարձը նշում են այնպես, կարծես նա ողջ է, իրենց կողքին, տեսնում ու վայելում է բոլոր անակնկալները, հաճելի պահերը, իրեն նվիրված բոլոր արարողությունները: «Հյուրերն» անգամ բարձրաձայն արտահայտվում են, որ ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, ճաշակով, բարձրակարգ՝ հոբելյարին արժանի: Տղայի ծննդյան տարեդարձին նրա շիրմի մոտ հավաքվում են ոչ միայն հարազատները, ազգականները, մտերիմները, ընկերները, այլեւ շիրմակից տղաների ծնողները: Ու շատերը, ծաղկեփնջերից բացի, նվերներով են գալիս: Նվերներ՝ կամ հոբելյարին, կամ նրա որդեկորույս մորը, եղբայր կորցրած քրոջը: 

 Նրանք չեն գժվել, չեն խելագարվել, անափ վիշտը նրանցից չի խլել բանականությունը կամ իրականության գիտակցումը, ոչ էլ ցուցամոլ կամ քաղքենի են նրանք: Երկու պարզ ճշմարտություն է պետք հաշվի առնել ու վերջ. Նախ՝ նրանց զավակները ողջ են, երկրորդ՝ Եռաբլուրը նրանց զավակների տունն է, ու ծննդյան արարողությունները, բնականաբար, կատարվում են ողջերի համար, ողջերի օջախներում:  

  Տղաների շիրիմների մոտ ափսեով խմորեղեն, քաղցրավենիք, կոնֆետներ, տնական հալվա, մրգեր, գնդակ, խաղալիք ինքնաթիռ ու ավտոմեքենա կարելի է տեսնել: Քեռին երազում էր ավտոմեքենա ունենալ, քրոջ որդին նրան իր խաղալիք ավտոմեքենան է նվեր բերել: Որդին փախլավա էր շատ սիրում, մայրը թխել է փախլավան ու մի տասը կտոր որդուն հասցրել: Համադասարանցի աղջիկն այդպես էլ չհասցրեց մի քանի տարի շարունակ իր սրտում բույն դրած սերը խոստովանել տղային, մտածել էր՝ բանակ կգնա-կգա, հետո կասի: Տետրի թղթի վրա գրել է իր թաքուն սիրո մասին, դրել տղայի շիրմին՝ վրան էլ մի քար, որ քամին իր սերը չքշի-տանի: Տղայի մայրը կգա, անանուն նամակը կկարդա, շուրջը կնայի, կփնտրի իր որդուն սիրահարված խորհրդավոր աղջկան ու չի գտնի: Ու մտքում կսկսի իր որդու ճաշակով, որդու դասարանցիների մեջ փնտրել իր «հարսնացուին», կհյուսի որդու երեւակայական սիրո պատմությունը՝ ընտանիք, հարս, թոռներ: 

 Նոր տարուն տղաների շիրիմների մոտ նրանց նկարներով զարդարված տոնածառեր կային. Ամանորի գիշերը Եռաբլուրը ողողված էր լույսերով, գերիշխում էր արյան գույնը՝ կարմիրը: 

Սուրբ Հարության տոնին տղաների շիրիմների մոտ ծառի ճյուղեր էին դրված, վրան՝ ներկած հավկիթներ ու տղաների նկարները՝ վաղ մանկությունից մինչեւ ուշ մանկություն, մինչեւ պատերազմը: 

Հիմա Եռաբլուրում ծննդյան տարեդարձերն են հաճախակի նշվում: Արարողություններից հետո տղաները ծննդյան շքեղ տորթի, գունեղ փուչիկների, շնորհավորական բացիկների, բազում նվերների հետ մինչեւ լուսաբաց մեն-մենակ են մնում: Հարազատներն ամեն ինչ թողնում են այդպես՝ շքեղության մեջ քարացած, անշնչացած, արցունքի ու կարոտի մեջ ամփոփված, ու գնում են, մի կերպ գիշերը լուսացում, որ առավոտյան նորից գան՝ նախորդ օրվա «ծննդյան տարեդարձի սեղանը հավաքելու»: 

  Եռաբլուրում ամեն օր, ամեն վայրկյան ավելի շատ մարդ կա, քան Երեւանի ամենաբանուկ կենտրոնում: Ծնողները ոչ թե ամեն օր, այլ օրը մի քանի անգամ են այստեղ գալիս, գիշերը լուսացնում են, օրը մթնեցնում միայն մի նպատակով՝ Եռաբլուր գալու համար: 

  Եռաբլուրում ծննդյան տարեդարձերը հիմա հաճախ են նշվում. գիտե՞ք՝ ինչու: Որովհետեւ հենց գարնանը ծնված տղաներին են ամառվա զորակոչով բանակ տարել, ու եկել է նրանց 19, 20 ամյակները նշելու ժամանակը: Վերջին ծննդյան տարեդարձը18-ն է եղել, ընդամենը 18-րդ գարունը: Նրանք չեն հասցրել իրենց որդիներին լիարժեք ճանաչել, մի կուշտ զրուցել նրանց հետ, սրտի գաղտնիքն իմանալ, նպատակների մասին լսել, մի թանկ նվեր առնել նրաց համար, ոտքից գլուխ սիրուն հագցնել: Մինչեւ 18-ը, նրան սիրել ու գուրգուրել են երեխայի պես. բանակից հետո պիտի բոյն ու թիկունքը, խելքն ու հոգին չափեին, բազկի ուժը տեսնեին… Չհասցրին, չթողեցին, խլեցին, սպանեցին: 

Հաջորդ տարիներին տղաների չապրած տարիներին տարիներ կավելանան, 19 ու 20-ը կմեծանան, բայց տղաները ծնողների համար կմնան նույն տարիքում, նույն երեխան, ինչ բանակ •նալուց ու պատերազմից առաջ էին: Տղերքի չապրած գարունները կշատանան, բայց նրանց չիրականացված երազանքները նույնը կմնան՝ ինչ մինչեւ բանակ գնալն ու պատերազմն էր՝ ավտոմեքենա, ուսում, աշխատանք, Հայաստանից բացի, մի ուրիշ երկիր էլ տեսնելու ցանկություն, մայրիկի թխած «Միկադոն» կամ «Ընկույզով տորթը», սմարթֆոն կամ մի լավ ժամացույց, Հայաստանն ավելի լավը, ավելի հզոր, ավելի մեծ դարձնելու ձգտումը:  

 Եռաբլուրում ամեն օր ծննդյան տարեդարձեր են նշվում, բայց դրանք ոչ մի կապ չունեն զուգահեռ իրականության՝ Հայաստանի իշխանությունը նվաճածների միակ «նվաճման» «Եռաբլուրի օկուպացիայի» հետ:

Նաիրա Փայտյան

Կիսվել