Երբեք այսքան ծանր չի եղել Հայաստանը` ճակատագիրը անհայտ, ինչքան որ այսօր, եւ երբեք պատեհապաշտների ձեռքին այսքան չի հալածվել, ինչքան այսօր։

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 12, 2020

Պետք է սպասենք նոր աղետի, ու նորից գլուխ ծեծենք, թե էս ի՞նչ եղավ։ Փաշինյանը ինչ եկել է իշխանության միայն ասֆալտին փռելու ու նախկիններին պատասխանատվության ենթարկելու մասին է խոսել։ Միայն խոսել է, ու ոչինչ չի արել։ Դատաիրավական համակարգում ոչ մի փոփոխություն, եւ ընդհանրապես` համակարգային փոփոխություններ չեն արվել։ Նախկիններից քանի՞սն են մնացել իշխանության ներսում։ Դա էլ թող ներկա` ձախողված իշխանությունը հաշվի։ Պատերազմը նոր աղետի է հանգեցնում, երկրում աղետը դեռ չանցած, հազարավոր զոհերի արյան ու դեռ հազարավոր զոհվածների մարիններ չգտած, ու պատերազմը նոր փուլ մտած։ Երբ խոսում ենք ընդդիմության մասին, ու թե ինչո՞ւ վրա հասան, ասեմ` ընդդիմությանը իշխանությունը բերեց։ Որտեղ էր Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքականությունից հեռացած.. Նիկոլը եկավ իշխանության ու առաջինը որոշեց Քոչարյանի հախից գալ, բայց ընդամենը Քոչարյանին բերեց քաղաքականություն։ Ինչքան որ Նիկոլին Քոչարյանն էր փակել, այդքան էլ Նիկոլը Քոչարյանին։ Ու վերջացավ պատմությունը։ Ոչ մարտի 1 բացահայտվեց, ավելին այս իշխանության օրոք վիժեցրեցին մարտի 1-ի գործը, ոչ հոկտեմբեր 27, ոչ մի նախկին պատասխան չտվեց անցյալում կատարած իրենց հանցագործությունների համար, ավելին, ստացվեց, որ ոչ էլ մեղավոր էին, փոխարենը կրկին ու կրկին Փաշինյանին աջակցողները ասում են, որ Նիկոլն ի՞նչ անի։ Նիկոլը իշխանություն է, ժողովուրդ։ Նիկոլը կարող էր շատ բան անել։ Բայց որոշեց շոուների միջոցով, հասարակությանը զբաղեցնել։ Բռնեց, բաց թողեց, տարվա մեջ մի քանի անգամ ԱԱԾ տնօրեն փոխեց։ Չհաջողեց։ Ու բոլորը դավաճան դուրս եկան։ Ու հանրությունը մինչեւ հիմա ասում է, որ դավաճանները կերան Նիկոլին։ Իսկ ոչ ոք չի ասում, որ Նիկոլը նախկիններին թեւ տվեց, ու ով գիտի թե մտքին ինչ կա։ Պատերազմը նույնպես շատերը վերագրեցին դավաճանների կողմից տանուլ տված։ Դավաճաններ եղել են, բայց մինչեւ հիմա ոչ մի դավաճան պատասխան չի տվել։ Պատերազմն էլ վերագրվեց նախկիններին։ Մոռանալով որ իշխանությունը Նիկոլինն է եւ նա պետք է պատասխան տա։ Հինգ հազարից ավել զինվոր է զոհվել, մինչդեռ իշխանությունը դեռ ոչինչ չանելով նախկին է խաղացնում, ու հանրությունը ներկա ու նախկին անելով, մոռանում է, որ պատերազմը չի ավարտվել։ Ինչ են արել նախկինները, որ չեն արել ներկաները։ Կոռուպցիա, որ չբացահայտվեց մինչեւ այսօր։ Իսկ եթե շատ խորանանք ներկաների վրայից էլ հնարավոր է կոռուպցիայի հոտ գալ։ Ներկաների օրոք պատերազմը չավարտված ունենք հինգ հազարից ավել զոհ, հազարավոր հաշմանդամ, անհետ կորածներ, որոնց թիվը թաքցնում է իշխանությունը, գերիներ, որոնց թիվը չգիտենք։ Արդարացնել ներկաներին, այն դեպքում, որ հնարավոր է շատ քիչ զոհ, եւ քիչ տարածք կորցնել, միանշանակ կարող էր, չի արել։ Մինչդեռ երբ քաղաքական այս խառնաշփոթը, որ օր-օրի ավելի է սրվում, իսկ ներկա իշխանությունները կրկին ոչինչ չեն անում, փոխարենը ընկել են սրան-նրան սեւացնելով, թվում է չավարտված պատերազմում հաղթելու են։ Իշխանությունը ոչ մի նոր բան չի առաջ քաշում, որպեսզի հասկանալու համար, թե ինչ է լինելու վաղը։ Իսկ աղետը կախված է բոլորիս գլխին։ Իսկ քաղաքականության մեջ բոլորն էլ նախկին են, սկսած Նիկոլից, իսկ ով պետք է գա, որ կունենա մաքուր կենսագրություն, այդպես էլ ման ենք գալիս ու չենք գտնում։ Իսկ երկիրը օր-օրի կործանվում է, որտեղ իշխանությունը անգործության մատնված շարունակում է փրկել իշխանական աթոռը։ Երբեք այսքան ծանր չի եղել Հայաստանը` ճակատագիրը անհայտ, ինչքան որ այսօր, եւ երբեք պատեհապաշտների ձեռքին այսքան չի հալածվել, ինչքան այսօր։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել