Երկիրը ջախջախիչ պարտության հասցրած իշխանությունը կարող է շարունակել անարգել իշխել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 25, 2020

«Տիկին պետքարտուղար» սերիալում կա այսպիսի մի դրվագ. ԱՄՆ նախագահի մոտ՝ գլխում առաջացած ուռուցքի պատճառով հայտնաբերվում են հոգեկան խանգարումներ, որոնց ազդեցության տակ նա պատրաստվում է սկսել երրորդ համաշխարհային պատերազմը: Իր շրջապատի բոլոր հորդորները նա անտեսում է, եւ ձեռքր համարյա հասնում է միջուկային կոճակին: Բայց ԱՄՆ սահմանադրությունն ունի հատուկ ընթացակարգեր, որոնք նման դեպքերում արգելում են նախագահին կատարել իր պարտականությունները եւ ուղարկում են նրան պարտադիր բուժման: Ժամանակավորապես այդ պարտականությունները կատարում է փոխնախագահը, մինչեւ որ երկրի առաջին դեմքը ապաքինվում է, անցնում է հատուկ հոգեբանական թեսթեր, որից հետո շարունակում է պաշտոնավարել:

 

Այս պարագայում պետք է բարեբախտություն համարել, որ Հայաստանը միջուկային երկիր չի: Հակառակ դեպքում, եթե մենք միջուկային կարգավիճակով ունենայինք Նիկոլ Փաշինյանի նման վարչապետ, ապա մարդկության գոյությանը լուրջ վտանգ կսպառնար: Նյարդային նոպայի հերթական պահին նա հանդես կգար բոցաշունչ ուղերձով եւ ձեռքը կմեկներ միջուկային կոճակին: Այսօրվա վիճակով նա կործանում է միայն Հայաստան պետությունը, իսկ եթե նրան ձեռքին այդպիսի հնարավորություն լիներ, կկործաներ ամբողջ երկրագունդը:

 

Ինչ մեխանիզմներ կան միջուկային երկրներում, որպեսզի այնտեղ իշխանություն գլխին լինեն ոչ արկածախնդիր եւ պատասխանատու մարդիկ: Իհարկե, ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ, ասենք, Չինաստանում մեխանիզմները խիստ տարբեր են, բայց ամեն դեպքում դրանք հակասում են «ժողովրդավարության» մասին պարզունակ պատկերացումներին: Մասնավորապես, Թրամփը, որքան էլ էքսցենտրիկ լինի, հնարավորություն չունի ասելու՝ «քանի որ ինձ ժողովուրդն է ընտրել, ես կարող եմ աշխարհը կործանել»: Եթե նա իր երկրի կեսը պատերազմի արդյունքում զիջի որեւէ հակառակորդի, նա չի կարող ասել՝ «գիտեք, այդ ես չեմ զիջել, նախորդ նախագահն է մեղավոր»: Բացառված է, որ նա նման դեպքում ասի՝ «քանի ես ԱՄՆ փողոցներում չեմ տեսնում հարյուր հազարավոր բողոքողներ, ես կարծում եմ, որ ժողովուրդն ինձ շարունակում է սիրել»: Կամ՝ «քանի որ ընդդիմադիր կուսակցությունը վատն է, ես չեմ գնա»: ԱՄՆ-ում կա Կոնգրես, որում ընտրված մարդիկ, բնականաբար, հրեշտակներ չեն, բայց մեղսունակ եւ իրենց ընտրողների առջեւ իրականում հաշվետու գործիչներ են, կան պատասխանատու պաշտոնյաներ հենց նախագահի թիմում, եւ կա հասարակական ազդեցիկ վերնախավ, որի կարծիքի հետ անգամ Թրամփը չի կարող հաշվի չնստել:

 

Հայաստանում երկրի կեսը տանուլ տված վարչապետին փոխարինելու սահմանադրական մեխանիզմներ, ըստ էության, չկան: Երկիրը ջախջախիչ պարտության հասցրած իշխանությունը կարող է շարունակել անարգել իշխել: Իհարկե, դրա պատճառներից մեկը մոլորված, իշխանության ստերին դեռեւս հավատացող քաղաքացիների մեծ քանակն է: Բայց, բացի դրանից, պետությունում պետք է լինեն օրենքներ, որոնք հեռու կպահեն ժողովրդին նման աղետներից, իսկ աղետների դեպքում կնախատեսեն պատասխանատվություն: Քանի դա չկա, աղետը շարունակվելու է:

 

Արամ Աբրահամյան ԱՌԱՎՈՏ

Կիսվել