Երկու դիտարկում Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ կապված

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 28, 2020

Երկու դիտարկում Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ կապված․

1․ Ասում է՝ եթե անգամ պատերազմ էլ չլիներ, միեւնույնն է, մենք հանձնելու էինք այդ 7 շրջանները եւ նույն այս պատկերն էինք ունենալու։ Ոչ, պարոն Փաշինյան, այս պատկերը չէինք ունենալու։ Այն, որ Ղարաբաղի մաս չհանդիսացող 7 շրջանները պետք է հանձնվեն, պարզ էր Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առաջին օրվանից։ Լեւոն Տեր-Պետրոսյանից բացի Հայաստանում ոչ մի այլ իշխանավոր համարձակություն չի ունեցել եւ այս մասին պարզ ու շիտակ չի խոսել։ Դուք նույնպես չեք ունեցել այդ համարձակությունը, չնայած ձեր գլխարկին գրում եք, թե համարձակ (դուխով) եք։ Համարձակության պակասը այսօր էլ ձեզ թույլ չի տալիս ընդունել սեփական սխալները, որոնք այդքան ճակատագրական եղան մեր ժողովրդի ու մեր պետության համար։ Դեռ մինչեւ իշխանության գալն էիք դուք փոխզիջումների գաղափարին դեմ։ Բայց, անկախ այս հանգամանքից, ձեր իշխանության գալուց հետո անձամբ ես հույս եմ ունեցել, թե դուք հետ կկանգնեք մաքսիմալիստական դիրքերից ու կգնաք առարկայական բանակցությունների։ Իսկ դուք գնացիք ձեր նախորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ճանապարհով՝ ձգձգել բանակցությունները։ Ավելին՝ սկսեցիք սադրել Ադրբեջանին, մի բան, որ երբեք չեն արել ո ՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո ՛չ Սերժ Սարգսյանը։ Ձեզ թվաց՝ տպավորիչ կլինի տավուշյան միջադեպը որպես հերոսամարտ, ձեզ էլ որպես մեծ ստրատեգ ներկայացնելը, «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» վանկարկելը։ Ի տարբերություն ձեր նախորդների՝ ունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը՝ դուք կարող էիք գնալ համարձակ քայլի՝ առարկայական բանակցությունների ու զիջումների։ Ադրբեջանը առանց պատերազմի, առանց հազարավոր երիտասարդ զոհերի ստանալու էր 7 շրջանները (Շուշին եւ Հադրութը չկան այս ցանկում), որից հետո սկսվելու էր երկխոսության ու խաղաղության գնալու փուլը՝ Հայաստանի ապաշրջափակումը եւ նոր իրավիճակ տարածաշրջանում։ Դուք պատմության մեջ մնալու էիք որպես քաջ գործիչ։ Փոխարենը, վստահաբար եւ արդարաբար, ձեր անունը գրվելու է ամենաձախողված գործիչների ցանկում։ Այնպես որ՝ սխալվում եք, կեղծում եք՝ նույն արդյունքը չէինք ունենալու։

2․ Ասում եք՝ չենք հաղթել, որովհետեւ դավաճանություն է եղել եւ ինչ-ինչ հանգամանքներ պետք է հետաքննել։ Իբր՝ զինամթերք չեն տվել զինվորներին, չկռվելու կոչեր են արել եւ այլն։ Դավաճաններ եք փնտրում։ Դուք, բոլոր առումներով, 2018-ին մերժված իշխանության արգասիք եք։ Նրանց պես ու նրանց չափանիշներով եք մտածում։ Պատահական չի, որ նրանց սահմանադրությունը այդքան հարմար եկավ ձեզ ու այդքան սիրելի եղավ։ Պատահական չի, որ դուք նրանց եք էլիտա համարում։ Ձեր պատկերացրած էլիտան ու դուք նույն բառապաշարն ունեք, նույն մոտեցումները, նույն ագրեսիան։ Նրանք ձեր են դավաճան անվանում, դուք նրանց մեջ եք դավաճաններ փնտրում։ Իսկ ես վստահ եմ, որ ոչ դուք եք դավաճան, ոչ էլ նրանց մեջ կան դավաճաններ։ Պատերազմն էր անհավասար։ Մենք հաղթել չէինք կարող, որքան էլ որ դուք ու ձեր էլիտար ընդդիմությունը հակառակը պնդեք։

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024