Երկու եղբայր. Արթուրն էլ անհայտների շարքում է, բոլորս ենք սպասում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 29, 2021

Արսեն Գրիգորիի Աղասյան` արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս:

Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 8-ին, Արցախի Մարտունի քաղաքում: 3 եղբայր ու 1 քույր էին: Ամենափոքրը քույրն է` դեռևս 10 տարեկան, իսկ Արսենը եղբայրների’ կրտսերն էր: Բնավորությամբ ժիր էր, աշխույժ, չարաճճի և անչափ արդարամիտ: Երբեք չէր սիրում սուտն ու կեղծիքը: Դպրոց գնացել է 2006թ.: Սովորել է Մարտունու Նելսոն ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Շատ էր սիրում մաթեմատիկան և ֆիզկուլտուրան: 9-րդ դասարանն ավարտելով` ընդունվել է Երևանի ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոց, նույնն է, թե օլիմպիական հերթափոխի քոլեջ, որպես ապագա ըմբշամարտիկ: Սպորտի ասպարեզում արժանացել է բազմաթիվ մեդալների, պատվոգրերի և խրախուսագրերի։ 4 տարի սովորելով ավարտել է և զորակոչվել բանակ: Զորակոչվել է 2019թ., Մատաղիս։ Հետախույզ էր, նվիրյալ ծառայող, աշխույժ, կատակասեր, բանիմաց և շատ սրամիտ: Ծառայել է պատվով ու նվիրումով: Ծառայության ընթացքում արժանացել է «Լավագույն զինվոր-մարտիկ», ապա «Քաջարի մարտիկ» մեդալների:

Մայրը` հերոսածին տիկին Մարգարիտան հեծկլտոցի միջից, մի կերպ, շատ աննշմար ժպիտանման մի երևույթ գծագրելով դեմքին, ասում է.

 -Երեք եղբայրն էլ միասին մտերիմ էին, կապված, բայց փոքր տարիքում լինում էր, որ վիճում էին, իրար չէին հասկանում կարծես, հենց միջամտում էի` իրար պաշտպան էին դառնում, կարծես ես էի մեղավորը:

 Երեք եղբայրն էլ իրենց քրոջը շատ էին սիրում ու թագուհու նման վերաբերվում: Իրենց փոքրիկ թագուհին էր, հետները տանում էին ուր ասես, ուրախացնում, կերակրում, հագցնում և հպարտանում նրանով:

 Մեր հզորը 2021թ. հունվարին պիտի զորացրվեր, ընդամենը 4 ամիս էր մնացել: Սակայն… 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական հակառակորդի կողմից սանձազերծված արցախյան քառասունչորսօրյա չարաբաստիկ երրորդ պատերազմը հավերժացրեց նրան ու հավերժ սահմանին պահեց:

 Կրկին մայրը` վշտից վաղաժամ կուչ եկած տիկին Մարգարիտան արցունքները սրբելով ասում է.

 -Արսենս ամրակազմ ըմբշամարտիկ էր, չորս տարի սովորեց ու դիպլոմը թողեց ինձ` իր մամային հիշատակ,-ասաց ու ափով ծածկելով դեմքը նորից հեկեկաց,-ապա հանգստացավ, սրբեց աչքերը և հուզված նայելով դեմքիս` արտաբերեց,-տղայիս մեկ տարի չտեսա, վեց ամիս էլ ձայնը չլսեցի:

 Իսկ վշտաբեկ հայրը լուռ ու մտախոհ հայացքը հառած մի կետի` բառ անգամ խոսել չէր կարող: Եթե խոսեր` նա ևս կհեծկլտար:

 Սահմռկել ու սառել էի տեղումս, արցունքներս հազիվ էի պահում կոպերիս, որ չծովանային այտերիս վրա, բառերս կարծես մոռացել էի, սփոփանքի գեթ մի բառ չէի գտնում: Իսկ մի՞թե հնարավոր է որդեկորույս ծնողին, թեկուզ մեկ բառով, սփոփել: Ո’չ, չի ստացվի:

 Մեր անվախը քաջաբար մարտնչելով դավանենգ հակառակորդի դեմ, հավերժի ճամփան է բռնել հոկտեմբերի 3-ին:

 Եղբայրը` Աբրիկը, որ մի քանի ամսում դարձել էր առավել լռակյաց ու չխոսկան, մի կերպ արցունքները պահելով կոկորդում`ասաց.

 -Սովորությունս դեռ պահպանվում է` օրական երկու անգամ, առավոտյան ու երեկոյան զանգել եղբայրներիս, թեպետ գիտակցում եմ, որ անհասանելի են: 

 Այո’, երկու եղբայր… Արթուրն էլ անհայտների թվում է, սակայն նրան բոլորս ենք սպասում, հույսով, անհուն հավատով:

Ի դեպ` Արթուր Աղասյանն ապրիլյան պատերազմի ողջ մնացած հերոս է, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր: Հակառակորդի 30 հոգանոց «Յաշմա» հատուկ դաժանություն ունեցող ջոկատայինների դիվերսիոն խմբին է հետ մղել:

Հպարտություն է այսպիսի հերոսի հետ շփվել, ավելին` լինել մտերիմ նրա հետ, բայց այսօր ցաված սրտով, սակայն մեծ հավատով սպասում ենք գեթ մեկ դրական լուրի:

Իսկ մեր ըմբշամարտիկն ու հզոր հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Նա ապրեց կարճ, բայց իմաստալից ու արժանավայել և թողեց այնպիսի հետք, որ հազարամյակներ հիշեն նրան:

 

Հոգեբան, գրող, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ ՈՄԱ-ի իրադարձությունների մեկնաբան, ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ, նաև ՀԵՐՈՍԸ խմբերի կանոնավորիչ և ՀԱԲ Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ՝ ՄաՏիՆա՝ Մարինե Մանուկյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024