«Ես իմ 9 երեխաներին ո՞նց վերցնեմ, գնամ»․ Ամյանների ընտանիքը Բերձորից՝ Էջմիածին․ անորոշության և սպասման մեջ 

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 20, 2020

«Ես իմ 9 երեխաներին ո՞նց վերցնեմ, գնամ»․

Ամյանների ընտանիքը Բերձորից՝ Էջմիածին․ անորոշության և սպասման մեջ 

Քրիստինե Ամյանը 9 երեխաների և ամուսնու հետ արցախյան պատերազմի հետևանքով թողել է Բերձորում գտնվող տունը, հողամասը և ժամանակավորապես ապաստան գտել Էջմիածնում՝ Զինավան գյուղում գտնվող 2 սենյականոց փայտե տնակում։ «Սկզբում եկանք, Էջմիածնի Զինավան գյուղում՝ չաստում իմ տալն է ապրում, իրենց տանն էինք մնում, հետո խնդրեցինք աշխատողներին, որ փոքրիկ դոմիկ տան, մնանք: Մինչև գարուն տրամադրել են, մեր կացարանի ժամկետը էդքան է»,- ասում է Ամյանը։ Ամյանի համար ապագան անորոշ է, ասում է, որ չի պատրաստվում իր 9 երեխաներին վերցնել և Արցախ տանել, քանի որ շուրջբոլորը ադրբեջանցիներ են՝ զինված, նրանց վստահել չի կարող, իսկ Հայաստանում էլ մշտական կացարան չունի: Քրիստինե Ամյանը «Էնտեղ էս պահին ոչ մի ապահով բան չկա, թշնամին հանգիստ կարա մտնի տարածք, գիշերով մտնի, վնասի, ես իմ երեխաներին ո՞նց վերցնեմ, գնամ։ Մեր ընդհանուր Քաշաթաղի հատվածը, ասում էին՝ չի անցել, բայց էդ տարածքով Ադրբեջանի զինվորները տեխնիկայով անցուդարձ են անում, մենք ո՞նց կարանք գնանք, ապահով ապրենք: Հա, ռուսը հսկում ա, բայց մենակ ճանապարհը, ադրբեջանցիները կարող ա մի դիվերսիա անեն, մի վատություն անեն։ Ես ոնց երեխուն թողնեմ՝ խանութ գնան, ինչ ռիսկով պետք ա թողնեմ, որ իմ երեխան տնից դուրս գա, Բերձորում այս պահին ոչ մի բնակիչ չկա»,- նշում է Քրիստինե Ամյանը։

Մինչ պատերազմը Ամյանը և ամուսինը Արցախում աշխատանք են ունեցել, հողամասում մրգատու ծառեր ունեցել և հոգացել են իրենց ապրուստը։ Պատերազմը ամբողջովին փոխել է նրանց կյանքը։ Պատերազմի օրերին տնից դուրս գալիս կարողացել են վերցնել միայն հագուստ և ձմեռվա ուտելիքի պաշար։ «էն մտադրությամբ դուրս եկանք տնից, որ պատերազմը կարճ կտևի, նորից կվերադառնանք՝ չպատկերացնելով, որ նման կարգավիճակ կստանար, ու մենք կկորցնեինք ամեն ինչը։ Իշխանաձոր որ հասել էին, արդեն կրակում էին, պարզ լսվում էր, մեզ մոտ էլ էր ընկել, ու մենք դուրս եկանք, էդ պահին ոչինչ չենք վերցրել մեզ հետ, թողել ենք ու եկել, միայն երեխաների մի քանի հագուստ ենք վերցրել ու զակատ արած ուտելիքներ»,- պատմում է Ամյանը։ Ասում է, որ երեխաները տաք հագուստի և վերարկուի կարիք ունեն։ Սնունդը հոգում են քաղաքապետարանի տրամադրած օգնությամբ և երեխաների նպաստով: «Էս պահին ամեն աջակցություն էլ իմ ընտանիքի համար մեծ նշանակություն ունի, էնտեղ աշխատում էինք, ապրում էինք, երեխաներիցս մեկն էլ վատառողջ է, քիմիաթերապիա է ստանում»,- նշում է Ամյանը։ Ամյանն ասում է, որ առաջնային խնդիրն ընտանիքի համար կացարանի հարցն է, քանի որ գարնանից հետո չգիտի, թե 9 երեխաների հետ միասին որտեղ կհայտնվի։ «Մենք չգիտենք ինչ կլինի, պատերազմը դեռ ավարտված չի, դեռ գերիներ են վերցնում, մարդկանց տներից են վերցնում, ես չեմ կարա իմ երեխեքին տանեմ էդ պայմաններում մնան։ Ես կնախընտրեմ մնալ էստեղ, չեմ էլ պատրաստվում գնալ Ստեփանակերտ, էնտեղ էլ ռիսկային է, շրջափակման մեջ է։ Լավ, գնանք, մի երկու տարի էլ մնանք, բա հետո՞։ Ես 26 տարի էնտեղ եմ ապրել , տուն եմ ստեղծել, երեխեք ունեցել ու միանգամից կորցրել եմ էնտեղ ամեն ինչ ու եկել, էստեղ հայտնվել փողոցներում։ 300 հազար դրամն էլ մեզ չի հասնում, որովհետև, ասում են՝ Լաչինը հանձնած չի, տունը չենք կորցրել։ Թե ո՞նց են մտածում՝ չեմ հասկանում: Եթե մտածում են՝ շատ ապահով ա էնտեղ մնալը, թող ղեկավարները գնան, իրենց երեխաների հետ մնան, տեսնեն, եթե ապահով ա, նոր բնակիչներին ասեն՝ վերադարձեք»,- նեղսրտած ասում է Ամյանը։ Նշում է, որ եթե Հայաստանում մշտական տարածքի հարցը լուծվի, կկարողանա մշտական աշխատանքի անցնել, երեխաներին մեծացնել։ Հույսն այն է, որ երեխաները կրթություն կստանան, կաշխատեն ու կկարողանան օգնել ընտանիքի հոգսերը հոգալու հարցում: «Որ սեփականություն ունենամ, գլուխս հանգիստ բարձին կդնեմ, երեխաները մեծանում են, ամեն մեկը մի տեղ կաշխատի, հույսեր կան, սովորեն, հետո աշխատեն։ էստեղ մինչև գարուն ենք, չենք կարողանում մի տեղ դիմենք աշխատանքի համար, երկու ամսով չենք կարա դիմենք։ Հիմնական կացարան ունենանք՝ կաշխատենք, կապրենք»,- ասում է Քրիստինե Ամյանը։

Արփինե Արզումանյան MediaLab.am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024