Ես քո ցավը տանեմ Արցախ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 30, 2021

Ցավդ տանեմ Արցախ։ Ես քո ջանին մեռնեմ Արցախ։ Մատաղ լինեմ քեզ Արցախ։ 

Նստել էինք Թեւանենց հայտնի շուշաբանդում ու մեկ էլ թիկունքից այն կողմ, վերեւում` մթի մեջ լույսեր տեսա։ Հայացքս գնաց ու հասավ վերեւ։ Թվում էր, որ մի քանի քայլ անեմ կհայտնվեմ Շուշիում։ Չեմ հաշտվում, որ Շուշին մերը չի, չեմ հաշվում։ Ամեն անգամ կռիվ եմ տալիս ինքս իմ հետ, ձեռքս ճար չկա։ Անգամ լացս չեմ կարողանում զսպել։ Դուրս եկա, ու ծառերի արանքից փորձեցի նկարել։ Մթի մեջ լույսեր են.. Չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրումների մեջ եմ, երբ Շուշիի տակով անցնում ես, ու չես մտնում Շուշի։ 

Որ մի պահ խորանամ ու հասկանամ, թե ինչ է կատարվել Արցախի հետ, թե ինչ հայրենադավ, հոգեկան հանցագործի ձեռք է կպել Արցախին, գիտե՞ք հնարավոր է այլեւս չապրեմ։ 

Մաճկալաշենում, որտեղ քայլելով գնում ես Ամարաս, մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին է։ Անգամ թշանամու առկայությունը քեզ չի վախեցնում, որովհետեւ դու քո տանն ես, ու քո հայրենակիցների կողքին, որոնք ամենօրյա իրենց կյանքն են դրել, դնում Արցախում մնալու, ապրելու համար։ 

Երբ հասանք Աղավնո, գյուղամիջյան ճանապարհին խոսելով բարձրանում ենք դպրոց։ Աղավնոյում ապրող կինը պատմում է, թե հղի ժամանակ ինչպես է մնացել գյուղում ու երդվել, որ ինչ էլ լինելու լինի, չի լքելու գյուղը։ Աղավնոյի գյուղապետը` Անդրանիկը իմ համար ազգային հերոս է։ Հիմա տեղից շուտ վեր թռչողը իրեն հայրենասեր է ճանաչում։ Անդրանիկը էն գյուղապետն է, որը ամեն ինչ արել է, պայքարել, կռվել, որ գյուղը մնա, ու մնաց։ Ազնվագույն տեսակ է Անդրանիկը։ Շենացնող ու քարը քարին դնող։ Հասանք դպրոց։ Դպրոցը վերանորոգվել էր, դահլիճն էին կահավորում։ Աթոռներ, կահույք, հեռուստացույց.. մի խոսքով տեսանք մարդկանց, որոնք Արցախը շենացնելու համար տարիներ շարունակ Արցախի հետ են, հնարավոր ամեն ինչ անում են, որ մարդիկ իրենց հողում իրենց միայնակ չզգան։ Շուշան Պետրոսյանն էր էնտեղ։ Մտանք դպրոց, ու իմ աչքով տեսա, թե ինչ մեծ աշխատանք է արվել։ Չեմ մանրամասնում, որ հանկարծ չար լեզուներն ու դարմանի տակի ջրերը գործի չանցնեն, որովհետեւ հիմա մի լավ բան անող մարդկանց ավելի են թիրախավորում, քան թշանամու ջրաղացին ջուր լցնողներին, թշնամու հետ խաղաղության գնացողներին ու խաղաղության դարաշրջան մտնելու գունագեղ ապագա երազող առեւտրականներին։ 

Արտո Թունչբոյաջյանն էլ էր Աղավնոյում.. սիրտս փառավորվեց։ Հարազատ մարդկանց տեսնելուց հետո հասկանում ես, որ արցախցին մենակ չի, հասկանում ես, որ այլեւս Արցախին մենակ չպետք է թողնել։  

Ցավդ տանեմ Արցախ։ Քեզ բզկտել են, կոտրել են, թողել են, որ մենք մեր տանը` մեր տունը կարոտենք, բայց միեւնույն է, ամեն անգամ իմ տուն գալիս, քեզնից ուժ եմ առնում, քեզնով հպարտանում, չեմ հուսալքվում, որովհետեւ քո զորավոր հողը ինձ ապրելու հնարավորություն է տալիս, աշխատելու, ստեղծագործելու հնարավորություն է տալիս, չկոտրվելու հնարավորություն է տալիս.. Մի աննկարագրելի ուժ եմ ստանում։ Արցախում լարված չեմ.. էներգիա կա, որտեղ զորություն ես ստանում, ու Աստծուն ավելի մոտ ես, ու տանն ես։ 

Շուտ, շուտ` հաճախակի եկեք Արցախ` ապրելու Արցախ։ Հիմա մեզնից է կախված մեր տունը....

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024