Ես տղա եմ տվել, որ բերեն տոպրակով ինձ տա՞ն

Արթուր Հայրապետյան Մարտ 19, 2021

Ես տղա եմ տվել, որ բերեն տոպրակով ինձ տա՞ն. անհետ կորած զինծառայողի հարազատ

«Մենք խնդրում ենք, որ բերեն մեր երեխաներին, տան մեզ, գոնե հանգստանանք»,- ասում է անհետ կորած զինծառայողի հայը՝ Մերուժան Մանուկյանը: Նա և այլ անհետ կորած զինծառայողների հարազատներ կառավարության մոտ են, ցանկանում են որևէ մեկն իջնի ու իրենց հարցերին պատասխանի:

«Արդեն անհնար է, կանգնած եմ այստեղ, ջանս դողում է, չեմ կարողանում դիմանալ: Մարդ երկու օր իր երեխային չտեսնի, կգժվի, բա մենք ի՞նչ անենք: Ի՞նչ անեն այս ծնողները»,- նշում է նա: Մերուժան Մանուկյանի խոսքով, ամեն հանդիպմանն ասում են՝ կբերենք, կբերենք, այսօր, վաղը: «Թող ասեն քո տղեն ողջ է, այս ինչ տեղն է, կամ ասեն չկա… 6 ամիս է լուր չկա: Ի՞նչ է անում կառավարությունը: Ընտրվելու ժամանակ ասում են՝ ամեն ինչ ժողովրդի համար, հիմա ժողովորդը… 500 ծնող ի՞նչ անի: Ուզում են այդ 500 ընտանիքն էլ մեռնեն, պրծնե՞ն»,- վրդովված ասում է անհետ կորածի զինծառայողի հայրը: Նրա խոսքով, ԴՆԹ անալիզ հանձնել են, բայց որևէ պատասխան չկա: Անհետ կորած զինծառայողի հարազատ Լիպարիտ Թովմասյանն նշում է. «Ես տղա եմ տվել, ոչ թե ԴՆԹ, ոչ թե ոսկոր: Ես տղա չեմ տվել, որ տոպրակով բերեն»: Անուշ Գևորգյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ վեց ամիս է լուր չունի որդուց. «Հանգիստ նստած են իրենց տեղերում, թող իջնեն, պատասխանեն մեզ: Այս ինչ խիղճ է, այս ինչ երկրում ենք ապրում: Հիմա մեր երեխայի հարցը պետք է լուծեն, ոչ թե ընտրություններ կազմակերպեն: Մենք երեխա ենք տվել, որ այսօրվա օրով մեզ դիակ տա՞ն: Եթե չեն կարողանում բերեն, թող ասեն մեզ, մենք դիմենք այլ երկրների»: Նրա խոսքով՝ վեց ամիս է իրենց խաբում են, այս ու այն կողմ են տանում, բերում: «Այսօրվա օրով, որ իրենք այս հողի վրա կանգնած են, ո՞ւմ շնորհիվ են կանգնած: Մեր երեխաների, չէ՞: Բայց այսօր մեր երեխաները չկան»,- ասում է որդուց ամիսներ շարունակ որևէ լուր չունեցող Անուշ Գևորգյանը:

 

https://www.panorama.am/am/news/2021/03/19/

Կիսվել