«Էսքանից ավել ո՞նց պիտի վնասեն»․ Կապանի զորամասերում ծեծուջարդը շարունակվում է

Արթուր Հայրապետյան Հուլիս 14, 2021

«Էսքանից ավել ո՞նց պիտի վնասեն»․ Կապանի զորամասերում ծեծուջարդը շարունակվում է

Մայիսին խմբագրությանը հայտնի դարձավ, որ Կապանի զորամասերից մեկում ռազմական ոստիկանները ծեծի են ենթարկել մի քանի զինծառայողների, այդ թվում պատերազմով անցած զինվորների։ Հետագա շաբաթների ընթացքում մեզ հաջողվեց կապ հաստատել տեղի զորամասի ժամկետային և պայմանագրային զինծառայողների և իրենցից մի քանիսի հարազատների հետ։

 

Պարզվեց, որ զինծառայողների հանդեպ վերաբերմունքը գնդի ներսում պատերազմից հետո չի փոխվել՝ կարճ, մի քանի օրանոց արձակուրդները մնում են որպես արտոնություն, բռնությունը չի դադարել։ Եթե պատերազմից անմիջապես հետո սպաների և նայողների վերաբերմունքը կռիվը վերապրած զինվորների հանդեպ մեղմ էր, ապա այժմ բանտային կարգերը վերադարձել են։ Սպաները դա բացատրում են նորակոչիկներին չլազվացնելու անհրաժեշտությամբ։

 

Զինծառայողները, ովքեր կապի են դուրս եկել լրագրողների հետ ընդգծում են, որ չէին գնա այդ քայլին, եթե ռազմական ոստիկանների պահվածքը այլ լիներ․

 

– Մեքենայով մտել են զորամաս, մեկը քաղաքացիական հագուստով էր, առանց ներկայանալու հարձակվեցին մեր վրա, խփեցին, շորերը պատռելով, տշում էին։

– Սպա չկա՞ր մոտակայքում, ի՞նչ էին անում։

– Կար, ոնց չկար՝ օգնում էին տփողներին։ Տղերքը շատ նեղված են, պատերազմով են անցել, մեջները կանտուզիա տարած կա․․․

– Ձեզ չի՞ վնասի, եթե գրենք այս դեպքի մասին։ Գուցե պետք է սկզբից վստահելի իրավաբանների, իրավապաշտպանների դիմել․․․

– Էսքանից ավել էլ ո՞նց պիտի վնասեն։

– Պատերազմից հետո չի՞ հեշտացել արձակուրդների հարցը։

– Ուրիշ տեղ կարող ա, մեր մոտ նույնն ա։ Ուվալնենի, օտպուսկ մոռացել ենք, խի՞, տենց բան կա՞ ծառայության մեջ։

 

Զորքը միջամտել է, երբ ռազմական ոստիկանները փորձում էին ծեծվածներին մտցնել մեքենան և տանել։

 

– Զորքը չի թողել տանեն, աֆիցեռները կանգնած նայում էին կամ էլ օգնում ծեծողներին։ Զորքը չլիներ, տանելու էին կորցնեին։ Վիրավոր էլ կար մեջներս, իրան էլ են խփել, մի հոգի վատացել էր, տարել էին բուժկետ, 19 տարեկան ա։ Էդ դեպքից հետո ճնշումը մինչև 170 բարձրանում ա։ Էսքանը տպեք՝ հերիք ա։

 

Զորամասի պայմանագրային ծառայողներից մեկի կինը պատմում է, որ պատերազմից հետո և ընտրություններից առաջ գնդի և մարզի ղեկավարությունը էլ ավելի լպիրշ են դարձել։ «Սաղ թողած ա հասարակ ծառայողների վրա։ Էլի շարում են, ձեռ առնում, իրանք գիշերները խմում, աղջիկներ պատվիրում։ Հարբած, դոզի տակ մեքենաներով ֆռում են, մարդ ընկնի ձեռները՝ սպանեն»։

 

Կինը պատմել է նաև, որ հաճախ է տեսել, թե ինչպես են Կապանի և մարզի ղեկավարները, հանցավոր հեղինակությունները անարգել մտնում զորամասեր, ահաբեկում զինվորներին, ուտում-խմում սպաների հետ։ «Երևանից որ ստուգող գա կամ զինվորի բարեկամ, հազար պատճառ կգտնեն, որ չթողեն, բայց ինչքան գողական հանրապետական ու դաշնակ կա՝ ազատ մտնում են»։

 

Կապանի մոտակայքում գտնվող այլ զորամասի ծառայողները ևս պատմեցին, որ պատերազմից հետո արձակուրդներ և ուվալնենիներ տրամադրելու՝ ծանոթով և փողով սկզբունքը չի փոխվել։ Իրենց մոտ ևս մի քիչ թուլացել էր սպայական կազմի ագրեսիան պատերազմով անցած զինվորների հանդեպ․ չէին սատկացնում դանդաղ արթնանալու կամ վերևի կոճակը չկոճկելու համար մինչդեռ նորեկներին խփում են, հայհոյում, ստորացնում։

 

Ռազմական ոստիկանները սյս զորամասում ապրիլի վերջին ևս զինվորների են ծեծել, քանի որ կասկածում էին, որ իրենք կարող են ինքնակամ լքել զորամասը։

 

EPRESS.am

Կիսվել