«Եթե այլընտրանքը լինի Քոչարյանի եւ ներկա իշխանության միջեւ, Քոչարյանը շանս չունի». Ստյոպա Սաֆարյան.

Արթուր Հայրապետյան Հունվար 29, 2021

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Քոչարյանի՝ «կրելու ենք» արտահայտության մասին՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատասխանում է.

 

«Եթե այլընտրանքը լինի Քոչարյանի եւ ներկա իշխանության միջեւ, Քոչարյանը շանս չունի: Ըստ էության ինքը նաեւ այդ խնդիրներն է պատկերացնում, որովհետեւ լավ գիտի, որ այս հասարակությունն իրեն չի ընդունում, իր վերադարձը չի ուզում: Եթե որոշ հատված էլ ուզում է փոխել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա ակամա դառնում է այդ նույն իշխանության պաշտպան, երբ հասկանում է, որ ընտրությունը Քոչարյանի եւ նրանց միջեւ է»:

 

Հնարավո՞ր է մինչեւ ընտրություններ այսպես ասած երրորդ բեւեռի ձեւավորում: Այդ մասին Եռաբլուրում հայտարարել էր նաեւ Վահան Բադասյանը: Սաֆարյանը դա հնարավոր է համարում, բայց որոշ վերապահումներով.

 

«Եթե այդ երրորդ բեւեռը լինելու է բռնության բեւեռ, պետք չի թույլ տալ այդ բեւեռը ձեւավորվի: Բադասյանն այսօր խոսում էր վարչապետին զենքով ոչնչացնելու մասին: Ավելի լավ է այդպիսի բեւեռ ընդհանրապես չլինի, որովհետեւ դրանից մենք արդեն ունենք: Քոչարյանի բեւեռը հենց դա է: Ինչ վերաբերում է այնպիսի մի բեւեռին, որ ներկա իշխանության մեջ չի, նախկինում չի եղել, ապա դա միայն ողջունելի է: Ես շահագրգռված կլինեմ, որ այդպիսի ուժեր թափ առնեն, ուժեղանան: Դա ոչ միայն ընտրության բազմազանությունը կմեծացնի, կստեղծի կոալիցիաներ կազմելու, ազգային համերաշխության կառավարություն ձեւավորելու, միգուցե իշխանությունը նրան փոխանցելու հնարավորություն: Այսինքն` այս երկրի համար դա ամենալավ տարբերակն է: Կոալիցիոն կառավարությունների միջոցով կարող են չեզոքացվել այն վտանգները, որ գալիս են մեկ ուժով կառավարումից»:

 

https://www.aravot.am/2021/01/29/1167977/

Կիսվել