«Եթե ես վարչապետից չեմ վախենում, առավել ևս չեմ վախենա ՖԲ-ում թաքնվածներից ու տղամարդկային հայհոյանքներ գրող դեռատի օրիորդներից»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 09, 2020

«Եթե ես վարչապետից չեմ վախենում, առավել ևս չեմ վախենա ՖԲ-ում թաքնվածներից ու տղամարդկային հայհոյանքներ գրող դեռատի օրիորդներից»․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարած այցից հետո քննարկման բուռն թեմա է դարձել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից Ամենափրկիչ եկեղեցու բակում երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ չմատուցելը։ Սրբազանը, որը դեկտեմբերի 7-ի առավոտյան՝ մինչ վարչապետի այցը, երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին պատարագ էր մատուցել Սուրբ Յոթվերք եկեղեցում, պարզաբանել էր ․

«Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստյան կարգ մատուցեի» ։ Միքայել Սրբազանի այս խոսքերից հետո վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։ Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։ Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը»։

Aravot.am-ն այս թեմայի ու նաև երկրում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

Սրբազան, այս օրերին բուռն քննարկման թեմա դարձան ձեր այս խոսքերը՝ վարչապետը իմ չէ, և ես հոգեհանգստյան կարգ չեմ մատուցի։

-Ոչ թե հոգեհանգստյան կարգ չեմ մատուցի, այլ ի՛ր ներկայությամբ չեմ մատուցի, դրանք տարբեր բաներ են։ Ես հոգեհանգստյան արարողություն արել եմ, կանեմ և ոչ մեկը ինձ չպիտի թելադրի, որ անեմ, ինքս իմ խղճի թելադրանքով եմ անում հոգեհանգստյան կարգը։

-Կարծիքներ հնչեցին, որ հոգևոր առաջնորդը քաղաքական գործընթացների մեջ է մտնում։

-Լավ է անում, եթե բանն արդեն հասել է դրան, լավ է անում , թող իրենք ցույց տան Սահմանադրության այն հոդվածը, որով ես իրավունք չունեմ քաղաքականությամբ զբաղվել, թող ցույց տան, չկա այդպիսի բան։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, լիարժեք քաղաքացի եմ, թերի քաղաքացի չեմ, Ստալինի ժամանակները չեն․ Ստալինի ժամանակ հոգևորականը համարվում էր ձայնազուրկ քաղաքացի, ո՛չ ընտրելու, ո՛չ ընտրվելու իրավունք ուներ։ Այսօր այդ ժամանակները չեն, ես այս երկրի քաղաքացին եմ և վաստակած քաղաքացին եմ, այս երկրի համար աշխատած, քրտնած, ճգնած, ստեղծած, տառապած քաղաքացին եմ և խոսք ունեմ ասելու և ասում եմ, ում դուրը չի գալիս, թող չլսեն։

-Վարչապետի մամուլի խոսնակը ևս պատասխանել էր Ձեզ։

-Պատասխանել էր, գոհ եմ, շնորհակալ եմ, որ պատասխանել էր կոռեկտ, ոչ թե նախկինի նման պարոն Աջապահյան-ով կամ չգիտեմ ինչով, այլ Միքայել Սրբազան-ով էր պատասխանել։ Գոհ եմ իր պատասխանից, ես իր պատասխանից դժգոհ չեմ, թեև ինքը հոգեհանգիստն ու պատարագը խառնել է իրար, ոչինչ, երիտասարդ աղջիկ է, կմեծանա, կսովորի։ Իսկ թե գյումրեցիները ինչ գնահատական պիտի տան , գյումրեցիները 22 տարի է տալիս են գնահատական, եթե ես զգամ այս քաղաքում ընդունված չեմ, չեմ մնա այստեղ։ Եթե ես իմանամ, որ ես չեմ կարող փողոցում դուրս գալ ու զբոսնել և ինձ պետք է ինչ-որ հայացքներ հետևեն, փնովող, քննադատող հայացքներ, մնում եմ՝ ի՞նչ անեմ այս քաղաքում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/09/1158020/ © 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024