Եթե նախկինում Արցախի հարցն էր խանգարում, հիմա արդեն հայկական բանակն է խանգարում  Թուրքիային

Արթուր Հայրապետյան Փետրվար 26, 2021

Չգիտեմ, թե ինչ թարգմանությամբ է ներկայացված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի դատապարտող հայտարարությունը, դրա համար ներկայացնում եմ այն ամբողջությամբ։

«Մենք բացարձակապես դեմ ենք ռազմական հեղաշրջումներին և հեղաշրջման փորձերին աշխարհի ցանկացած կետում: Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման այս փորձը », - փետրվարի 25-ին Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյջարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ժողովրդավարական երկրներում նորմալ է, որ ժողովուրդը կարող է քննադատել կառավարություններին և պահանջել նրանց հրաժարականները, բայց անընդունելի է բանակի կոչը ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետից հրաժարական պահանջելը, առավել ևս նրան տապալելու փորձեր անել։ Այդ պատճառով մենք խստորեն դատապարտում ենք հայկական բանակի այս կոչը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

«Տարածաշրջանային կայունության հնարավորության պատուհան կա: Այս կայունությունը պետք է ընդգրկի ամբողջ տարածաշրջանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը կարգավորելու միջոցով։

Թուրքիան և Իրանը տարածաշրջանային նախաձեռնություն էին առաջարկել 3 + 3 ձևաչափով, որպեսզի Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը կարողանան միավորվել ՝ նպաստելու Կովկասում բարգավաճմանն ու խաղաղությանը:

Ուստի յուրաքանչյուր երկրում կայունությունը շատ կարևոր է: Հայկական բանակի այս քայլը խաթարում է կայունությունը », -

իր խոսքը եզրափակել է Չավուշօղլուն:

Մի խոսքով , եթե նախկինում Արցախի հարցն էր խանգարում , հիմա արդեն հայկական բանակն է խանգարում  Թուրքիային։

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Կիսվել