Եթե Քյարամյանը այդքան ձախողված կադր է, որ ոչ մի տեղ չի կարողանում գոնե մի քանի ամիս աշխատել, հեռացրեք պետական ծառայությունից, թոշակ նշանակեք, միայն թե վնաս չտա

Արթուր Հայրապետյան Հունվար 13, 2021

Մամուլը գրում է, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Գուցե չարժեր անդրադառնալ թեմային, քանի դեռ չկա պաշտոնական հաստատում, բայց Քյարամյանի նշանակումները այս կամ այն պաշտոնին այնքան հաճախ են լինում, որ կարող է անգամ չհասցնենք ֆիքսել, թե ինչպես նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, իսկ այնուհետև՝ ազատվեց: Շուտով այդ երիտասարդի CV-ն ավելի երկար կլինի այն մարդկանց CV-ից, որոնք իր տարիքի երկու անգամի չափով աշխատանքային գործունեության ճանապարհ են անցել: Երկու տարվա ընթացքում երիտասարդը հասցրել է դառնալ Վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավար, Գլխավոր դատախազի տեղակալ, Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ պետ և կրկին Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ: 

Եթե Քյարամյանը այդքան ուժեղ կադր է, տիրապետում է ուժային կառույցների աշխատանքի ամբողջ սպեկտրին, նշանակեք փոխվարչապետ՝ ուժային կառույցների համակարգող: Եթե Քյարամյանը այդքան ձախողված կադր է, որ ոչ մի տեղ չի կարողանում գոնե մի քանի ամիս աշխատել, հեռացրեք պետական ծառայությունից, թոշակ նշանակեք, միայն թե վնաս չտա: Ամեն դեպքում մի լուծում ընտրեք, այլապես շուտով բյուջեում առանձին տող սահմանելու կարիք կլինի: Իսկ տողը կկոչվի Արգիշտի Քյարամյանի պաշտոնի ցուցանակների վրա արված ծախս:

ՉԻ

Կիսվել