Գործադիրը 4.1 մլրդ դրամ տվեց ՔԿ-ի, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»

Արթուր Հայրապետյան Մարտ 24, 2022

Գործադիրը 4.1 մլրդ դրամ տվեց ՔԿ-ի, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»

 

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում որոշեց կառավարության ֆոնդից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացնել ԱԱԾ-ին, 340 մլն դրամ՝ Ոստիկանությանը և 643.5 մլն՝ ՀՀ քննչական կոմիտեին: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 4,1 մլրդ դրամ:

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գումարի հատկացումն արվում է ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով:

 

Վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննիչների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (մինչդատական քրեական վարույթ) արդյունավետության նվազեցմանը:

 

Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով՝ առաջարկվում է Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար ՀՀ 2022թ. պետական բյուջեից հատկացնլ 643.500.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության գծով ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վերջիններիս բնականոն գործունեության ապահովմամբ:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից շրջանառվում է ՀՀ կառավարության 03.07.2014թ. 712-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը»:

Կիսվել