Հարկավոր է հասարակությանը կրթել

Արթուր Հայրապետյան Օգոստոս 05, 2021

Ընդամենը երեք օր է անցել, ինչ գործի է անցել նոր խորհրդարանը, սակայն արդեն տեսանելի է նրա ողջ հմայքը: Հայտնի չէ` 5, 3, թե 1 տարի է պաշտոնավարելու այս խորհրդարանը, բայց հաստատ ինչ-որ ժամանակ մենք ստիպված ենք լինելու դիտել գավառական այս թատրոնի թշվառ ներկայացումները:

 

Երեք ռեժիսորներ իրենց բեմադրությունների համար ընտրել են այնպիսի դերասանական կազմ, որի անդամների մտքով երբեք չանցնի ասելու` ռեժիսոր ջան, բա սա սցենա՞ր է, բա ամոթ չէ՞ այսպես ներկայանանք հանդիսատեսին:

 

Եթե կինեմատոգրաֆում կամ թատրոնում շատ ռեժիսորներ դերասաններին ընտրում են սեփական անկողնու միջով անցնելու միջոցով, ապա հայտնի երեքը դերասանական կազմն ընտրել են թերևս միայն մի չափորոշիչ գործածելով: Այն է` լուռ ու մունջ հրաման կատարող «մասովկա», որի մասնակիցները երջանիկ են, որ ռեժիսորներն իրենց նկատել են:

 

Մյուս կողմից պետք է ընդունել, որ սա մեր հանրության 80 տոկոսի ընտրությունն է և հաշտվել իրականության հետ: Սակայն պատասխանատու ուժերը հենց այսօրվանից պետք է պատրաստվեն հաջորդ ընտրություններին, որպեսզի հաջորդ անգամ չլինի այնպես, ինչպես եղավ հիմա:

 

Հաշտվել իրականության հետ չի նշանակում քաշվել մի կողմ, սպասել, թե երբ խորհրդարանում հայտնված երեք ուժը վերջնականապես կավիրեն երկիրը, կստեղծեն նոր ճգնաժամ և ստիպված կգնան նոր ընտրությունների:

 

Հենց այսօրվանից պետք է հանրությանը բացատրել, որ պողպատե մանդատը ժամանակի մեջ ստեղծելու է նույն հետևանքները, ինչ երեք տարվա մեջ թավշյա մանդատը: Գործող խորհրդարանական ընդդիմությունը իշխանությունից չի պահանջելու պարզաբանումներ, թե ինչու չի իրականանում նախընտրական խոստումը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մասով: Հունիս ամսին Փաշինյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում մինչև հուլիսի 15-ը լուծելու է կոմբինատի սեփականության խնդիրը՝ գոնե որոշակի չափաբաժին պետականացնելով: Իմանալով գործող իշխանության էությունը՝ ամենևին անակնկալ չի լինի, եթե պարզվի, որ սեփականության հարցը վերանայելու խոստումը ջրվի՝ կոմբինատի կողմից մի քանի միլիոն դոլար որևէ ֆոնդի փոխանցելու շնորհիվ:

 

Գործող ընդդիմությունը չի պահանջելու, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը աշխատի ողջ թափով: Հաստատ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Տարոն Մարգարյանը, Արմեն Գևորգյանը, Իշխան Զաքարյանը, Սեյրան Օհանյանը չեն բարձրացնելու այդ օրենքի կիրառման դանդաղկոտության հարցը: Դա պետք է անեն խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, որոնք վախենալու բան չունեն, քանզի չեն մասնակցել երկրի թալանին:

 

Խորհրդարանական այս վակխանալիայի ֆոնին արտախորհրդարանական ուժերը պետք է ստեղծեն այլընտրանքային ֆորմատ, մի հարթակ, որը շատ ակներև ցույց կտա գործող խորհրդարանի և այլընտրանքի որակական տարբերությունը: Այնտեղ չի լինի՝ գող, գողը դու ես, լիրբ, լիրբը դու ես մակարդակի երկխոսություն: Այնտեղ պետք է երկրի իրական հոգսերի վերաբերյալ որակական նոր մակարդակի մտքերի փոխանակություն ծավալվի:

 

Երեք թիմի հետ կապ չունեցող քաղաքական գործիչները, քաղաքագետները, տնտեսագետները, մտավորականությունը, դիվանագետները և ռազմական գործիչները լուծումներ կառաջարկեն երկիրը այս վիճակից դուրս հանելու ուղիների մասին: Եվ գուցե հանրությունը կտեսնի այլընտրանքը, կգիտակցի իր ընտրության հետևանքներն ու անհամեմատ ավելի գիտակցաբար կմոտենա առաջիկա անխուսափելի արտահերթ ընտրություններին:

 

Արիս Վաղարշակյան

Կիսվել