Հասկանո՞ւմ եք՝ Լավրովն ինչ է ասել

Արթուր Հայրապետյան Հունվար 18, 2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանը հայ գերիների, անհետ կորածների վերադարձի հարցի ուղղությամբ, ասել է. 

«Եթե ամփոփենք տեղի ունեցածը, ապա սկզբից իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը, քանի որ անհրաժեշտ էր, որպեսզի և հայերը, և ադրբեջանցիները ձևավորեին անվանացանկը մարդկանց, ովքեր կորել են, և ցանկանում են գերությունից ետ բերել: Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամադրեց, և այն այդքան զգալի չէր, և բոլորը՝ ոչ միանգամից, բայց վերադարձվեցին, այն անձինք, ովքեր հիշատակված էին ադրբեջանական ցուցակում: Այլ իրավիճակներ ադրբեջանական կողմում` կապված գերիների, անհետ կորածների հետ, չի առաջացել: Հայկական կողմից ցուցակները ներկայացվեցին ոչ ամբողջական և ոչ միանգամից, և արդյունքում՝ փոխանակում տեղի ունեցավ այն անձանց, որոնք մասնակից էին ռազմական գործողություններին նոյեմբերի 9-ի դրությամբ: Բայց ներկայումս գլխավորը հետևյալ հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զինծառայողների մի մեծ խումբ, նորակոչիկներ, ինչպես ես եմ հասկանում, ուղարկվել էին այնտեղ, և նրանք ընկան գերության արդեն մեկ շաբաթ և տասն օր անց՝ դեկտեմբերից: 62 մարդ, և ադրբեջանական կողմն այդ փուլում հայտարարեց, որ քանի որ այդ մարդիկ ուղարկվել են այդ շրջան հրադադար հայտարարելուց և ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե մինչև նոյեմբերի 9-ին վերաբերող մասով:

Ես խոսել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ, փորձելով հստակեցնել վերջնական ցուցակներն այն անձանց, որոնք չեն գտնվում, բայց պարզվեց, որ նրանք ավելի շատ են, քան 62-ը»:

 

«ՉԻ». Հասկանո՞ւմ եք՝ Լավրովն ինչ է ասել: Ասում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո 2 ամիս է անցել, բայց հայկական կողմը մինչև հիմա չգիտի՝ քանի գերի ու անհետ կորած ունի: 

Մինչև Հադրութում 62 հոգու գերի ընկնելը հայկական կողմը մեր գերիներին փոխանակել է ադրբեջանցի գերիների հետ: Հիմա Ռուսաստանը, շեշտում ենք՝ Ռուսաստանը, զբաղված է այդ 62 հոգուն էլ վերադարձնելու գործով:

Լավրովը զանգել է մեր արտգործնախարարին, ասել՝ ապեր, մի հատ ուղարկի այդ 62 հոգու ցուցակը, տենանք ինչ ենք անում, մեկ ա, ձեզանից հույս չկա, մեր արտգործնախարարն ասել է, ոնց որ թե 62 հոգի չեն, շատ են: 

Այսինքն, այդ ի՞նչ քաոս ու անկազմակերպվածություն պետք է լինի, որ մի ամսում հնարավոր չլինի գոնե գերիների ցանկը ճշտել: Հետաքրքիր է, մեր տղաները գերության մեջ որքա՞ն պիտի մնան, որ այստեղ պարզեն նրանց թիվը:

ՉԻ

Կիսվել