Հայաստանին՝ լոլիկ, Ադրբեջանին՝ «Բայրաքթար»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 28, 2020

Հայաստանին՝ լոլիկ, Ադրբեջանին՝ «Բայրաքթար»

Տևական ժամանակ է, ինչ հայկական շուկան հեղեղված է թուրքական բանջարեղենով՝ ահազանգում են ֆերմերները: Թեև նախորդ տարիների համեմատ ավելի քիչ է թուրքական բանջարեղեն Հայաստան մտել, բայց Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ներկրումների ծավալներն ավելացել են: «Ստորագրած եռակողմ հայտարարության հենց երրորդ օրն սկսել են զգալի ծավալներով թուրքական գյուղմթերք ներկրել: Եթե շուկայում տեսնում եք «Չերրի» տեսակի, ինչպես նաև փոքր լոլիկները, դրանք թուրքական են»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Արմեն Սիմոնյանը: 

Արցախյան պատերազմի ընթացքում կառավարությունը, հիշեցնենք, հոկտեմբերի 20-ին որոշեց դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների մուտքը մեր երկիր՝ բացի հումքից։ Մինչ այդ, ըստ պաշտոնյաների, գործարարները պետք է վերադասավորվեն և այլընտրանքային շուկաներ գտնեն: Եվ այժմ, նախքան արգելքի ուժի մեջ մտնելն ու նոր շուկաներ փնտրելը, թուրքական պտուղ-բանջարեղենով բեռնված մեքենաների շարժը կրկին ակտիվացել է: Ներկրվում է ոչ միայն թուրքական լոլիկ: Բերվում է նաև վարունգ, սմբուկ, դդմիկ, պղպեղ, սոխ, կանաչեղեն, ինչպես նաև ցիտրուսային մրգեր: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից թուրքական 13049 կգ լոլիկ է ներկրվել: Նույն ժամանակահատվածում կրկին Վրաստանից 19153 կգ թուրքական վարունգ է ներմուծվել մեր երկիր: Հարևան երկրից ներկրվել է նաև 133709 կգ սմբուկ, 11638 կգ դդմիկ, 23681 կգ պղպեղ, 151 կգ լոբի: Իսկ թուրքական սոխ ու կանաչեղեն մեր երկիր է արտահանվել Ռուսաստանի Դաշնությունից: «Անցնում եմ բանջարեղենի խանութի կողքով և տեսնում, որ շատ սիրուն շարված են թուրքական սմբուկը, դդմիկն ու լոլիկը: Դրանք, բայց զուտ գյուղատնտեսական գեղեցկություն են: Ես դրանց մեջ «սնարյադներ» եմ տեսնում, որոնք պայթել են մեր զինվորների վրա: Մի՞թե այսքանից հետո կարող ենք թուրքական ապրանք ներկրել և կրկին նրանց ջրաղացին ջուր լցնել»,- նկատեց հողագործը: Թանկացումների հերթական ալիքն է սպասվում Արմեն Սիմոնյանն ասում է, երբ Իրանից ներկրումները սկսվում են, Թուրքիայից արտահանման ծավալները նվազում են: Ըստ ֆերմերի՝ ներկրումների պատճառով տեղական արտադրողն է տուժում, քանի որ ջերմոցում բանջարեղեն մշակելը ծախսատար է էներգակիրների պատճառով: Իսկ Թուրքիայում նման խնդիր չկա: «Մեր բանջարեղենի արժեքի 70 տոկոսը վառելիքի գինն է կազմում: Ես գնացել եմ Անթալիա և շուկան ուսումնասիրել: Այնտեղ 30 ցենտով կարող ես անմիջապես արտադրողից ապրանք վերցնել, իսկ սահմանից գնելու դեպքում 80 ցենտ ես վճարում: Դա նշանակում է, որ կիլոգրամը 40 դրամով կարող ես լոլիկ ներկրել: Մենք նույնիսկ, երբ բաց դաշտում լոլիկ ենք մշակում, ինքնարժեքը 40 դրամ չի կազմում, ավելի թանկ է նստում՝ հաշվի առնելով թունաքիմիկատների, բուժանյութերի բարձր արժեքը»,- մատնանշեց նա: Էներգակիրների շուկայում նախատեսվող առաջիկա զարգացումները ջերմոցատերերի օգտին չեն: Նրանց համար գազի սակագինն արդեն բարձրացել է, փետրվարին էլ կթանկանա հոսանքը, ինչն իր հետևանքները կթողնի ջերմոցային տնտեսությունների հետագա գործունեության վրա: «Փոխարժեքի փոփոխությունների պատճառով գազի սակագինը մոտ 10 տոկոսով բարձրացավ՝ 103 դրամից դառնալով 110: Չի բացառվում, որ հաջորդ ամիս կրկին թանկանա: Գնաճն անխուսափելի է լինելու՝ կախված նրանից, թե ձմռանն ինչ աստիճանի է ցուրտ գրանցվում: Գյուղմթերքը թանկանալու է, բայց պետք է նշել, որ գազի սակագնի և հոսանքի թանկացումը շղթայական գնաճի է հանգեցնելու»,- շեշտեց ֆերմերը: Ինչպես հայկական գյուղմթերքի շուկան կարձագանքի Թուրքիայից ներկրման արգելքի որոշմանը Կառավարության՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի որոշման հետ, սակայն, ֆերմերները հույս չեն կապում: Նրանց պնդմամբ՝ զարտուղի ճանապարհներով, գյուղացու հաշվին մեծ գումարներ աշխատող գործարարները, թուրքական գյուղմթերք կբերեն: Արտադրողները հավաստիացնում են՝ իրենք կարող են այնքան բերք արտադրել, որ դրսից ոչ մի կիլոգրամ ապրանք ներկրելու կարիք չլինի: «Եթե գյուղացին 100 տոկոսով «գարանտիա» ունենա, որ ներկրումներ չեն լինելու, կարող է հաջորդ տարվա պակասուրդը լրացնել: Բայց, ի տարբերություն թուրքականի, մեր արտադրանքի գինը 100-200 դրամով բարձր է լինելու, որովհետև մենք էներգակիրներ ենք օգտագործում»,- նշեց նա: Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների և Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը նաև Արմեն Սիմոնյանն է ներկա եղել: Նախարարին ներկայացրել են իրավիճակը, բայց Վահան Քերոբյանի տված հարցերից ֆերմերը հասկացել է, որ նա գյուղատնտեսության այս ճյուղը լավ չի պատկերացնում:

Մանյա Պողոսյան «Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024