Հայկական բարեգործական հիմնադրամի 115-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ՄԻՊ Արման Թաթոյանը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 16, 2021

Ջերմորեն շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդի կյանքում անգնահատելի դեր ունեցող Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (AGBU Armenia AGBU) հիմնադրման 115-ամյակի առթիվ։

-----------

ՀԲԸՄ-ի անուրանալի ջանքերը տասնամյակներ շարունակ միտված են եղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Արցախը քաղաքակիրթ աշխարհի մաս դարձնելու գործում միությունը տարել և շարունակում է տանել հսկայածավալ աշխատանք՝ ի նպաստ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության։

 

Հայկական ինքնության, կրոնի, մշակույթի պահպանման ու զարգացման հարցերը մշտապես գտնվել են ՀԲԸՄ-ի առաջնային ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ-ի կրթության ծրագրերի շնորհիվ հազարավոր մարդիկ կարողացել են ստանալ բարձրորակ կրթություն և ստացած գիտելիքներով նպաստել Հայրենիքի հզորացմանը:

 

Մարդասիրական առաքելությունը, որը միությունն իրականացնում է Արցախում, Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր, անուրանալի նշանակություն ունեն տարատեսակ աղետների ու պատրերազմների հետևանքով անելանելի վիճակում հայտնված մեր հայրենակիցների կյանքում։

 

Մաղթում եմ, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության առաքելությունն այսուհետև ուղղված լինի միմիայն հանուն կայուն զարգացմանը, այլ ոչ թե դժվարին իրավիճակների հետևանքների վերացմանը։

 

Մեկ դարից ավելի ձգվող մարդասիրական առաքելության ու հայապահպան գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր օրնիբուն աշխատանքով է վաստակել իր վառ դերը հայոց պատմության մեջ:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայկական բարեգործական ընդհանուր միության բոլոր աշխատակիցներին 115-ամյա պատմություն ունեցող թիմի անդամ լինելու առթիվ։

 

Հատուկ ենք արձանագրում, որ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը մշտապես եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողքին: Մենք միասին ոչ միայն իրականացրել ենք կրթական, իրազեկման ծրագրեր, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների աջակցմանն ուղղված քայլեր, այլ նաև ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները աշխարհին ճշգրիտ ներկայացնելուն ուղղված միջոցառումներ: Հատկապես գնահատելի է ՀԲԸՄ դերը 2020 թվականի սեպտեմբեր-նեյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները վերլուծելու և աշխարհին ներկայացնելու հարցում:

 

Արման Թաթոյան

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Կիսվել