Հերոսացավ, ինչպես մյուսները՝ լույսի արագությամբ, երբ համազգային ոգևորության մեջ դեռ նշմարելի չէր պարտության քստմնելի ուրվականը

Արթուր Հայրապետյան Փետրվար 11, 2021

ԻՄ_ՀԵՐՈՍԸ_նախագիծ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Տիգրան Վահանի Զաքարյան, ծնվել է 1988թ.-ի նոյեմբերի 11-ին: Ապրիլյան պատերազմի մասնակից մարտիկը՝ թեթև ու հաղթողի հոգեբանությամբ, մեկնեց թեժ կռվի երկրորդ անգամ: Ժպիտով գրկեց կնոջը՝ Հասմիկին, ու գնալուց առաջ ասաց. -Երբ վերադառնամ՝ Մոնթե՛ ենք ունենալու: Սեպտեմբերի 27-ին մեկնելով ռազմաճակատ՝ Տիգրանը չհասցրեց պաշտելի կնոջ հետ տոնել ամուսնության մեկամյակը, որ լրանալու էր հոկտեմբերի 27-ին: Ծնողները, կինն ու բոլոր հարազատները չէին ենթադրի, որ ուրախ հրաժեշտից հետո տխուր վերադարձ էր լինելու:

Կենսասեր ու բոլորին կարեկից մարտիկը դեռ պարտադիր զինծառայության ընթացքում հասցրել էր արժանանալ մի քանի շքանշանի: Շարունակ լսում էր միայն ռազմահայրենասիրական երգեր: Հոգին սնում էր բարությամբ, մեծին, փոքրին ուղղված անչափելի հարգանքով: Հերոսացավ, ինչպես մյուսները՝ լույսի արագությամբ, երբ համազգային ոգևորության մեջ դեռ նշմարելի չէր պարտության քստմնելի ուրվականը: Պարտությա՞ն: Պարտվեց քաղաքականությունը, բայց ո՛չ մինչև վերջին շունչը անձնավիրաբար կռվող Տիգրանն ու բոլոր հերոսները: Հենց այս անշոշափելի հաղթանակն առավել ապրեցնող է ու պարտավորեցնող: Մենք ազգովի նրանց բարեկեցիկ, ամուր հայրենիք ենք պարտք: Այս է միայն մեր ապրելու արդարացումը: Տիգրանի և Հասմիկի Մոնթեն չծնվեց, բայց Տիգրանն իր 32 տարին չբոլորած դարակազմիկ կենսագրութմաբ ճանապարհ հարթեց ապրող, ծնված հազարավոր Մոնթեների համար: Հադրութի պաշտպանական մարտերում օրերը թեժ էին: Տիգրանն այն փորձառու մարտիկն էր, որ չէր թողնի նորակոչիկին մենակ: Ռազմաճակատում փոխվում են կանոնները: Սիրելի արտահայտություն ուներ ՝ «Անտանելի է, երբ ամեն ինչ տանելի է:» Մի՞թե նրա համար տանելի էր նաև պատերազմը, որ հայորդիները կռվում էին մեծ շառավղով ռազմական տեխնիկայի դեմ, կռվում էին աննկուն, կռվում էին անտանելի... Մինչև վերջին շունչը Տիգրանը մարտնչել է հերոսաբար՝ փրկելով զինվորների կյանքը: Կրկնակի վիրավորում ստանալով՝ ռազմադաշտը չի լքել, ու թշնամու արկը կատաղել է ցուցաբերած տոկունությունից: Երրորդ վնասվածքն արդեն մահացու է եղել: Հոկտեմբերի 10-ին Տիգրանն էլ չկար ֆիզիկապես: Մարմինը գտնվել է դեկտեմբերի 16-ին: Հասմիկը, որ վայելեց կնոջական երջանկությունը մեկ տարուց էլ պակաս՝ ժպիտով է միայն հիշում ամուսնուն: Միայն լավ ու բարի հիշողություններ են, որ ակամայից ստիպում են ժպտալ անգամ հիմա՝ ցավի միջից: Հիշատակդ վառ կմնա, մեր քա՛ջ զավակ: Թող միայն ճերմակ աղավնիները լույսով պսակեն քո սուրբ շիրիմը, և ո՛չ երբեք խռոված երկինքը:

07.02.21

Արուս Սուրեն

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024