ՀՀ Սև լճին հարակից տարածքում մայիսի 20-ին ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալ ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները. մանրամասներ

Արթուր Հայրապետյան Մայիս 22, 2021

ՀՀ Սև լճին հարակից տարածքում մայիսի 20-ին ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալ ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները. մանրամասներ

 

Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներն այսօր այցելել են զինվորական հոսպիտալ և հանդիպել Սև լճին հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին:

 

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին 2021 թվականի մայիսի 20-ի երեկոյան ահազանգ էր ներկայացվել այն մասին, որ նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում մեր մի շարք զինծառայողներ ստացել են տարբեր վնասվածքներ: Ահազանգից քիչ անց տեղեկությունը հրապարակվել էր նաև զանգվածային լրատվության միջոցներով:

 

Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է փաստերի հավաքմանն ու ուսումնասիրությանն ուղղված անհրաժեշտ քայլեր: 

 

ՀՀ զինծառայողներին երևանյան հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո իրականացվել է այց հոսպիտալ: 

 

Պայմանագրային զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են վնասվածքներ ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, տեղեկություններ են փաստագրվել նրանց, ինչպես նաև Հայաստանի մյուս զինհոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակի մասին:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների, այդ թվում` առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք 2021թ. մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում: 

 

ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց որոշ ժամանակ անց՝ երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա: 

 

Ընդհանուր առմամբ, միջադեպը տևել է 20-30 րոպե, ինչից հետո ադրբեջանական զինվորականները ստիպված լքել են նշված տարածքը:

 

Պաշտպանի ներկայացուցիչներն ՀՀ զինծառայողների առողջական վիճակը քննարկել են հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Բժիշկների գնահատմամբ՝ բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք հիմնականում ստացել են ձեռքի, դիմածնոտային կամ այլ թեթև աստիճանի վնասվածքներ, ներկայում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Մեր զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքը դիտարկում է` որպես լուրջ սադրանք, որն իրականում ուղղված է ՀՀ Սյունիքի գյուղերի քաղաքացիական բնակչության դեմ` հաշվի առնելով Խոզնավար գյուղի ուղղությամբ անօրինական առաջանալու նրանց փորձը:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները դիտարկում է 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում: 

 

Այսինքն` ադրբեջանական զինվորականների այս բոլոր բացահայտ անօրինական, քրեորեն պատժելի արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ:

 

Անհրաժեշտ է նաև հատուկ ընդգծել, որ նշված միջադեպերը հրահրող ու տարբեր սադրանքներ ձեռնարկող ադրբեջանական զինված ծառայողների գերագույն գլխավոր հրամանատարը Ադրբեջանի նախագահն է, ով անընհատ խոսում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի մասին սպառնալիքների լեզվով, ուղերձներով ու քաղաքականությամբ խրախուսում է թշնամանք ու հայատյացություն: 

 

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

 

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024