Հովհաննես Թումանյանի նյութական վիճակի մասին հետաքրքիր մի հուշ ունի գրած Ավետիս Ահարոնյանի որդին՝ Վարդգես Ահարոնյանը.

Արթուր Հայրապետյան Հունվար 19, 2021

«Մեր անվանի գրողներն իրենց հետևից թողել են չծախված գրքեր և չվճարված պարտքեր: Թումանյանը չծախված գրքեր չթողեց: Բայց պարտքեր, անտարակույս, որ թողել է մեծ բանաստեղծը, որովհետև մինչև վերջ ստիպված էր ծայրը ծայրին հասցնելու համար պարտք անել բարեկամներից և դրամատներից: Եվ այդ պատճառով դրամի մշտական փնտրտուքի մեջ էր՝ մեկից պետք էր առել՝ մյուսին վճարելու համար: – Չեմ էլ իմանում, թե քանի՞ մարդուց եմ պարտք արել, ախպե՛ր: Փողոցում պատահողին բարև տամ թե չէ՝ «ինձ փող ես պարտք»,- ասում ա: Վախենում եմ թե հարցնեմ՝ «այ մարդ, ես քեզանից ե՞րբ եմ պարտք առել»: Ո՞վ ա իմանում, հարցնեմ, տեսար ինչ դուրս եկավ որ՝ առել եմ: -Հա՛, հա՛ շուտով կտամ, մնաս բարով, հիմա վռազ եմ,- ասում եմ և վռազ-վռազ ճամփես շարունակում, միթամ թե գործից ուշացել եմ,- կատակում և գանգատվում էր Թումանյանը: Տարիներ շարունակ պատմաբան Լեոն տառապում էր ստամոքսի ծանր հիվանդությունից: Թիֆլիսում այլևս բժիշկ չէր մնացել, որին դիմած չլիներ, բայց անօգուտ: Մի օր, 1906-ի ամառը, Լեոն և Թումանյանը մեր տանն էին: Հայրս դիմեց երկուսին. -Եկեք երեքս միասին արտասահման գնանք: Թե՛ Լեոն կբժշկվի և թե՛ երեքով Եվրոպայում կճամփորդենք, մի քիչ աշխարհ կտեսնենք: -Խաչը վկա, լավ ասացիր, Ավետիս. ես կգամ,- վրա բերեց Թումանյանը: Լեոն, իհարկե, ուրախ կլիներ գնալու, բայց դրամ չուներ: Գտնվեցին, սակայն, բարեկամներ, որոնք, հորս դիմումի վրա, ստանձնեցին թե՛ Լեոյի ճամփորդության, թե՛ նրա ընտանիքի ծախքերը: Եվ երեքը սկսեցին մեկնելու պատրաստություններ տեսնել: Մեկնելու նախօրյակին դարձյալ երեքը իրար մոտ եկան: Հայրս և Լեոն մեզ մոտ էին, երբ ներս մտավ Թումանյանը, ոտքից գլուխ թրջված: Մի քանի րոպեից ի վեր դուրսը ամառային տեղատարափ անձրև էր սկսել: -Հովհաննես, կատարյալ թրջված հավ ես դարձել,- կատակեց հայրս: Հը՛, պատրաստ ես, վաղը մեկնում ենք: -Թրջված հավ ասացիր ու թողիր, Ավետիս, հալս հալ չի: Չէ՛, տղերք, ես չեմ գալիս, դուք գնացեք, – պատասխանեց Թումանյանը: -Ինչու՞: -Ի՞նչ իմանամ, ախպե՛ր: Չորս հինգ հարյուր մանեթ էի ճարել ճամփու համար: Խալխը իմացել ա, թե արտասահման եմ գնում: Առաջս դուրս եկողը թե՝ «լսել ենք, որ արտասահման եք գնում, պ. Թումանյան. խնդրեմ գնալուց առաջ իմ պարտքը տաք»: Հիսուն՝ մեկին, հարյուր՝ մեկին, երկու հարյուր՝ մեկին բաժանեցի և հիմա մի կոպեկ չկա գրպանումս: Չէ՛, ախպեր, դուք գնացեք, արտասահման գնալը իմ բանը չի,- ասաց Թումանյանը: Նյութական դժվարությունները երբեմն շատ ծանր էին ճնշում Թումանյանի վրա: Այդ դժվարությունների ծանրության մասին շատ անգամ անտեղյակ էին իր ընտանիքի անդամներն իսկ և միայն մտերիմ ընկերներն էին, որոնց առջև Թումանյանը բացում էր իր սիրտը: Այդպես մի անգամ ընկճված տրամադրությունով մեր տուն եկավ: Սովորական խինդ ու ծիծաղ չկար դեմքին և հորս հետ փակվեց մեր ընդունարանում: Երկար չմնաց և շուտով մեկնեց: Իր մեկնումից հետո, հայրս ասաց. -Խեղճ Հովհաննես, այնպես է խճճվել նեղությունների մեջ, որ գլուխը կորցրել է: Երևակայիր, ներս մտավ թե չէ՝ ընկավ բազկաթոռի մեջ և երեխայի պես հեկեկալ սկսեց.- «Ա՜խ Ավետիս, դու չգիտես, թե ի՞նչ եմ քաշում ընտանիքիս հոգալու համար: Հոգիս դուրս եկավ և ոչ ոք չգիտի վիճակս»: Կյանքը միշտ խինդ ու ժպիտ չէր Թումանյանի համար»:

Հովհաննես Թումանյանի նյութական վիճակի մասին հետաքրքիր մի հուշ ունի գրած Ավետիս Ահարոնյանի որդին՝ Վարդգես Ահարոնյանը.

Կիսվել