Հպանցիկ «անհպումի» մասին

Արթուր Հայրապետյան Հունվար 29, 2021

Հպանցիկ «անհպումի» մասին

 Նոյեմբերի 10-ից չգիտենք՝ ինչպես են անում ու ինչ են անում նման դեպքերում, մեր դեպքին նման դեպքերում։ Նոյեմբերի 10-ին կարծում էի` բոլորս մեղք ենք, նույնիսկ՝ մեղավորները։ Բայց մութ հարցերը շատ են, մեղավորները սկսեցին խոսել, հռետորաբանությունը վերականգնվում է կամաց-կամաց, պատասխանատուները օր-օրի վերագտնում են անկոտրում կեցվածքը։ Բոլոր բարձրաստիճան ղեկավարների մեջ ամենից շատ դրական գնահատականները տալիս էինք պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, կամ գոնե ամենից քիչ բացասական բաները լսվում էին նրա հասցեին։ Կար համակրանք։ Ինչով էր պայմանավորված, չգիտեմ։ Հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ պաշտապանության նախարար եղած Դավիթ Տոնոյանը, որին ՀՀ հասարակությունը չտեսավ և չլսեց պատերազմի երկար քառասունհինգ օրվա ընթացքում և հաջորդ ծանրագույն օրերին, ինչպես նշվում է՝ «բացառիկ» հարցազրույցի ընթացքում, ասելիքը սովորական մի բանի մասին և կարևորը՝ սովորական պատմողական նախադասություններով պատմում է մեզ պատերազմի մասին։ Դասագրքրերում պատմողական նախադասությունը բնութագրվում է որպես նախադասություն, որտեղ «հնչերանգը, ռիթմը, տեմպը շատ «խաղաղ են»»։ (Վիգեն Ավագյան, «Շարահյուսություն», Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար)։ Լրագրողի առաջին հարցին, թե չի ափսոսում արդյոք «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտության համար, պատերազմի ամբողջ ընթացքում և պատերազմին նախորդած երկու տարիների պաշտպանության նախարար աշխատած մարդն ասում է․ «Նույն տրամաբանությամբ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման վերաբերյալ»։ Նախ՝ տրամաբանությունը նույնը չէր, ինչպես մի քանի նախադասություն հետո ապացուցում է նախկին նախարարը, որովհետև իրենք պատրաստ էին այդ պատերազմին, իսկ մենք, ինչպես պարզվում է՝ ոչ։ Բաց թողնելով «նույն տրամաբանության» մասին պնդումը, անցնենք հաջորդին։ Եթե «պատերազմ կարող էր սկսվել ամեն օր», ապա ինչու էինք մենք անպատրաստ։ Իսկ որ անպատրաստ էինք, հայտնում է նախարարը, ոչ՝ ես։ Հերթականությամբ անդրադառնանք նախկին նախարարի խոսքին։ Դավիթ Տոնոյանը հարցազրույցի ընթացքում ասում է․ «Իմ խորին համոզմամբ, 1994-ից հետո հայկական զինված ուժերի զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը և սպառազինությամբ և տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։ Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերդարձման վերաբերյալ վարվող բանակցային գորընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը»։ Նախկին նախարարը բացատրում է, որ առաջին երեքը չէին, իհարկե, քանի որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում խնդիրը վաղ թե ուշ հասցնելու էր պատերազմի, և տարածքների պահպանման վերջնանպատակը միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն էր։ Հրաշալի տարբերակ է։ Բայց ինչու դրան չէիք նախապատրաստում ժողովրդին։ Չէ՞ որ ժողովուրդը կարծում էր Արցախը Հայաստան է և վերջ, և Արցախ ասելով հասկանում էր նաև հետևողականորեն հայկական անուններով հիշատակվող Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Ջրականը։ Չէ՞ որ շարքային հայաստանցին չգիտեր, որ իր տղան վտանգում է կյանքը անհասկանալի տարածքներում, որ մի օր «շահեկան» տարբերակով դրանք վերադարձվեն կարգավիճակի դիմաց։ Չէ՞ որ զինվոր տվող քաղաքացին արժանի է տեղեկացված լինելու, գոնե որևէ ձևով, մի կերպ լուսավորված լինելու, հասկանալու, գոնե որպեսզի ամեն հաջորդ իշխանությանը չմեղադրի ինչ-որ տարածք հանձնելու ծանր մեղքի մեջ։ Չէ՞ որ սա կարևոր էր ոչ միայն ժողովրդի, այլև յուրաքանչյուր իշխանության համար։ Չէ՞ որ հակառակի մեջ էիք համոզում զինվոր տվող մարդկանց՝ հորն ու մորը, ասում էիք՝ եթե նոր պատերազմ լինի, նոր տարածք կլինի։ Եվ, ապա հաջորդ հարցը, որ հիմա տալիս է ամեն մարդ՝ ինչո՞ւ էր պետությունը, սփյուռքը միլիոնավոր դոլարներ ներդնում Քարվաճառի, Քաշաթաղի, մյուս՝ թեկուզև շահեկան տարբերակով հակառակորդ կողմին հանձնելու ենթակա տարածքներում։ Մի՞թե տարածքները պիտի պարտադիր հէկերով կամ հարյուրավոր կիլոմետր բարձրակարգ մայրուղիներով վերադարձվեին։

 

https://www.civilnet.am/news/2021/01/27/%D5%80%D5%BA%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D5%AF-%C2%AB%D5%A1%D5%B6%D5%B0%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024