Հունիսի 1-ին «Մոսկվայի տան» կենտրոնում գունառատ ու տոնական տրամադրություն էր

Արթուր Հայրապետյան Հունիս 04, 2022

Մեկ տարի առաջ էր, որ բացվեց Շուշան Վարդանյանի «Արտ ստուդիան»։ Ահա եւ մեկ տարի անց, հունիսի 1-ին ականատեսն ու վկան ենք Շուշան Վարդանյանի «Արտ ստուդիայի» սաների աշխատանքների ցուցահանդեսին։ 

 

Նախ ասեմ, որ Շուշանը իր սաների համար «միջոց» է` սերն առ նկարչությունը, եւ նկարչության լեզուն փոխանցող քանքարը։ Եվ դրանից զատ կազմակերպիչ է, որ կարողանում է մի հարկի տակ հավաքել տարբեր տարիքի երեխաների, որոնց ներսում գուցե չբացահայտված նկարչական ձիրքն է, որ արթնացնում է Շուշան Վարդանյանը։ Վաղը գուցե ոչ բոլորը դառնան նկարիչներ, բայց որ մշակույթի հանդեպ գրագետ ու կիրթ քաղաքացիներ լինելու են, տարանջատելու են իսկականն ու իրականը կեղծիքից, նկարը, պատկերը, գծանկարը, դիմնակը, գեղանկարը, ծաղրանկարը` միանշանակ։ 

Հունիսի 1-ին «Մոսկվայի տան» կենտրոնում գունառատ ու տոնական տրամադրություն էր: Երեխաների իրավունքների օրվա առիթով Շուշանի սաները իրենց աշխատանքները ներկայացրեցին ներկաներին։ Ոգեւորված ու ժպտադեմ երեխաները հաճելիորեն զարմացրեցին ներկաներին։ 

Միջոցառումը ամփոփիչ մեկ տարվա կատարած աշխատանքների համագումարն էր` տպավորիչ ցուցահանդեսով, երգ ու պարով: 

 

Միջոցառմանը բացման խոսքով ողջունեց Մոսկվայի տան տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Մաղթելով երեխաներին հաջողություններ, ու որ ամենակարևորն է նշեց, որ ստուդիայի աշխատանքները լինեն շարունակական եւ մշակույթի տարբեր ուղղություններ ընդգրկի:

Շուշան Վարդանյանն էլ նշեց, որ իր համար նշանակալից օր է` ստուդիայի սաների, իրենց աշխատանքների առաջին ամփոփումն է։ Հավելեց նաեւ, որ իր բոլոր սաները տաղանդավոր են, ու նպատակը ստուդիայի` յուրաքանչյուրին տալ ինքնաարտահայտվելու հնարավորություն, որ վաղը մեծ դռներ կբացվի իրենց համար։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել