Ինչ մարտահրավերներ են կանգնած մեր երկրի առաջ, եւ ինչպես են դրանք լուծվում

Արթուր Հայրապետյան Մարտ 11, 2021

Հասարակական-քաղաքական զարգացումներին, իմ կարծիքով, պետք է նայել ոչ թե այն տեսանկյունից, թե որ գործիչն է այսօր կամ վաղը նստելու այս կամ այն աթոռին, այլ՝ ինչ մարտահրավերներ են կանգնած մեր երկրի առաջ, եւ ինչպես են դրանք լուծվում: Թե չէ՝ մեր համաքաղաքացիների մեծ մասը ղեկավարվում է էմոցիաներով ու նախապաշարումներով՝ «սրան սիրում եմ, սրան չեմ սիրում» եւ, ըստ այդմ, «սա՛ պիտի նստի գահին», «չէ՛, է՛ս մեկը»: Այսպիսով, վերաբերմունքն այս կամ այն գործչի հանդեպ փոխվում է կայծակնային արագությամբ՝ օրերի, հաճախ՝ ժամերի ընթացքում. Օնիկ Գասպարյանը հերոս է, հետո պարզվում է՝ չէ, հարմարվողական մի պաշտոնյա է, կամ՝ «վերջապես մենք նախագահ ունեցանք», հետո՝ «չէ՛, Արմեն Սարգսյանը բրիտանական լրտես է»: Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց ուշքն ու միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իր աթոռին. նրանք միացնում են հեռուստացույցը կամ համակարգիչը եւ տեսնում են իրենց մտածելակերպին, իրենց ինտելեկտին համապատասխան մի լիդեր, որն արտահայտում է իրենց իղձերը՝ «նախկինների» հանդեպ իրենց էմոցիաների առումով: Այդ մարդկանց չի հետաքրքրում պատերազմում ամոթալի պարտությունը, երկրի աղետալի վիճակը, որոնց առաջին մեղավորը հե՛նց Փաշինյանն է: Մյուս կողմից՝ կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ունեն միայն մեկ երազանք՝ ամեն գնով գահընկեց անել Փաշինյանին, եւ այստեղ նույնպես կարող է լինել էմոցիաների մի ամբողջ ներկապնակ: Այդ՝ երկրորդ խմբի ներկայացուցիչները կարծում են, որ իրենց երազանքի իրականացման համար կիրառելի են բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական հեղաշրջումը: Հենց ա՛յդ քաղաքացիներն են, որոնք, ի վերջո, դժգոհ մնացին Արմեն Սարգսյանից եւ Օնիկ Գասպարյանից: Ի՞նչ էին նրանք ակնկալում: Հավանաբար՝ որ Օնիկ Գասպարյանը զինված խումբ ուղարկեր կառավարություն եւ փորձեր ձերբակալել վարչապետին: Ենթադրենք, այդ խումբը չէր բախվի Փաշինյանին պաշտպանող խմբի հետ, եւ այդ ձերբակալությունը կկայանար: Այդպիսով, բանակը իշխանության կբերեր ժամանակավոր կառավարության, որը կանցկացներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա կկայունացնե՞ր վիճակը, սվինների վրա եկած իշխանությունն ավելի արդյունավե՞տ կաշխատեր, քան ներկայիս, այո, չափազանց անարդյունավետ վարչակազմը: Այդ ամենը ազդակ չէ՞ր լինի թշնամու համար՝ իր դիրքորոշումը կարծրացնելու: Կարդացեք նաև Պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու. Մարուքյան «Չեմ պատկերացնում՝ սնայպերներով, ոստիկանական զորքով ո՞նց է ընտրություններ կազմակերպելու». Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ» Արմինա Դարբինյան. «Հիմա մենք երկիր կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած ու պիտի միավորվենք» Հայաստանում, հուսով եմ, կան քաղաքացիներ, որոնք այլ կերպ են մտածում, քան «նիկոլապաշտների» եւ «նիկոլատյացների» տասնյակ հազարանոց խմբերը: Այդ մարդիկ ակնհայտորեն ավելի քիչ են, քան երկու ճամբարների ներկայացուցիչները: Այդ՝ համեմատաբար փոքրաթիվ խմբի համար եմ գրում այն, ինչի մասին նրանք առանց ինձ էլ գիտեն. Ղարաբաղյան կոնֆլիկտն ունեցավ ուժային լուծում, եւ այդ լուծումը մեր օգտին չէր՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների «իմաստուն» քաղաքականության պատճառով: Բայց ներհայաստանյան կոնֆլիկտը հաստատ ուժային լուծում չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/11/1176662/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024