Ինչի՞ վրա էր հույսը դրել պատերազմից առաջ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 28, 2021

Եթե Փաշինյանը ճիշտ է (այսինքն` 2018 թվականի մայիսին, երբ նա եկավ իշխանության, բանակցային սեղանին դրված էր մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանը պետք է միանգամից հանձներ նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող 7 շրջանները, ինչպես նաեւ Շուշին ու Հադրութը եւ ճանաչեր Արցախը որպես Ադրբեջանի մաս), ապա նա պետք է բացատրի, թե ինչու էր մինչեւ նոյեմբերի 9-ը խրոխտ հայտարարություն անում՝ հայտարարություններ, որոնցում ակնարկ անգամ չկար, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն այլընտրանք չկա: Ինչի՞ վրա էր հույսը դրել պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ, եթե վիճակը, ըստ նրա հիմիկվա ասածի, 2018 թվականին վերջնականապես տապալված էր: Հաշվի առնելով վարչապետի՝ այն ժամանակվա մեծ ժողովրդականությունը հեղափոխությունից հետո, կարծում եմ, որ նա հնարավորություն ուներ դիմելու ժողովրդին եւ ասելու՝ «սիրելի ժողովուրդ, սրիկա «նախկինները» ահա այդպիսի փաստաթուղթ են թողել, ես ուրիշ տարբերակ չունեմ, բացի դրան համաձայնելու, Արցախը Ադրբեջան է, եւ վերջ»: Ենթադրում եմ, որ կստանար մեծամասնության աջակցությունը: Կարծում եմ նաեւ, որ ավելի մեծ աղետ, քան տեղի է ունեցել պարտված պատերազմի արդյունքում, չէր լինի: Այսինքն՝ եթե վարչապետը ճիշտ է ներկայացնում բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, ապա ստացվում է, որ իր ամբիցիաների, «դավաճան» չհռչակվելու, ֆեյսբուքում «լայքեր» ստանալու համար նա չի խնայել 3700 հայորդիների կյանքը:

 

Արամ Աբրահամյան

Կիսվել