Ինքն իրենից գոհ

Արթուր Հայրապետյան Հուլիս 24, 2021

Հետպատերազմյան Հայաստանում իշխանությունների գործունեության գնահատականի շուրջ ընթացող բուռն ու հաճախ հայհոյախառը բանավեճն ի վերջո հանգում էր շատ հստակ հարցադրման՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես սխալվել ու ձախողվե՞լ է, թե՞ այդ ամենն արել է գիտակցաբար ու նախապես ծրագրված սցենարով։ Պարզ ասած, հարցը հետևյալն էր՝ «նա հիմա՞ր է, թե՞ դավաճան»։ Վերջերս լրատվական դաշտում պայթած սկանդալն, օրինակ, այն մասին էր, թե իբր 44-օրյա պատերազմից դեռևս մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադրված է եղել կարգավորել ղարաբաղյան հարցն ու բարելավել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց քանի որ ժողովուրդը սովորական պայմաններում դրան դեմ կլիներ՝ իշխանությունները դեմ չեն եղել դրան հասնել պատերազմի և մի քանի հազար զոհերի գնով։ Հերքումներ, իհարկե, եղել են, վստահաբար նաև հետաքննություն կլինի, ու հայտնի չէ՝ կհաստատվե՞ն այդ մեղադրանքները, թե՞ ոչ, բայց մի բան ակնհայտ է՝ գործնականում իրադարձությունները հենց այդ սցենարով էլ ընթացել են։

 

Կարելի՞ է արդյոք դա գնահատել որպես անուղղակի ապացույց այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել էր պարտությունը։ Հազիվ թե։ Ամենայն հավանականությամբ նա մտել է այդ հորձանուտի մեջ՝ աչքի առաջ ունենալով իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարներ և համարելով, որ ցանկացած սցենարի դեպքում շահած է դուրս գալու։ Եթե Ադրբեջանը սկսեր պատերազմն ու չկարողանար ճեղքել պաշտպանության գիծը՝ ինքը դա կներկայացներ որպես փառահեղ հաղթանակ, հետագա բանակցություններում մի քանի տարի ժամանակ կստանար ու բանակցություններն էլ կսկսեր «իր կետից», իսկ եթե պատերազմում պարտվեինք՝ նա վերջնականապես կազատվեր «ղարաբաղյան հակամարտության բեռից», պարտության համար կմեղադրեր նախկիններին ու նրանց հետ կապված գեներալիտետին և կկարգավորեր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ համարելով, որ պատմական առաքելություն է իրականացրել։

 

Հիմա՝ հրադադարի հաստատումից 9 ամիս անց, ակնհայտ է, որ Փաշինյանի՝ ցանկացած սցենարի դեպքում շահած դուրս գալու հաշվարկը սխալ էր։ Մենք հազարավոր զոհեր ու ահռելի տարածքներ տվեցինք, բայց ոչ ղարաբաղյան խնդիրը կարգավորվեց, ոչ էլ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները բարելավվեցին։ Բայց Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն այդպես չի կարծում։ Նա մինչև հիմա էլ համոզված է, որ իր կանխատեսած երկրորդ սցենարն ուժի մեջ է, ամեն ինչ ընթանում է նախատեսված հունով, պարզապես որոշակի ժամանակավոր բարդություններ են առաջացել, որոնք հնարավոր կլինի հաղթահարել։ Հետո՞ ինչ, որ Ադրբեջանը «Սյունիքով անցնող ճանապարհ» ասվածը «փոքր-ինչ» այլ կերպ է պատկերացնում, հայ-ադրբեջանական սահմանն ուզում է «մի փոքր» բարելավել իր օգտին, «փախստականների վերադարձ» ասելով՝ հասկանում է ադրբեջանցիների վերադարձը նաև Սյունիք ու Գեղարքունիք, և այլն։ Ինքը «մանրուքների» մեջ այդքան չէր խորացել ու հույս ուներ, որ «կիրթ հարևանը» կգնահատի իր առատաձեռնությունը և նույնպես չի խորանա, բայց դե հիմա եղածը եղած է։

 

Կարևորը՝ որ հիմնական հարցերում ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես։ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության թիվ մեկ պատասխանատուն չէ, պարտության մեղքն ուրիշների վրա բարդելը մեծ հաշվով ստացվեց (ապացույց՝ վերջին ընտրությունների արդյունքները), Ադրբեջանն ու Թուրքիան իրենք են խոսում տևական խաղաղության մասին (ճիշտ է, սպասվածից ավելին են պահանջում, բայց դե հիմա․․․), Եվրոպան էլ մեր կողքին է։ Համենայն դեպս Նիկոլ Փաշինյանն իրավիճակը հենց այսպես է պատկերացնում։

 

Ժողովրդի մեծամասնությունն էլ կարծես թե առանձնապես դեմ չէ։

 

Մարկ Նշանյան ՉԻ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024