Իրենց տունը կորցրած արցախցիները շարունակում են ապրել հյուրանոցներում

Արթուր Հայրապետյան Հունվար 18, 2021

Կյանքը հյուրանոցում. իրենց տունը կորցրած արցախցիները շարունակում են ապրել հյուրանոցներում

 

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք բնակավայրեր անցան Ադրբեջանին։

 

Քաղաքացիները կորցրեցին տարիներով ստեղծած իրենց տները, ունեցվածքը և ստիպված են այսօր լրիվ նոր կետից կերտել իրենց ու իրենց երեխաների ապագան։

 

Դիլիջանի Կենտրոնական բանկի հյուրանոցում այսօր դեռ բազմաթիվ ընտանիքներ են ապրում, որոնց մեծ մասը Շուշիից կամ Հադրութից են։

 

Նրանք հերթով սկսում են հավաքվել քո շուրջը, և դու շատ արագ ու անսպասելի դառնում ես նրանց նոր խաղալիքը։

 

Հյուրանոցի շքամուտքում միշտ երեխաների աղմուկ է։ Փոքրերի վազվոցը և աղմուկը դադարում է, երբ հյուրանոց նոր մարդ է մտնում։

 

Շուշիից 4 տարեկան Հայկը հստակ պատասխանում է բոլոր հարցերին։

 

Նա գիտի, որ իրենք այստեղ են, քանի որ Շուշիում հակառակորդը վերցրել է իրենց տունը և հիմա իրենք պետք է նոր տուն գտնեն. «Արդեն ողջ իմ տունը թուրքերինն ա, քեթանք օրիշ տուն։ Հյուրանոցը արդեն մեր տունն ա, բայց ստեղ լավա, որտև ստեղ երեխաներ կան։ Տղանցն հետ վազվազ ենք խաղում»։

 

Շուշիից 7 տարեկան Ելենան պատմում է, որ երեխաներով հյուրանոցում ընկերներ են դարձել, բայց մեկ է, ինքը իր Շուշին է կարոտում. «Ես կարոտել եմ իմ ընկերներին, իմ տունը։ Ես շատ եմ ուզում, որ նորից լինեմ տանը»։

 

https://www.aravot.am/2021/01/18/1165340/

Կիսվել