Բարի թող լինի նորը. իսկ նոր գինին' նոր տիկերում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 31, 2021

Ոչ մի շնորհավորանքից էլ չեմ նեղվում, ոչ մի օրհնությունից չեմ հրաժարվում, ով ինչպես ուզում է, ինչպես կարող է, թող շնորհավորի, սրտաբաց ընդունում եմ, որովհետև ուզում եմ լուսավոր խոսքի ու ապրումի էներգիան շատ լինի մեր կյանքում. տրտունջը բացասական ամպեր է կուտակում, հետո էդ ամպի տակից դուրս գալ է պետք... Ուստի, ինչպես որ ընդունում եմ, այնպես էլ տալիս եմ բարի խոսքի իմ բաժինը' թող եկողն ավելին լինի, քան գնացողը, Կենաց Ծառին ձուլված լինենք, Նրանից սնվենք, Նրա պտղից ճաշակենք, Նրա տերեւով բժշկություն ունենան մեր հոգիները, մարմինները, միտքն ու զգացմունքները։ Բարի սերմնացան ու հավատարիմ տնտես լինենք, ունեցած լույսն ու բարիքը պահենք, բազմապատկենք, շատացնենք, ու թող սիրո, ներողամտության շնորհիվ անպտղաբեր դառնան մեր կյանքի բոլոր չար սերմերը։ Թող մեր տներում ու ընտանիքներում հեռանա խավարը, կապանքներն արձակվեն, օրհնության անձրեւներ տեղան, անհաջողությունը նահանջի, անեծքը խափանվի, խաղաղությունը, անդորրն ու համերաշխությունը հաստատվեն, սերը թագավորի։ Չկտրենք արմատը, չվիժեցնենք բողբոջը, չկորցնենք ժամանակ, չկորցնենք շնորհներ, չկորցնենք իրար. մեծ է մեր գոյության համար տրված զոհի գինը...

Բարի թող լինի նորը... 

Իսկ նոր գինին' նոր տիկերում...

 

Արմեն Բոյաջյան

Կիսվել