Ժապավենազարդ մուրճի պաշտպանները

Արթուր Հայրապետյան Հունիս 26, 2021

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների մեծ մասի գործառույթը բանականության դեմ պայքարն էր: Բոլորը միասին ապահովեցին նախընտրական կակաֆոնիան, բոլորը միասին ձգտեցին լռեցնել բանականության ձայնը, մարել ողջախոհության ճրագը: 

 

Մի քանիսն անթաքույց ստանձնել էին ժապավենազարդ մուրճի դատապաշտպանների դերը: Ընդ որում, Փաշինյանի արբանյակները, հատկապես Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը, Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը, Քաղաքացու որոշումը դիրքավորվել էին որպես արևմտամետ ուժեր: Սակայն իբր արևմտյան արժեքներ դավանող այս մարդկանց բնավ չէր հուզում վարչապետի պաշտոնակատարի մեղմ ասած ատելության հռետորաբանությունը: Ուստի նրանք կարող են արժանանալ ժապավենազարդ մուրճի փայտե ասպետների կոչման:

 

Առանձնացնենք երկու «գաղափար», որ սրանք մատուցում էին հանրությանը.

 

1. Ներքին քաղաքականության ասպարեզում շեշտը դնում էին 2018թ. «հեղափոխության» արժեքների վրա՝ մի թեթև քննադատում էին իշխանությանը նախկիններին չպատժելու համար: Դրանով, անշուշտ, ամրապնդում էին Փաշինյանի դիրքերը: 

 

2. Պատերազմի և պարտության պատճառները փնտրում էին դրսում՝ Ռուսաստանում՝ արդարացնելով ազգակործան պատուհասին:

 

3. Անթաքույց պայքարում էին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, որովհետև նրա և նրա կուսակցության առաջ քաշած բանական խոսքին հակադարձելու ոչինչ չունեին: Այսպես, ՔՈ կուսակցության առաջնորդ Ս. Սահակյանի հիմնական «առաքելությունը» ՀՀ առաջին նախագահին կծմծելն էր: Օր.՝ նա պնդում է ոչմիթիզականների հնամաշ թեզը, թե ՀԱԿ-ը մեր իրավունքներն էր զիջում, իսկ «ՌԴ դեսպանն ամիսը մեկ հյուրընկալվում է» Նախագահի մոտ… Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀ առաջին Նախագահը պարբերաբար հանդիպում է նաև արևմտյան տարբեր երկրների դեսպանների հետ: Հիշեցնում ենք մեր ընթերցողներին, ոչ թե Ս. Սահակյանին, որովհետև սույն պարոնը միայն Ն. Փաշինյանին ձեռնտու հիշողություն ունի: 

 

Եվ Ն. Փաշինյանն օգտագործում էր նրանց:

 

1. Նախ պատերազմի մեղքից «մաքրվում էր», ապա ռևերանս էր անում Արևմուտքին՝ իր արբանյակների միջոցով:

 

2. Մինչ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, փրփուրը բերաններին, պայքարում էին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ, իսկ Լևոն Շիրինյանն ու Սուրեն Սահակյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ինքը՝ մուրճով վարչապետի պաշտոնակատարը, հասարակ ժողովրդին հանգստացնում էր նրանով, թե ռուսական սահմանապահները շուտով կկանգնեն Սյունիքում և Գեղարքունիքում, և մեր անվտանգությունն ապահովված կլինի: Բա՞, իսկ դուք ասում եք ինտելեկտուալներ, էլ չգիտեմ ինչ: Հիմա ապուշն ո՞վ է: Նա՞, ով ճշմարտությունն է ասում, թե՞ նա, ով փորձում է ֆռռացնել բոլորին…

 

3. Ի դեպ, սույն արևմտամետները չէին նկատում Փաշինյանի ռուսամետությունը: Հակառակը, այդ «ծանր մեղադրանքը» ներկայացնում էին ՀԱԿ-ին՝ պնդելով, որ 30 տարի մեր քաղաքականությունը սխալ ուղղությամբ է գնացել, դե իսկ սխալի հիմնադիրը Հայաստանն անկախացնող ուժի ղեկավարն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սրանց տրամաբանությունը տիկ-տոկի մակարդակի է, ոչ ավել: Ուստի լուրջ պատասխանելու կարիք ուղղակի չկա: 

 

4. Եվ վերջապես, թմբկահարելով նախկինների անպատժելիության գաղափարը՝ բորբոքում էին հասարակության մի մասի վիրավորված զգացմունքները՝ Ն. Փաշինյանին հնարավորություն տալով բոլշևիկյան մուրճով ձայներ շահելու:

 

Ընտրություններից հետո նրանք սեղմեցին Ն. Փաշինյանի ձեռքը և խոստում ստացան, որ պարգևատվելու են:

 

Այսինքն՝ Ն. Փաշինյանը նրանց վարձահատույց կլինի՝ ինչ-որ մեռելածին մարմին ստեղծելով ՀՀ հարկատուների հաշվին: Հեռու գնալ պետք չէ: Հիշենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներին կազմավորված Քաղաքական խորհուրդը, որ ուներ բաժիններ և ենթաբաժիններ: Իհարկե, այն շատ կարճ կյանք ունեցավ: Նույնն էլ սա է լինելու:

 

Զարուհի Գաբրիելյան

 

Հ. Գ. Ցավոք, ՀԱԿ-ը, ըստ պաշտոնական տվյալների, վաստակեց 1,5 տոկոս ձայն: Այնուամենայնիվ, շնորհակալ ենք Լևոն Տեր-Պետրոսյանին և Կոնգրեսին, որ մեզ հնարավորություն ընձեռեցին քվեարկելու: 

 

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024