Կանթեղի լույսով Հարության Ավետիս

Արթուր Հայրապետյան Ապրիլ 04, 2021

Կանթեղի լույսով Հարության Ավետիս

Լույսի ավետիսը ստանալու և մարդկանց փոխանցելու մեծ ցանկությամբ` Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից սկսվեց Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսի երթը, Մաշտոցի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ՝ հաղթանակի լույսերով:

Այս էլ արդեն յոթերորդ տարին է, որ ԱՀԹ երտասարդները իրականացնում են կանթեղներով երթը, օրհնությամբ և անմիջական աջակցությամբ Տ. Նավասարդ Սրբազանի...

ԱՀԹ երիտասարդները, զինվորականեր, ոստիկանական ակադեմիայի սաներ, տարբեր բուհերի ուսանողներ, հարյուրավոր երիտասարդներ են մասնակցել կանթեղներով երթին, մինչդեռ այս տարի, չկային զինվորականներ, գուցե հարգելի պատճառներով, բայց մնացյալի ձեռքում վառվող կանթեղները, իրական խորհուրդ ունեին, խաչով փրկվածի, ու լույսով արարումի։ Տոն չէր, ինչպես անցյալ տարիներին էր լինում։ Մեր նահատակված հազարավոր զոհերի, դեռ գերազման չունեցող մեր տղաների ու մեր անասելի ցավը թույլ չի տալիս տոն ստեղծելու, որովհետեւ երկնքում մի մեծ բանակ կա, որ չկա երկրի վրա։ Երևանի փողոցներում հոգուցի փոխված ամպեր կային, բայց խորհուրդը տեղ հասավ:

Մասնակիցները անցորդներին փոխանցելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Հասնելով հրապարակ` երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կազմեցին ի նշան Հարության.

«Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Մասնակից երիտասարդները և պարզապես ականատես մարդիկ այդ օրը Հարության ավետիսն ու լույսը ջերմությամբ տարան իրենց տուն. «Մեզ և ձեզ մեծ ավետիս»: ԱՀԹ երիտասարդաց կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քհն. Մալյանի խոսքերով այն ԱՀԹ եկեղեցասեր երիտասարդաց միությունների և խորհրդի մտահղացումն էր. «Ստացանք ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու աջակցությունը, որպեսզի Հարության ավետիսը կարողանանք հասցնել մարդկանց»:

Տեր Հայրը խոր հոգոց է հանում, հետո շարունակում.

«Լուռ, թախիծ.. եւ խոնարհություն կա երիտասարդների աչքերում։ Թող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, ու մեր երկրին»։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել