Կարեն Վարդանյանի հիշատակի օրն է

Արթուր Հայրապետյան Հուլիս 10, 2022

ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է․․․

 

Կարեն Վարդանյանն այլևս մեզ հետ չէ։ Հայրենիքի նվիրյալը, իր գործի անխոնջ մշակն այլևս չկա։ Ասես մի մեծ ժայռ պոկվեց Մաիսիսի գագաթից ու ցած գլորվեց․․․

Կարենը որպես Հայ ու անհատականություն՝ միշտ օրինակելի էր իրեն ճանաչողների, իր ընկերների համար։ Այնքա՜ն գործեր, որ իրականացվեցին Կարենի կամքի ու աշխատասիրության արդյունքում։ Այնքա՜ն անիրագործելի թվացող ծրագրեր, որ կյանքի կոչվեցին Կարենի հաստատակամությամբ․․․

Ու այնքա՜ն երազանքներ, որ ցավոք, անավարտ մնացին։

Կարենի մասին դեռ շատերը կգրեն, նրա ա՛յն ընկերներն, ովքեր բախտ ու պատիվ են ունեցել Կարենին վաղուց ճանաչելու, նրա հետ երկար ճանապարհ անցնելու․․․

Մեր վիրտուալ շփումը տարիների պատմություն ունի։ Ցավոք, Մեծ Հային իրական կյանքում շատ ավելի ուշ առիթ ունեցա հանդիպելու։ 

Մի քանի միջոցառումների ժամանակ տեսել եմ Կարենին։ Միշտ գլուխը խոնարհած, ասես՝ անտարբեր աշխարհի նկատմամբ, անհաղորդ շրջապատին․․․ դա առաջին տպավորությունս է, որ ստացել եմ Կարենից։

Բայց, բավական էր, որ մեկ անգամ նստեի նրա դիմաց, լսեի նրան՝ ամեն բան փոխվեց գլխիվայր։ Ես այլ Կարեն տեսա․․․

Հանդիպեցինք Կարենի նախաձեռնությամբ։ Նստեցինք սրճարանում, մեկ գավաթ սուրճի շուրջ ու երկար զրուցեցինք։ Այդպես սկսվեց ամեն բան․․․

Ես ինձ համար բացահայտեցի Կարենին՝ գիգանտին․․․ ով իսկապես օրինակելի մեծություն էր, նվիրյալ․․․

Նա գործի՛ մարդ էր, ու իր գործը քաջ իմացող, անվերջ նվիրվող, ու ճոռոմ բառեր չէր սիրում արտաբերել։ Նա գիտեր իր առաքելությունը, գիտեր իր արժեքը․․․

Մեր շփումները հաճախակի դարձան։ Այցելում էի իրեն աշխատավայրում, երկար զրուցում էինք, սրճարան այցելում միասին, եթե առողջությունը թույլ էր տալիս, քայլում քաղաքի կենտրոնում։ Կարենը դժվարությամբ էր քայլում։

Բայց օր-օրի իրեն դավաճանող առողջությունն անգամ չէր ընկճում Կարենին։ Նա միշտ ծիծաղում էր հիվանդության երեսին, մահվա՛ն երեսին։

Հաճախ էր կրկնում․-Ես զարմացած եմ այսօրվա հայի վրա։ Մարդիկ համաձայն են, որ պետությունը քայքայվի, պետությունը կործանվի, միայն թե՝ իրենք գրիպով չվարակվեն․․․ ահա թե ինչու այս օրին ենք, ահա թե ինչու պատմության մեջ շարունակ տկարացել ենք։ Հայրենիք ու պետություն չե՛նք սիրում․․․

Այո՛ նա Հայաստանի զավակն էր ու Հայաստանի նվիրյալը։ Հաճախ էինք խոսում նաև քաղաքականությունից։ Սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին։ Բայց, միևնույն է՝ էլի չէր ընկճվում։ Հավատացած էր, որ կգա՛ն լավ օրեր, կգա՛ն ազգային արժեքներով օժտված, ազգայնական իշխանավորներ։ Կարենն ազգայնական էր։

Եվ ազգայնական էր ոչ թե դատարկ ու փուչ կենացներ ասելով, այլ իր էությամբ, պայքարով, գործով․․․ իր ազգայնական տեսակը գործի մեջ դրսևորվել էր դեռ արցախյան ազատամարտի տարիներին, ապա՝ հայրենիքը շենացնելու, հզորացնելու սրբազան գործում․․․

Կարենը հումորի նուրբ զգացմունք ուներ։ 

Սրճարան գնացինք, մատուցողը ջերմաչափեց։ Ապա, ասաց, որ մեր անուն-ազգանուններն են պետք՝ մատյանում գրանցելու համար։ Առանց միմիկան շարժելու՝ Կարենն ասաց․-Պատրիս Լումումբա։ 

Մատուցողն անտարբեր գրանցեց ու գնաց։ Նստեցինք։ Տխուր ասաց․-Կապ չունի, թե մատուցող են, հավաքարար թե քաղաքական գործիչ։ Մեր երկրի ու համայն մարդկության առաջին բացը, առաջին ցավը դա անգրագիտությունն է․․․

Խոնարհեց աչքերը, բայց հաջորդ վայրկյանին մի զվարճալի պատմություն պատմեց ու ծիծաղեցինք լիաթոք․․․ Կարենի ծիծա՜ղը․․․ Քահ-քահ ծիծաղում էր, լիաթոք, անկեղծ․․․ վարակիչ ծիծաղով․․․

Կարենը տրամադրության մարդ էր, բայց գիտեր հսկել, ըստ հարկի՝ քողարկել իր տրամադրությունը, հույզերը, գիտեր շրջապատին, ընկերներին փոխանցել լա՛վը, դրակա՛նը, բարի՛ն․․․

Այո՛, նա անսահման բարի էր, ներողամիտ․․․

Կարենի երազանքն ու ծրագիրն էր ի մի բերել, հավաքել բոլոր ազգային, ազգայնական, արժեհամակարգ կրող ուժերին, անհատներին ու քայլ առ քայլ առողջացնել հասարակությունը, ճիշտ արժեքներ մատուցել հայությանը։ Ավա՜ղ, կիսատ մնաց։

Ծրագրել էինք միասին լեռներ բարձրանալ, Ուխտասար գնալ։ Չկարողացավ, անողոք հիվանդությունը թույլ չտվեց․․․ բայց, զանգիս պատասխանեց, թե՝ Ոչինչ, Վարդավառը միասին կնշենք․․․

Էլ չե՛նք նշի, եղբայր․․․ ցավոք, չենք նշի․․․ Դու այլևս հավերժի ճամփորդն ես․․․ դու այլևս Լույս ու Արև ես․․․ ու մեր ուղեկիցն ես անհունում․․․ քո կիսատ թողած գործերով, կիսատած երազանքներով․․․

Հիշեցի մեր ընդհանուր ընկերոջ՝ Լույս դարձած Սամվել Կարապետյանի խոսքերը․-Ամենքս ենք կիսատ գործեր թողնում ու գնում այս աշխարհից։ Իրեն սպառած մարդն ու՞մ է պետք․․․

Հիշատակդ փառավո՛ր, Կարե՛ն ջան․․․

Կիսվել