Կարսից՝ Շուշի. 100-ամյա առասպել

Արթուր Հայրապետյան Հունվար 28, 2021

Հայ քաղաքական իրականության մեջ ընդունված սովորություն է սեփական պարտությունների համար դրսում մեղավորներ փնտրելը: Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 100 տարի առաջ, Կարսի անկումից հետո, այսպես է ձևակերպել. «Գանգատվել դառնորեն չար բախտից ու մեզանից դուրս որոնել մեր դժբախտությունների պատճառը՝ սա մեր ազգային հոգեբանության բնորոշ գծերից է»: Մեկ դար առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց 30 հազար քառակուսի կիլոմետր հայրենիք ու նաև խորհրդայնացվեց, օրվա հիմնական քաղաքական ու իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, մեր պարտության մեջ մեղավոր համարեց բոլշևիկյան Ռուսաստանին և քեմալական Թուրքիային, որոնք դաշինք կազմած ոտնատակ տվեցին ու արյան մեջ խեղդեցին մանուկ հանրապետությունը, որն ունեցավ միայն 1000 օրվա կյանք: Այն, որ Լենինն ու Աթաթուրքը դաշնակիցներ էին ու նաև Հայաստանի վրայով կապվեցին իրար, պատմական իրողություն է: Բայց արդյոք միայն դա՞ էր մեր պարտության և հողերի կորստի պատճառը: Կարսը գրեթե առանց կռվի թողնելը արդյոք միայն բոլշևիկ-քեմալական գործակցության պատճառո՞վ էր: Իսկ մենք հայերս կամ այն օրերի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղք չունե՞ր: Կարսի, Անիի, Սուրմալուի, Նախիջևանի և մյուս տարածքների կորստից հետո ծով քաղաքական գրականություն են թողել ՀՅԴ-ական և ոչ միայն ՀՅԴ-ական գործիչները, որտեղ բոլորը մեղք ունեն՝ ռուսները, թուրքերը, բրիտանացիները, բայց ոչ իրենց, այսինքն մենք՝ հայերս: Մեղավոր էին ռուսները իրենց նենգ քաղաքականությամբ, մեղավոր էին թուրքերը իրենց ցեղասպանական մոլուցքով, մեղավոր էին ադրբեջանցիները, որ թունավորում էին մեր կյանքը, մեղավոր էին ամերիկացիները, որ մեզ համար միայն թղթի վրա գծեցին Վիլսոնյան Հայաստան, մեղավոր էին բրիտանացիները, որոնք սրիկայաբար 1919-ի վերջերին հեռացան Կովկասից: 100 տարի անց մենք պարտություն կրեցինք 44-օրյա պատերազմում: Արցախյան առաջին պատերազմում երկուսուկես տարիների ընթացքում և 6000 զոհերի գնով ձեռք բերածը կորցրինք վեց շաբաթների ընթացքում՝ տալով 4000-ից ավելի զոհ, մինչև 10 հազար վիրավոր, 8 հազար քառակուսի կիլոմետրից ավելի հողից զրկվեցինք ու այդ հողի վրա երեք տասնամյակ կառուցածից՝ ճանապարհներ, դպրոցներ, եկեղեցական ու ճարտարապետական կոթողներ: Այս շշմեցուցիչ պարտության խորքային պատճառները հասկանալու փոխարեն երկու մեղավոր ենք գտել՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը, որ զարգացնում է նախկին իշխանությունը, և ռուս-թուրքական դավադրությունը, որ քարոզում են Հայաստանի ռուսատյացները, ինչն արժանանում է գործող իշխանությունների լուռ հավանությանը: Անկասկած, Նիկոլ Փաշինյանը թիվ մեկ պատասխանատուն և մեղավորն է Շուշիի կորստի և ընդհանուր պարտության համար, ինչպես 1920 թվականին Կարսի կորստի ու ընդհանուր պարտության համար թիվ մեկ մեղավորն ու պատասխանատում ՀՅԴ-ն էր: Ինչո՞ւ: Որովհետև և՛ հաղթանակի, և՛ պարտության առաջին մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանական ուժն է: Այսօր կամաց-կամաց բյուրեղանում է առասպել այն մասին, թե իբր ռուսները չօգնեցին մեզ, զենք-զինամթերք չտվեցին և խաղաղություն հաստատեցին միայն այն ժամանակ, երբ Շուշին ընկել էր, քանի որ այդպես էին պայմանավորվել ռուսներն ու թուրքերը: Պարադոքսալ է, որ 1992-ի Շուշիի ազատագրման մեջ օրվա իշխանությունը կապ չուներ, դա ընդդիմության և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շնորհքն էր: Ցավալի է, բայց այդ առասպել-կեղծիքն է ագրեսիվ կերպով քարոզվել 1992-ից մինչև 2020-ի սեպտեմբեր: Անշուշտ, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելով՝ Ռուսաստանը նախ և առաջ իր մեծապետական շահերն է հետապնդում: Նույնը Գյումրիի 102-րդ բազայի դեպքում է կամ հայ-թուրք/իրանական սահմանի երկայնքով սահմանապահ առաքելության ծավալման դեպքում: Բայց ո՞ր պետությունը չէ, որ առաջնորդվում է ի՛ր շահերով՝ Միացյալ Նահանգնե՞րը, Ֆրանսիա՞ն, ո՞ր մեկը:

 

http://www.aniarc.am/2021/01/25/from-kars-sh

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024