«Կետադրությունը սահման է գրականության մեջ, և գիրքն անվանելով «Կույր կետադրություն»՝ ես բողոքում եմ գրականության մեջ այդ սահմանների դեմ»

Արթուր Հայրապետյան Մարտ 19, 2022

«Կետադրությունը սահման է գրականության մեջ, և գիրքն անվանելով «Կույր կետադրություն»՝ ես բողոքում եմ գրականության մեջ այդ սահմանների դեմ» Արամ Ավետիս

 

Մարտի 17-ին Նալբանդյան 47 հասցեում գտնվող JanPho ասիական ֆյուժն ռեստորանում ընթրիքի փոխարեն մատուցվեց ժամանակակից գրող Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գիրքը։  

 

«Կույր կետադրություն»-ը գրողի առաջին գիրքն է, որը տպագրվել է 2017թ-ին և եղել է ամենաընթերցված գրքերի շարքում։ Գիրքը վերատպվել է չորս անգամ։

 

 2018 թվականին «Կույր կետադրություն»-ը հայտնվեց «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակում։ «Կույր կետադրություն»-ը եղել է 2018 թվականի «Անտարեսի» «XXI» մատենաշարի տարվա ամենաշատ վաճառված գիրքը։ Գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանն անդրադարձել է գրքին իր «Նախապատրաստում թռիչքից առաջ, կամ գրական խուլիգանությունը որպես նորի հաստատման անհրաժեշտ միջոց» հոդվածում։ Ռուսական «Նովայա լիտերատուրա» ամսագրում տպագրվել է Արամ Ավետիսի «Футуристические сны циклопа» ( «Կիկլոպի ֆուտուրիստական երազները») հավաքածուն։

 

Շնորհանդեսին ներկա էին լրագրող Արթուր Հայրապետյանը, գրող Դավիթ Սամվելյանը, «Կույր կետադրություն» գրքի խմբագիր, գրող Արմեն Սարգսյանը, Հանրային Ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Նազելի Օհանյանը, դերասան Ստեփան Ղամբարյանը, «Ակտուալ արվեստ» հրատարակչության հիմնադիր տնօրեն, «Կույր կետադրություն» գրքի ձևավորող Մկրտիչ Մաթևոսյանը, գրող Երվանդ Վարդանյանը, նկարիչ Արման Գրիգորյանը, գրող Անի Տեր-Գուլանյանը, գրող Արմեն Հայաստանցին, Արամ Ավետիսի գիրը սիրողները, ընկերները և այլոք։ 

 

Շնորհանդեսի անակնկալ հյուրը աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանն էր, ով, դիտելով Արամի հարցազրույցը, որոշել էր գալ և անձամբ ծանոթանալ հեղինակի հետ։ «Արամի այլախոհությունը հազվադեպ երևույթ է մեր օրերում․ հենց դա ինձ ստիպեց գալ, ձեռք բերել գիրքը և կարդալ այն»,-ասաց Հասմիկ Պապյանը։ 

 

Գիրքը ներառում է 27 պատմվածք կամ էսսե։ Ինքնուրույն էսսեներ են, որոնք, ներքին կապով կապվելով, վեպ են դառնում: Երբ կույր ես, ոչ բան չես տեսնում, ոչ մի արգելք չունես, առաջ ես գնում: Կետադրությունը՝ ընդհակառակը, արգելքներ է ենթադրում: Գիրքը երեք մասից է բաղկացած, և ամեն մասն ինչ-որ կոնկրետ թեմայի է առնչվում: Առաջին հատվածը կոչվում է «Տեսունակ կուրություն»: Ուղեղի հետ կապված հիվանդություն է, երբ մարդ նայում է, բայց չի տեսնում, որովհետև ազդակներն ուղեղին չեն հասնում: Երկրորդ մասը կոչվում է «Անհետացող քաղաքի քարտեզը»: Այս քաղաքում ապրում են կույրերը: Այս դեպքում քաղաքը փոխաբերական բնույթ է կրում, ոչ մի կոնկրետ քաղաքի մասին չէ: Վերջին հատվածն էլ կրում է «Կետադրության համընդհանուր պատմություն» խորագիրը:

 

«Գրականգետներն ինձնից քերականություն են սպասում, մտքերի ճիշտ հերթափոխ, սյուժե, սակայն ես չունեմ սյուժե: Մարդն ինքնին դուրս է սյուժե երևույթից: Գրականությունը հենց մարդն է։ Երբեմն գրողին հասկանալու համար բավական է լինել այն քաղաքում, որտեղ նա ապրել է, իսկ այս քաղաքը երբեք ձեզ չի հիշեցնի իմ մասին: Գրականությունը, որը ես ստեղծում եմ, կապված չէ այս տեղանքին: Այս գրականությունն անհայրենիք է»,- իր գրի մասին ասում է Արամը։ 

 

Ըստ հեղինակի գրականությունն ու բառերը մարդուն հնարավորություն են տալիս դուրս գալ քաղաքի տրամաբանությունից, ուր ժամանակն ու տարածությունը այլ կերպ են ընկալվում, և ընթերցողին միայն մնում է կարդալ ու տեսնել Սեփական Աչքի համաստեղությունը:

 

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն»-ը վաճառվում է բոլոր գրախանութներում։

 

Նյութը՝ Աննա Ավետիսյանի

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024