Կեղծված ընտրությունների պատասխանատուն

Արթուր Հայրապետյան Հուլիս 05, 2021

«Անսպասելի» ընտրության համար հասարակությանը մեղադրելուց առաջ նախ պարզենք, թե որքանով էր կազմակերպված միջոցառումը օրինակարգ: 

 

Հասարակությանը բարոյականության դասեր տալուց առաջ հիշենք, որ դրա նշաձողը պետք է սահմանի օրվա վերնախավը՝ իշխանությունը: 

 

Ի՞նչ կատարվեց Հայաստանում պատերազմից հետո: Իշխանությունը ոչ միայն չընդունեց սեփական մեղքը, ոչ միայն չուզեց հասկանալ, որ անընդունակ, անկարող է երկիր կառավարելու, այլև մեղավորներ փնտրեց ամենուրեք, վերակենդանացրեց նախկինների ուրվականը, լրատվական դաշտը, հեռուստաեթերը լցրեց անասելի ցածրակարգ աղմուկով, կառչեց պաշտոններից՝ առանց որևէ իրական գործ անելու: 

 

Պետությանը անվերականգնելի վնաս հասցրած մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանությունից չհեռացավ նախընտրական շրջանում, որովհետև նրան պետք էր վարչական ռեսուրսը: Այո՛, նա համոզված էր, որ առանց դրա չի կարողանալու հաղթել մրցակիցներին: Պաշտոնից չհեռացվեց նախկիններին ընտրակեղծիքների ծառայություններ մատուցած ԿԸՀ ղեկավարը, որովհետև նման վիրտուոզը պետք էր նաև ներկաներին: Բացի սրանից՝ իշխանությունն ուներ պետական բյուջե, այսինքն՝ փող, շատ փող, որով կարող էր կաշառել մանր ու մեծ չինովնիկների, հասարակության անապահով խավի ներկայացուցիչների: Ըստ տարածված լուրերի՝ անգամ զոհվածների հարազատներին էին համոզում փողով, փոխհատուցման մի մասը տալիս էին, մյուսն էլ խոստանում էին տալ ընտրվելու դեպքում: 

 

Կեղծիքների, վարչական ռեսուրսի օգտագործման մասին են վկայում հենց իրենք՝ ՔՊ-ականները: Այսպես.

 

1. Իշխանական կուսակցությունը մեղադրում է Երևանի քաղաքապետին, որ նա ընտրությունների ժամանակ իրենց չի աջակցել:

 

2. Պատժվում են համայնքապետեր, բուժհաստատությունների և դպրոցների տնօրեններ, որոնք նույնպես չեն աջակցել իշխանությանը: Գործը հասել է անգամ ֆիզիկական հաշվեհարդարի. Օձունի գյուղապետի մասին, կարծում ենք, բոլորը գիտեն:

 

3. Արագածոտնի մարզպետի պահանջով հրաժարական են տվել եզդիական համայնքների ղեկավարները, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդտեղ չի հաղթել:

 

4. Իշխանականները անթաքույց հայտարարում են, որ պետծառայողները պետք է ծառայեն ոչ թե պետությանը, այլ իրենց թիմին (Արայիկ Հարությունյան, Արմեն Գրիգորյան և այլք):

 

Այս հակաօրինական գործողությունները մի բան են ապացուցում: Իշխանությունը հատ-հատ գիտի, թե ով է ծառայել ՔՊ-ին և ինչպես: Այսինքն՝ վարչական ռեսուրսի օգտագործումն աննախադեպ է եղել: Աննախադեպ էին նաև ատելության խոսքի չափն ու որակը: Ընդ որում, սադրիչը վարչապետի ժ.պ.-ն էր: 

 

Ուստի արձանագրենք՝ մենք դարձյալ ունեցանք կեղծված ընտրություններ, դարձյալ ունեցանք երկրի ղեկավար, որ ամեն գնով կառչած է պաշտոնից:

 

Եթե Հայաստանի վիճակն այսքան ողբերգական չլիներ, գուցե նաև չարախնդալու առիթ ունենայինք՝ մտածելով, որ Ռ. Քոչարյանն ու Ս.Սարգսյանն իրենց մաշկի վրա են զգում կեղծված ընտրությունների ցավը: Գուցե նաև ասեինք, որ վատ օրինակը վարակիչ է, մի քիչ ծիծաղեինք, ու անցներ: Բայց Հայաստանը, ուրեմն մեզնից յուրաքանչյուրը անվտանգության լրջագույն խնդիրներ ունի, որոնք այս իշխանությունը լուծել չի կարող: Ընտրություններ կեղծող իշխանավորներն այսօր միայն մի բանի մասին են մտածում՝ իրենց անձնական անվտանգության…

 

Գրիգոր Խաչիկյան

Չորրորդ իշխանություն

Կիսվել