1897-ի հունվարին Կոմիտասը Բեռլինից Գևորգյան ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին գրում է. «Ուսուցչապետս միշտ կրկնում է. «Դուք ստեղծել եք երաժշտական ազնիվ և ինքնուրույն ոճ, որ կարմիր գծի պես ձեր ամբողջ գրվածքների և շարադրությանց մեջ պայծառ անց է կենում. այդ ոճը ես անվանում եմ հայկական ոճ, ասում է, որովհետև մեր երաժշտական ծանոթ աշխարհի համար նորություն է»: Կոմիտասը մոռացությունից փրկեց հայ գեղջուկի երգը: Նրա գործունեությունն այս տեսակետից համեմատելի է Մեսրոպ Մաշտոցի սխրանքի հետ: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի դիպուկ գնահատմամբ՝ «Ինչպես սուրբ Մեսրոպ քաոսեն դուրս բերավ և բյուրեղեց ձայները հայ բարբառին, և իր ազգին ու աշխարհին պարգևեց կոթողը հայերեն լեզուին, այնպես ալ Կոմիտաս վարդապետ՝ պեղեց,
մաքրեց և լույս աշխարհ բերավ կույս աղբյուրը հայ երգին: Եվ բազում տարիներ, անդուլ, անհոգնաբեկ, միշտ նոր ավյունով ու ստեղծարար տենդով, այդ աղբյուրեն հայ երգին լույսը բաշխեց իր ժողովրդին»: Իր ողջ կյանքում նա հավաքում ու գրառում էր հայ ժողովրդական երաժշտությունը, քուրդ ու թուրք ժողովրդական երգերը նույնպես: Սակայն իր կենդանության օրոք դրանք ամբողջությամբ հրատարակելու հնարավորություն Կոմիտասը չունեցավ...
Կոմիտաս Վարդապետ 1914թ. Կ. Պոլիս
#ԿՈՄԻՏԱՍ_150
#ՄերՄեծագույնՀանճար
#ՄերԻնքնություն