Կուսակցությունների մշտական «հայրը»

Արթուր Հայրապետյան Փետրվար 04, 2021

1994 թվականի հունիսի 28-ին Արծրուն Պեպանյանը «Հայք» թերթում հոդված էր հրապարակել, որի վերնագիրը ավելի քան խոսուն էր՝ «Բոլշեւիզմը՝ բոլոր կուսակցությունների հա՞յր»: Ուշագրավ է, որ «Հայքն» իշխող կուսակցության պաշտոնաթերթն էր՝ փաստ, որը խոսում է քիչ թե շատ ազատ բարքերի մասին. բոլշեւիզմն, անշուշտ, հատուկ էր այն ժամանակվա բոլոր կուսակցություններին, բայց ՀՀՇ-ն, ըստ երեւույթին, վերջնականապես «բյուրոկրատացված» չէր, եւ գոնե հանդուրժում էր իր բոլշեւիզմի մասին հիշատակումները: Շատ բան փոխվեց (դեպի վատը) նույն թվականի դեկտեմբերի 28-ից հետո, երբ արգելվեց Դաշնակցությունը: Մինչ այդ համեմատաբար «բուսակեր» մոտեցումն, ըստ երեւույթին, պայմանավորված էր նրանով, որ այն ժամանակվա իշխող կուսակցությունը թեեւ ընկղմվել էր մեղքերի մեջ, սակայն իր հիմքում ուներ որոշակի գաղափարներ եւ արժեքներ, որոնք 1994 թվականին դեռեւս վերջնականապես չէին մոռացվել: Դրանով այն տարբերվում էր հետագայում իշխող ՀՀԿ-ից. երբ 1998 թվականին Վազգեն Սարգսյանը, իսկ այնուհետեւ Սերժ Սարգսյանը «վերցրեցին» այդ կառույցը, զուտ «ձեւի համար» հանրապետականները խոսում էին «տարոնականության» եւ «նդժդեհականության» մասին, սակայն իրականում այն ծառայում էր ընտրությունների «ժողովրդավարական» բնույթն ապահովելու համար, այդ կուսակցության մեջ արդեն որեւէ գաղափար կամ արժեք չկար՝ «ՀՀԿ»-ն պարզապես կոռումպացված նոմենկլատուրայի անունն էր: Ազգային արժեքների այդ վարկաբեկմամբ է, ի դեպ, բացատրվում հասարակության շոշափելի մասի «անզգայացումը» հայրենիքի կորստի եւ հետագա ահավոր վտանգների վերաբերյալ: Երբ ներկայիս իշխանությունն ասում է՝ «Շուշի՞: Ի՞նչ Շուշի», «Արցա՞խ: Այսքանն էլ է հերիք. նախագահ կա՝ գնում-գալիս է», «Սյունի՞ք: Ոչինչ, դիմացեք ցավոտ խնդիրներին»՝ դա մեր քաղաքացիների մեջ ցասում չի առաջացնում: Եթե նժդեհականությունն իսկապես լիներ 10 տարվա պաշտոնական գաղափարախոսությունը, մարդիկ այդքան անտարբեր չէին լինի: ՀՀԿ-ն, այդպիսով, ամբողջությամբ բոլշեւիկյան կառույց է: Իսկ «Քաղպայմանագի՞րը»: Նման կուսակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Կա ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը լիարժեք ձեւով բոլշեւիկյան է եւ պատրաստ է կատարել «շեֆի» ցանկացած քմահաճույք: Պե՞տք է Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խնդիր չկա՝ մի՛շտ պատրաստ: Պե՞տք է «դատական բարեփոխումներ» անցկացնել, որպեսզի դատարանները վերջնականապես հայտնվեն գործադիր իշխանության գրպանում: Մեծ հաճույքով: Անհրաժե՞շտ է ընդդիմադիր լրատվամիջոցներին նեղելու համար փոխել «Զանգգվածային լրատվության մասին» օրենքը: Էս սհաթիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/04/1169138/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024