«Լավ, բա էս երկրի վերջը ի՞նչ է լինելու»

Արթուր Հայրապետյան Փետրվար 27, 2021

«Բայց Նիկոլն իր ասածը կանի՞, նախկիններին կպատժի՞»:

«Ճիշտն ասած, չգիտեմ, ու դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում՝ եթե պետք է, թող ամեն մեկին մի ծառից կախի: Նիկոլն իր արածն արեց՝ ունենք 4-5 հազար զոհված եւ կորցրել ենք Ղարաբաղի 70 տոկոսը»:

«Դրանում Նիկո՞լն է մեղավոր»: «Եթե ես զորամասի հրամանատար եմ, ու իմ հրամանատարության օրոք իմ զենքի պահեստը պայթում է, դրանում ո՞վ է մեղավոր»:

«Բայց ասում են՝ դավաճանություն է եղել, նե՜նց բաներ են պատմում…»:

«Ինձ թվում է, ոչ մի դավաճանություն էլ չի եղել, եղել է բարդակ»:

«Լավ, բա էս երկրի վերջը ի՞նչ է լինելու»…

Այս ամիսների ընթացքում նման խոսակցություն ես վարել եմ մի քանի տասնյակ անգամ: Իմ զրուցակիցներին ավելի քիչ է հետաքրքրում վերջին պատերազմում կրած դաժան պարտությունը, նրանց հուզում է՝ կմնա՞ Փաշինյանն իր աթոռին, թե՞ ոչ: Այսինքն՝ «բա Սերժի վախտ…», «բա որ նախկինները թալանում էին…» քարոզչական փաստարկն այնքան զորեղ է (օբյեկտիվ պատճառներով), որ դրա առջեւ «խամրում է» այն աղետը, որը պատահել է մեր երկրի ներկա իշխանությունների օրոք եւ նրանց մեղքով: Ըստ Marketing Professional Group ընկերության հարցման՝ Հայաստանում հարցվածների 38,8 տոկոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի գլխավորել կառավարությունը։ 43,6 տոկոսը համարում է, որ նա պետք է հրաժարական տա։

Անկեղծորեն խոստովանեմ, որ փողոցում ինձ խոսեցնում են մարդիկ, որոնք մտնում են 38,8 տոկոսի մեջ եւ առաջնորդվում են տաքսիստի վերոհիշյալ տրամաբանությամբ: Բայց մի քանի անգամ գրել եմ՝ ես որակն ավելի եմ կարեւորում, քան քանակը: Եվ այդ առումով հատկանշական էր հինգշաբթի օրը Փաշինյանին աջակցողների հանրահավաքը: Ըստ իշխանամետ հ/կ-ներից մեկի հաշվարկների՝ Հանրապետության հրապարակում հավաքվել էր մոտ 10 հազար հոգի: Թող այդպես լինի: Իսկ ո՞ր շերտն էր կազմում հանրահավաքի կորիզը` մարզպետները, չինովնիկները, պատգամավորները եւ շահագրգռված այլ անձինք հաշիվ չեն: Կորիզը կազմում էին հիմնականում իմ սերնդի մարդիկ, որոնք եկել էին «նախկիններին պատժելու» ու «թավիշին վերջ տալու» պահանջով: Իսկ հիմա հիշեք, թե ովքեր էին 2018 թվականի գարնանը ստեղծում նույն հրապարակի «աուրան»՝ պայծառ երիտասարդները (նաեւ իմ հարազատները), որոնք ոգեւորված էին նոր Հայաստան կերտելու հեռանկարով: Նրանց զգալի մասը կա՛մ անտարբեր են դարձել, կա՛մ էլ ավելի վատ՝ ֆեյսբուքում կոչ են անում վարչապետին հեռանալ (դարձյալ՝ եթե գրական ձեւակերպենք): Բոլորի կարծիքը կարեւոր է՝ ե՛ւ տաքսիստի, ե՛ւ չանչեր ցույց տվող տատիկի, ե՛ւ հիասթափված երիտասարդի: Բայց ավելի կարեւոր է, որ նրանք ապրեն Հայաստանում, ապրեն կողք կողքի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/27/1174188/

Կիսվել