Լավ եմ, չմտածե՛ք․ Խորենի զանգն ուշացավ, այս անգամ՝ ընդմիշտ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 30, 2020

19-ամյա Խորեն Հաջաթյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 17-ին, ծառայում էր Մարտունի 2-ում: Բանակից ու բանակային կյանքից երբեք չի դժգոհել Խորենը:

Մայրը՝ Ասյա Սահակյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է, որ որդին դեռ մանկուց է հայրենասեր եղել, իսկ ի՞նչ ես դառնալու հարցին պատասխանել՝ «զոհված ազատամարտիկ»: Արդեն գիտակից տարիքում Խորենի ցանկությունները չեն փոխվել. ուզում էր զինվոր դառնալ, հայրենիքի նվիրյալը լինել. հերոսի երազանքներն իրականացան, կյանքը նվիրեց հանուն հայրենիքի: Պատերազմից 3 ամիս առաջ՝ հունիսի 23-ից, Խորենը դիրքերում է եղել, զոհվել՝ հոկտեմբերի 23-ին.

«Զինակից ընկերներն են օգնության հասել, զորամասում էլ Խորենիս անվանում էին «նկարիչ Խորո», պատերազմի օրերին քարտեզներ է գծել: Ընկերներն ասում են՝ պետք է հպարտանաք, որ նման որդի ունեք, «խաղաղության աղավնի» էինք ասում իրեն, չէր թողնում, որ խեղճանայինք»,- պատմում է տիկին Ասյան: Մայրն ասում է՝ որդին ամեն օր զանգում էր, հուսադրում՝ «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է», բայց ինքը լավ գիտեր, որ թեժ մարտեր են ընթանում: «Խորենի ընկերներից պատմել են, որ նույնիսկ Ջաբրայիլում են եղել, ընկել՝ շրջափակման մեջ: Տղերքին էլ անընդհատ ոգևորել է, ասել՝ հաղթելու ենք, իսկ մի անգամ էլ Ջաբրայիլից զանգել, բղավում էր՝ մա՛մ ջան, դիրքը տվեցինք, բայց հետ կբերենք»,- հիշում է տիկին Ասյան: 10:15-10:30 ընկած ժամանակահատվածում Խորենի հարազատներն արդեն գիտեին, որ ուր որ է՝ նա կզանգի: Մայրը նշում է՝ զանգում էր, արագ-արագ խոսում. «Ասում էր՝ լավ եմ, չմտածե՛ք, մա՛մ ջան, վաղը կզանգեմ, նաև հասցնում էր ասել, որ ծառայակից ընկերների ծնողներին փոխանցեմ, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է»: Հոկտեմբերի 22-ին Խորենը խոսել է հայրիկի հետ, իսկ հոկտեմբերի 23-ին, ցավոք, սպասված զանգը ուշացավ հավերժ: Հարազատներն անհանգստացել են, զանգել Խորենին հաց հասցնող տղային, որի հեռախոսահամարից զանգում էր Խորենը. «Ասաց, որ 06:45-ի հարձակման ժամանակ Խորենը զոհվել է Ֆիզուլիում․․․»։ 20 օր շարունակ Խորենի մարմինը չեն գտել, դեմքն անճանաչելի է եղել, ԴՆԹ թեստավորում են արել, ապա՝ հաստատել.

«Հուղարկավորեցինք նոյեմբերի 15-ին, տեսնում էինք, որ Խորենս էր, բայց չէինք ուզում հավատալ, ուզում էինք շարունակել նրան փնտրել... հազար երազանք անավարտ մնաց»...

Թալինից Երևան տեղափոխված Խորենը սովորում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապագա ճարտարապետ էր: Կատակասեր ու հանգիստ բնավորությամբ Խորենը 15 տարեկանից աշխատել էր, օգնել ընտանիքին: «Անչափ բարի էր Խորենս, ոչ մեկին վատություն չէր արել, միշտ գոհ էր ամեն ինչից ու կյանքով լեցուն, ապրում էր իր վաստակած գումարով, մեզ էլ նեղություն չէր տալիս»,- ընդգծում է հերոսի մայրը: Մայր ու որդի միշտ ոգևորել ու հույս են տվել միմյանց, տիկին Ասյայի մտքով անգամ չի անցել, որ որդին կարող է զոհվել: Խորենի քույրն ու եղբայրը սպասումով ու հույսով են, որ իրենց հերոսն ամռանը վերադառնալու է...

Արփինե Հակոբյան

Կիսվել