Լուսինե Հովհաննիսյան. «Տղանե՛ր, չե՞ք ուզում մեռնել Բայրաքթարի տակ»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 04, 2020

«Տղանե՛ր, չե՞ք ուզում մեռնել Բայրաքթարի տակ»

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան

Հաղաթանակ։ Պարտություն։ Տարածքներ։

Իսկ հետո նոր՝ զոհ, մարդ, վիշտ, մարդու ողբերգություն։

Եթե կհակադարձեք, որ այդպես չէ, կապացուցեմ այսպես․ «դավաճան» ասում եք միայն հող հանձնելու համար․ «դավաճան, հողերը հանձնեցիր», «դավաճան, Շուշին տվեցիր»։ Չի հնչել՝ «դավաճան, երեք հազար (և ավելի) զինվորն ո՞ւր են»։ Առայժմ պաշտոնապես 2718 զոհ և անթիվ կորածներ։ Մենք հազարավոր զինվորներ հրթիռների տակ թողնելու համար դավաճան բառը չենք ասում, միայն՝ հողերի։ Այստեղ չկա բամբասանք ու չճշտված տեղեկություն։ Միայն չոր փաստեր․ Նոյեմբերի 17-ին ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարում է․ «․․․Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եմ նշանակվել հունիսի 8-ին և, արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց՝ նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները։ Մասնավորապես նշել եմ, որ․ 1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան։ Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»։ Պատերազմից, որտեղ մենք պաշտոնական տվյալներով այսօր կորցրել ենք 2718 զինվոր, իսկ ոչ պաշտոնականով՝ մոտ 5 000, ոչ միայն չենք խուսափել քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղելով դրան, ոչ միայն չենք հետաձգել այն, այլև ամեն ինչ արել ենք նպաստելու համար։ Փաստ․ հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ «Ադրբեջանի այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար, Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեց։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով ու ուժի սպառնալիքներով և հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են ու չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»։ Այս նախաադասությունները նա ասում է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերոնշյալ զեկույցից հետո։ Այս նախադասությունները հնչեցրած վարչապետը մոտ երկու ամիս անց՝ հոկտեմբերի 3-ին, ուղերձով դիմում է ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ ասելով․ «Հարձակման մասշտաբներն աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազամական փորձագետների՝ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում, հակամարտության գոտիներից որևէ մեկում։ Այսօր մենք մեր ժողովրդին պետք է պաշտպանենք ցեղասպանությունից, եթե մենք ոտքի չկանգնենք, մենք բոլորովս ենթակվելու ենք ցեղասպանության, սա ասում եմ պատասխանատու, բայց նաև ասում եմ, որ այսօր Հայաստանի քաղաքացին Դեր զորի ճամփորդը չէ։ Եվ իրավիճակը վերլուծելով եկել եմ այն եզրակացության, որ այսօր մեր բանակի ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարում զորացրված մեր տղաներն են, ես ուզում եմ կոչով դիմել, որ վերջին մեկ տարում բանակից զորացրված մեր տղաները այս պահից սկսած ներկայանան կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն հայոց բանակին, զինվորագրվեն այս նոր Սարդարապատին, ես արդեն անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ։ Իհարկե կա անվտանգության խնդիր, ես հիմա հրապարակային եմ խոսում և հակառակորդը նույնպես տեսնում է դա․ իհարկե դա որոշակի կազմակերպչական աշխատանքներ է պահանջում, բայց այդտեղ կկազմակերպեն, որ մեծ կուտակումներ չլինեն։ Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում մարտական ծառայություն անցկացնելու, այլ իրենք հրավիրվում են կենաց մահու պայքարի, և ովքեր պահել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան զինվորական հագուստներով․․․ ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այդ մարդկանց խնդրում եմ, որ իրենք որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հանվաքակայան»։ Այսպիսով, հողը հանձնելու դավաճանության մեղադրանք ներկայացնող հասարակությունը, բացարձակ անհասկանալի շրջանցում է երիտասարդ տղաների հանդեպ գործած հանցագործությունը, որոնք գնում էին կռվելու «ադրբեջանաթուրքական համահավաք ռազմական ներուժի դեմ», ինչի մասին զգուշացնում էր Օնիկ Գասպարյանը հուլիսի 12-ին՝ դարակներում մնացած զինվորական հագուստով։ Հա, չմոռանա՛ք նաև զինվորական տաք վերնահագուստ վերցնել, եթե զրահաբաճկոն, բան լինի՝ դա էլ վերցրեք, որ միանգամից չմեռնեք, սաղավարտ էլ եթե գտնեք՝ ավելի լավ, մի քանի օրից կմեռնեք, քանի որ մենք կռվում ենք ադրբեջանաթուքական համահավաք ռազմական ներուժի դեմ՝ ծանոթներից վերցրած սաղավարտով։ Անհասկանալի տրամաբանությամբ սա հասարակության կողմից չի դիտարկվում որպես ամենաառաջին դավաճանաություն, որովհետև, եթե դու քո ԶՈՒ ԳՇ պետի զեկուցումից մանրամասն տեղյակ ես, որ չես ունեցել և չունես այն ժամանակակից զենքերը, որով արդեն հազարավոր տղաներ պատերազմի առաջին օրերին մնացել են հրթիռների կարկուտի տակ, դու կանչում ես մյուսներին ու առանց զենքի, առանց սաղավարտի ուղարկում ես մարտադաշտ, դու դավաճանում ես նրանց։ Նրանցից շատերը, ամաչելով, որ հայրենիքը վտանգի մեջ է, գնում են՝ առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, առանց նույնիսկ տաք ձմեռային վերնագհագուստի, որովհետև դեռ հոկտեմբերի սկզիզբն է՝ տաք եղանակ, իսկ այնտեղ արդեն ցուրտ է։ Եվ մենք այսօր քննարկում ենք միայն հողը։

Այդ հողը ինձ համար ավելին է, քան հայկական տարածք, բայց մի երկիր, որը սկզբում դավաճան է ասում հող հանձնելու համար, հետո նոր հազարավոր երիտասարդների հրթիռների տակ մեռնելու կոչ անելու համար, այն հրթիռների, որոնցից դու չունես, ու գիտես, որ չունես, ու գիտես, որ այդ հրթիռների տակ ավտոմատով կռիվ չեն անում, կամ անում են միայն արդեն խելագարված զինվորները։ Այս ուղերձը նման էր սովետական մի ֆիլմի վերնագրի, բայց շատ սարսափելի համատեքստում․ ֆիլմը կոչվում էր՝ «Աղջիկս, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում»։ Միայն թե այս պայմաններում վարչապետի ուղերձը նման էր՝ «տղանե՛ր, չե՞ք ուզում մեռնել Բայրաքթարի տակ»։ Կամ՝ «տղանե՛ր, չե՞ք ուզում պայթել F 16-ի ռումբերից»։ Մնում էր ավելացնել՝ մի՞թե չեք ուզում։ Այս դավաճանության համար, երբ դու նախապես գիտես, որ «ադրբեջանաթուրքական համահավաք ռազմական ներուժի» դեմ պայքարելու ունակ չես, և քո միակ ելքը քաղաքական-դիվանագիտական ողջ ներուժը պատերազմից խուսափելուն պետք է ուղղված լիներ կամ, գոնե պատերազմը հետաձգելուն, և դու դա անելու փոխարեն անում ես ճիշտ հակառակը, իսկ մեծ արյունահեղության առաջ կանգնած լինելու պահին դու ուղերձով դիմում ես դեռ ողջ, բայց մեկ-երկու օրից պոտենցիալ զոհերին ու հորդրորում հավաքել այն ամենը, ինչ պիտի ունենար քո բանակը, և չունի անգամ դա, ու մեկնել հրթիռների տակ մեռնելու, հասարակությունը տրամաբանորեն պետք է պատասխանատվության ենթարկեր, իսկ նա միայն վանկարկում է՝ «դավաճան» հանձնված հողերի համար։ «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստում ես ներակայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այն ինտենսիվությամբ վարվող գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»,- նոյեմբերի 17-ին հայտնում է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ այն կանգնեցնելու հնարավորությունը մերժող վարչապետը մի քանի անգամ ուղերձով դիմում է զինապարտության տարիքի տղամարդկանց ճակատ մեկնելու կոչով։ Այո՛, իհարկե նա որպես գերագույն գլխավոր հրամանատար պարտավոր էր դա անել, բայց այն դեպքում, երբ ԶՈՒ ԳՇ պետի զեկույցից հետո հետևողականորեն կատարել է նրա հորոդրները ողջ քաղաքական-դիվանագիտական ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն։ Այո՛, նա որպես գլխավոր գերագույն հրամանատար պարտավոր էր անելու այդ կոչը, բայց ոչ այն դեպքում, երբ հրաշալի գիտեր՝ ինչ զենք ունի իր բանակը, և ինչ զենքով է կռվում թշնամին։ Եվ վերջապես, նա չուներ իրավունք այդ կոչն անելու, որովհետև պատերազմի ընթացքում մի քանի անգամ բաց էր թողել պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը, որոնցից մեկը՝ հոկտեմբերի 19-ին։ Այսքանից հետո այդ կոչը միմիայն հնչում է այսպես՝ « տղաներ, չե՞ք ուզում մեռնել Բայրաքթարի տակ»։ Երբ վերջնական կհրապարակվի զոհերի իրական թիվը, իրականությունը երևի կստիպի հասկանալ, որ պետության հաջորդ ղեկավարը բոլոր բաներից առաջ պարտավոր է մտածել զինապարտ տղամարդկանց ողջ մնալու մասին, անգամ պատերազմի ժամանակ հնարավորինս շատ ողջ մնալու մասին։ Որովհետև հազարավոր տղաներ կորցրած երկրում անգամ եթե հողը չի հանձնվում ՝ մարդ չի ապրում, գյուղերը դատարկ են մնում, տները մի օր փլվում են անտերությունից, երեխաներ չեն ծնվում, կանայք ուրախ չեն լինում, կյանքը մեռնում է, ու չհանձնված տարածքների վրա մամուռ է աճում, որը մի օր հայտնվում է պատահաբար այդ կողմերով անցնող զբոսաշրջիկի Canon-ի օբյեկտիվի մեջ։ Մի ամաչեք ասել, որ ամենակարևորը զինվորի ողջ լինելն է, ամենասարսափելին՝ զոհված զինվորի մայրը, ամենամեծ դավաճանությունը՝ հազարավոր զինվորներին հրթիռների տակ թողնելը, այն հրթիռների, որոնցից չունեինք։ Եվ գիտեինք, որ չունեինք։ Մի՛ ամաչեք ասել, որ չեք ուզում մեռնել։ Եվ ընդհանրապես, այս սոսկալի պատերազմը, որից չէինք տեսել, մեր աչքի բիբերի մեջ մտցրեց մի փաստ, որը չտեսնելու համար հնարամտորեն խոսում էինք բարդ տերմիններով, օտար բառերով, որ զարմանալի թվանք, «հայաթի» վայրագ բառապաշարով էինք խոսում, որ զարհուրելի ու ազդեցիկ թվանք, ասույթներով ու թևավոր խոսքերով էինք խոսում, որ իամստուն թվանք։ Բայց չէինք ասում՝ հարգելի հայ հասարակություն, դու վաղուց չես կրթվում լրջորեն, դու քեզ խաբում ես դրսում երկամսյա քաղաքագիտական ծրագրերով, քո լավ ծրագրավորողներն ու ճարտարագետները դրսում են, որովհետև միայն դրսում կարող են անել այն կարիերան, որին արժանի են, ու ստանալ այն գումարը, որին արժանի են։ Քո դպրոցները տկարամիտ են, ու դա գիտի դպրոցի ցանկացած ուսուցիչ, պարզապես չեն կարողանում անկեղծ լինել, քո բուհերում սովորում են գյուղից քաղաք եկած ու այդ փաստով շատ ուրախացած պատանիներ ու աղջիկներ, որոնցից միայն մի քանի հոգի է դառնում մասնագետ ու հրաշալի մասնագետ։ Քո բուհերում սովորում են քաղաքում ծնված, բայց շատ սահմանափակ աչոնիկներ ու տղաներ, որոնք ձգտում են կրթություն ստանալ, բայց ոչ թե կրթվել խորապես, որովհետև դա ծանր ու երկար ընթացք է։ Ու քանի որ քո բուհերում սովորում են թերուս ուսանողներ, թերուս դասախոսները շատ ինքնավստահ են զգում իրենց ու մեծ, գիտական կոմֆորտի մեջ են։ Պատերազմից հետո կարող ենք ինքներս մեր ակնաբիբը մտցնել մի փաստ՝ մեր հասարակական-քաղաքական դաշտի գերակշռող հատվածը հանուն ճշմարտության սուտ է խոսում։ Տասնամյակներով։ Մենք միշտ թույլ ենք նաև այդ պատճառով:

 

Այսպիսի պայմաններում չի լինում լավ հայրենիք, լինում է արնաքամ հայրենիք՝ ինչն էլ ստացանք, պարտված հայրենիք։ Մի՛ վախեցեք նայել իրականության երկու աչքի մեջ միանգամից։ Հիմա՞ ինչից եք վախենում։ Մի՛ արտասանեք էլ ոչ մի բանաստեղծություն։ Մի՛ երգեք վաղուց դարն ապրած ֆիդայական երգեր, որովհետև մեր «լաոն» երկար ժամանակով գնաց քնելու։ Մի՛ արթնացրեք նրան ձևական։ Նա կարթնանա, երբ մեր բուհերը աշխարհի բուհերի ցանկում 986543-րդ տեղում չեն լինի, երբ ֆիզիկայի ֆակուլտետը պատերազմի համար ցանց չի գործի, այլ կիրագործի այն մոռացված միֆը, որ մեր երկիրը Սովետական Միությունում ֆիզիկայի ոլորտում ամենահայտնիներից էր։ Սկսենք լուրջ կրթության քայլերը կամ պատրաստ լինենք մի օր մեռնելու այս շատ գովերգված Հայկական լեռնաշխարհի մեր նախընտրած որևէ լեռան ստորոտում։ Ինչպես տեսանք, դա այնքան էլ անիրական սպառնալիք չէ։ Կրթություն, միայն լուրջ կրթություն, մրցունակ կրթություն։ Գիտություն և միայն գիտություն։ Արդյունաբերություն՝ ռազմական և մնացած։ Հրավիրե՛ք լավագույն պայմաններով դրսի լավագույն մեր հայրենակիցներին, ոչ թե բաժանենք փողերը հաջորդ իշխանության մերձավորներին ու թիմակիցներին, որոնք արդեն դեմ չեն լինի այդ նույն պարգևավճարներին ոչինչ չանելու ու բավական երկար խոսելու դիմաց։ Ով կկարողանա իրականցնել սա, նա էլ կլինի երեք միլիոնի նախընտրելի վարչապետի թեկնածուն՝ անժամկետ։ Ինքներս մեզ արգելենք խոսել նյութից, որին չենք տիրապետում խորապես, այնքան խորապես, որ կկարողանանք այդ նյութի բարձրակարգ մասնագետների ներկայությամբ վստահ խոսել, ու միայն այդ դեպքում թույլ տանք մեզ հրապարակային բացատրել նյութի բովանդակությունը։ Միայն այդ դեպքում մեր ուղեղը կազատագրվի մի երևույթից, որը հոգեբուժության մեջ կոչվում է «էխոլալիա»՝ խոսքի կրկնություն։ Էխոլալիան նորմալ երևույթ է մինչև երեք տարեկանը, երբ երեխան պատճենած կրկնում է լսածը։ Հետո՝ լուրջ հոգեկան խնդրի ախտանիշ է։ Մեր վերլուծական, հրապարակային միտքը մի հզոր քաղաքական-հասարակական էխոլալիա է՝ քչից-շատից լսած մտքերի կապկում, թութակի սինդրոմ, որից ոչ մեկի խորքային բովանդակությունը չենք զգում, բացատրությունը գիտենք՝ անգրագետ չենք, բայց բովանդակությունը արտասանում ենք առանց դրա խորության հատակը շոշափելու, առանց զգալու․ մոտավորապես այդպես էլ առանց զգալու սկսել ենք արտասանել «զոհված ժամկետային զինծառայող» կապակցությունը։ Քաղաքում քայլելիս զգացե՛ք նրանց բացակայությունը ամեն փողոցում ու սրճարանում, հիշեք նրանց արյունոտ կանաչ համազգեստները Ջեբրայիլի ու մնացած դաշտերում, պատկերացրե՛ք նրանց մորը այդ բոթը ստանալու պահին, կարդացե՛ք նրանց կենսագրությունը, որտեղ վերջին զանգից բացի բան չկա գրելու, ու մի փորձեք շեղել ձեզ, որ շարունակեք ապրել։ Միգուցե այդպես զգաք, որ ամենամեծ դավաճանությունը զինվորին մահվան ուղարկելն էր «անհամաչափ զինված», «ադրբեջանաթուրքական համահավաք ռազմական ներուժի դեմ», «պատերազմի աստված հրետանիով» Բայրաքթարի դեմ, որ բառացի նշանակում է «դրոշակակիր»՝ տան մի դարակում պատահաբար մնացած սաղավարտ գտնելով հընթացս։ Մի՛ փախեք իրականությունից, ու ամեն օր արթնանալիս հիշեք, որ տղաները «գյոռբագյոռ 2020»-ի զոհերն են՝ գավառական մեծախոսության զոհերը։

 

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

SIVILNET.AM

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024